Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն
- 1670x1113px - 938 Կբ
- 1670x1113px - 958 Կբ
- 1670x1113px - 959 Կբ
- 1670x1113px - 553 Կբ
- 1670x1113px - 859 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 629 Կբ
- 1670x1113px - 835 Կբ
- 1670x1113px - 623 Կբ
- 1670x1113px - 487 Կբ
- 1670x1113px - 395 Կբ
- 1670x1113px - 431 Կբ
- 1670x1113px - 422 Կբ
- 1670x1113px - 395 Կբ
- 1670x1113px - 526 Կբ
- 1670x1113px - 662 Կբ
- 1670x1113px - 667 Կբ
- 1670x1113px - 548 Կբ
- 1670x1113px - 508 Կբ
- 1670x1113px - 489 Կբ
- 1670x1113px - 453 Կբ
- 1670x1113px - 528 Կբ
- 1670x1113px - 511 Կբ
- 1670x1113px - 535 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1670x1113px - 626 Կբ
- 1670x1113px - 580 Կբ
- 1670x1113px - 581 Կբ
- 1670x1113px - 645 Կբ
- 1670x1113px - 692 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 299 Կբ
- 1670x1113px - 642 Կբ
- 1670x1113px - 649 Կբ
- 1670x1113px - 621 Կբ
- 1670x1113px - 358 Կբ
- 1670x1113px - 386 Կբ
- 1670x1113px - 444 Կբ
- 1670x1113px - 427 Կբ
- 1670x1113px - 492 Կբ
- 1670x1113px - 487 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
- 1670x1113px - 434 Կբ
- 1670x1113px - 438 Կբ
- 1670x1113px - 927 Կբ
- 1670x1113px - 457 Կբ
- 1670x1113px - 478 Կբ
- 1670x1113px - 360 Կբ
- 1670x1113px - 502 Կբ
- 1670x1113px - 439 Կբ
- 1670x1113px - 409 Կբ
- 1670x1113px - 374 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 670 Կբ
- 1670x1113px - 533 Կբ
- 1670x1113px - 711 Կբ
- 1670x1113px - 684 Կբ
- 1670x1113px - 644 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
- 1670x1113px - 688 Կբ
- 1670x1113px - 696 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 924 Կբ
- 1670x1113px - 1018 Կբ
- 1670x1113px - 620 Կբ
- 1670x1113px - 667 Կբ
- 1670x1113px - 357 Կբ
- 1670x1113px - 365 Կբ
- 1670x1113px - 436 Կբ
- 1670x1113px - 413 Կբ
- 1670x1113px - 345 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 410 Կբ
- 1670x1113px - 377 Կբ
- 1670x1113px - 412 Կբ
- 1670x1113px - 384 Կբ
- 1670x1113px - 418 Կբ
- 1670x1113px - 413 Կբ
- 1670x1113px - 421 Կբ
- 1670x1113px - 511 Կբ
- 1670x1113px - 801 Կբ
- 1670x1113px - 725 Կբ
ևս 79 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար:
Տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի և ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենն, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել: Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք և պետք է լինենք միասին»,- ասել է վարչապետը:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:
***
Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:
Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնները բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով դեռևս ոչ բոլորն են դրանց հավատում: Վարչապետ ընտրվելուց հետո հրավիրել եմ գործարարների շրջանակի և արել հետևյալ հայտարարությունը. որևէ գործարար շրջանակ ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներ»,- նշել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն այսօր բախվում է մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում եղած քաղաքականության հետ: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ ստիպված են եղել գործել այն տրամաբանության շրջանակում, որում եղել են տնտեսական կոռուպցիան, հովանավորչությունն ու մենաշնորհները: Վարչապետի կարգավիճակում իմ առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան: Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ գործադիրը հիմա ստիպված է մի շարք հարցեր պարզաբանել աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների հետ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: «Երբ ինչ-որ ոլորտում կան խնդիրներ, պետք է հասկանալ, թե ինչ սխալներ են արել կառավարությունը կամ ընկերությունները: Շատ դեպքերում ընկերությունների և կառավարության միջև կնքված գործարքներում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահն ընդհանրապես հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքն ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև նա պետք է իր շահերից հանդես գա, և պետության ու ժողովրդի շահերը պետք է պաշտպանեին այն պաշտոնյաները, որոնք բանակցում էին Հայաստանի անունից: Բայց մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի: «Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը` երաշխավորելով, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է: «Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն: Հայաստանի կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակաշրջանում այս պայմանն ապահովել, որովհետև ունի հայ ժողովրդի լիարժեք վստահությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է MEDEF-ի անդամների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական իրավիճակին, առկա ենթակառուցվածքներին, մեր երկրում էներգետիկայի, ճանապարհաշինության, սննդի արդյունաբերության, դեղագործության, աղբի վերամշակման և այլ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություններին և հեռանկարներին:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին, ովքեր վարչապետին են ներկայացրել խորհրդի գործունեությունը: Նրանք նշել են, որ դրա նպատակն է համակարգել ներհամայնքային գործունեությունը, պայքարել Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, պաշտպանել Ֆրանսիայի հայկական համայնքի շահերն ու ներկայացնել միասնական տեսակետ հանրային քաղաքականության կարևոր հարցերում: Վարչապետը ողջունել և կարևորել է խորհրդի գործունեությունը և հայկական հարցերի շուրջ հետևողական քայլերի իրականացումը:
***
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` Ելիսեյան պալատում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիմավորման արարողությունից, ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Էմանուել Մակրոնը ողջունել է վարչապետ Փաշինյանին Ելիսեյան պալատում և կարևորել նրա այցը Ֆրանսիա` համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի ու նոր թափ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում: Նշելով, որ ընդամենը մեկ ամիս անց պետական այցով ժամանելու է Հայաստան` Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է` իրենց արդեն երկրորդ հանդիպումը վկայում է այն մասին, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ապահով ձեռքերում են և շարունակելու են ընդլայնվել և խորանալ՝ ի շահ երկու երկրների։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական կապերի խորացմամբ և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն վերընթաց զարգանալ բոլոր ոլորտներում՝ քաղաքական կանոնավոր երկխոսություն, միջխորհրդարանական ակտիվ կապեր, ապակենտրոնացված դինամիկ շփումներ, տնտեսական համագործակցություն, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական և այլ բնագավառներում ծրագրերի իրականացում, բավականին ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ: «Համոզված եմ, որ մեր հանդիպումը նոր որակ կհաղորդի մեր առանձնաշնորհյալ հարաբերություններին, որոնք հիմնված են դարավոր պատմական բարեկամության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկա ցումը և հավելել, որ այն ՀՀ անկախությունից ի վեր Երևանում կայացող կարևորագույն իրադարձություններից մեկն է: Կառավարության ղեկավարը վերահաստատել է ՀՀ իշխանությունների լիակատար հանձնառությունը գագաթաժողովի հաջողությունն ապահովելու հարցում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Ֆրանկոֆոնիայի հեղինակության և ազդեցության հետագա բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հոկտեմբերի 10-ին գագաթաժողովի շրջանակներում Երևանում կայանալիք ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացումը, որն ուղղված է խթանելու ձեռներեցների միջև շփումները և փոխգործակցությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և կարևորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրնե րի, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հան գու ցալուծ մանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռքբերմանը հասնելու համար:
Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ֆրանսիայան հարաբերությունների համընդգրկուն օրակարգն ավելի մանրամասնորեն քննարկել Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում:
***
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև հաստատվել են առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ։
Հանրապետության վարչապետը և Փարիզի քաղաքապետն ընդգծել են գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցության կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական կլինի, ինչն անպայման կտա իր պտուղները։ «Հայաստանի նոր ղեկավարությունը նպատակադրված է ոչ միայն պահպանել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլև նոր շունչ ու դինամիկա հաղորդել երկկողմ համագործակցության օրակարգին»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, որում մեծ է տիկին Իդալգոյի անձնական ներդրումը։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ տեղյակ է երկու քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա կապի, ինչպես նաև Երևանի հետ լավագույն փորձը կիսելու Փարիզի պատրաստակամության մասին։ Վարչապետի խոսքով՝ աշխարհի ամենալավ կառավարվող քաղաքներից մեկի՝ Փարիզի փորձը արժեքավոր է բոլոր բնագավառներում։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանի նոր քաղաքապետի հետ կառուցողական երկխոսություն կհաստատվի և համագործակցության կոնկրետ արդյունքներ կարձանագրվեն։ Նշելով, որ այս տարի տոնելու ենք մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ վարչապետը վերահաստատել է Անն Իդալգոյին Հայաստան այցելելու հրավերը՝ լինի դա Երևանի 2800-ամյակի միջոցառումներին, թե իրեն հարմար մեկ այլ առիթով։
Անն Իդալգոն ևս կարևորել է հայ-ֆրանսիական կապերի շարունակական զարգացումն ու խորացումը և դրվատանքով խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` վարչապետին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ Անն Իդալգոն տեղեկացրել է ստարտ-ափերին Փարիզի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող օժանդակության ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել այս ոլորտում փորձի փոխանակում իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ: «Երևանը հատուկ տեղի ունի փարիզեցիների սրտում, եւ մենք շահագրգռված ենք էլ ավելի ամրացնել Հայաստանի մայրաքաղաքի հետ կապերը»,- ասել է Անն Իդալգոն:
Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ Փաշինյան, ուրախությամբ եմ ողջունում Ձեզ և տեսնում, որ ֆրանսահայ համայնքի բազմաթիվ ծանոթ դեմքեր կան այստեղ: Շատ ուրախ եմ հյուրընկալելու Ձեզ և շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ արձագանքեցիք հրավերին: Անկեղծորեն ուրախ եմ, որ Փարիզի և Հայաստանի միջև բարեկամությունը խորն է: Մենք ունենք ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա, որը պետք է կառուցենք: Ներկան այն երիտասարդությունն է, որ ոտքի կանգնեց Ձեզ հետևելու համար, ոտքի կանգնեց ժողովրդավարության համար և իր ապագայի համար, և խաղաղ քայլերթն է, որ Ձեզ Գյումրիից Երևան բերեց և խաղաղ քամին է, որ փչում է Ձեր երկրում: Այսօր կա մի սերունդ, որ կիսում է Ձեր հսկայական պատասխանատվությունը: Այսօր մեզ միավորում է երիտասարդությունը, ընդամենը մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Ձեր երկիրը ներշնչեց մեզ: Դա հնարավորություն կտա հազարավոր փարիզեցիների պատրաստվել թվային ստեղծագործության մեջ` բարության, հարգանքի և վստահության մթնոլորտում: Մենք շատ աշխատեցինք և ընտրել ենք Փարիզի մի գեղեցիկ մշակութային հաստատություն, որի տնօրենին, ինչպես նաև Մարի Լու եւ Բեկոր Փափազյաններին, ցանկանում եմ ողջունել, որ ընդունեցին այս մարտահրավերը: Մենք ունենք ներկան ու ապագան միասին կառուցելու մարտահրավեր, պետք է բազմապատկենք ծրագրերը և համատեղ կյանքի կոչենք: Գիտեմ, որ մենք ցանկանում ենք կառուցել ավելի ժողովրդավար, ավելի արդար, ավելի նորաստեղծ հասարակություններ: Պարոն վարչապետ, գիտեմ, որ Դուք էլ գիտեք պայքարի գինը։ Եկեք միասին հասնենք մեր նպատակներին»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Հարգելի տիկին քաղաքապետ, հարգելի հայրենակիցներ, սիրելի ներկաներ, մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ հանդես գալ ձեր առաջ Փարիզի քաղաքապետի ներկայությամբ, այս պատմական շենքում: Քանի որ տիկին Իդալգոն իր ելույթում մի քանի անգամ հիշատակեց վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, ես ինձ իրավունք կվերապահեմ մի քանի զուգահեռներ անցկացնել և այսօրվա հանդիպումը տեղավորել տեղի ունեցողի համատեքստում: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն, ըստ էության, սկսվեց Ֆրանսիայի հրապարակից, որի կենտրոնում տեղադրված է Ռոդենի գլուխգործոցներից մեկը, որը Ֆրանսիան նվիրել է Հայաստանին: Մեր հանրահավաքները տեղի էին ունենում այդ քանդակի շուրջ, և ամեն անգամ օրվա մեջ մի քանի անգամ զգուշացնում էի, որ այս արձանը արվեստի գլուխգործոց է, և մեր մեծագույն խնդիրը ոչ միայն իշխանափոխություն անելն է, այլև այնպես անել այնպես, որ այդ գլուխգործոցը չվնասվի: Եվ իհարկե, ամեն անգամ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին ելույթ ունենալիս ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ: Եվ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ես ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց միևնույն ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, թե ինչքան մեծ տառապանքներ են բերել մարդկանց այդ հեղափոխությունները: Եվ Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը վերհիշելով` շատ հստակ խնդիր ձևակերպվեց մեր առաջ` անել այնպիսի հեղափոխություն, որը կբերի առաջընթացի, կբերի փոփոխությունների, կբերի նոր հնարավորությունների, որը կբացառի մարդկանց տառապանք բերելու նոր ալիք: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը, մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության: Եվ մեզ հաջողվեց իրականացնել սիրո և համերաշխության հեղափոխություն, անել հեղափոխություն հանուն քաղաքացիների երջանկության, ազատության ու առանց որևէ մեկին տառապանք պատճառելու: Ես կարծում եմ, որ այս հեղափոխության գաղափարը և այն փաստը, որ Թումո կենտրոն է բացվելու Փարիզում, Մոսկվայում, Լիբանանում, Տիրանայում, Բեռլինում, ցույց է տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը։ Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի, իր նպաստը բերել մարդկային կյանքն ավելի ազատ, ավելի երջանիկ, ավելի հանդուրժող, ավելի քաղաքակիրթ դարձնելու համար: Եվ մենք քայլում ենք այս ճանապարհով, ամեն օրվա հետ ավելի վստահ ենք քայլում այդ ճանապարհով, և, ըստ էության, մենք քայլում ենք»:
***
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:
Վարչապետ Փաշինյանն այս համատեքստում ընդգծել է Սևանի ջրային պաշարների և Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարևորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:
«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը: Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետևյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, և այլևս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային և այդ ժողովուրդն այլևս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու և երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլևս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը և քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»:
Այնուհետև ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից: Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի:
Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»: