- 1670x1113px - 497 Կբ
- 1670x1113px - 510 Կբ
- 1670x1113px - 350 Կբ
- 1670x1113px - 393 Կբ
- 1670x1113px - 358 Կբ
- 1670x1113px - 362 Կբ
- 1670x1113px - 376 Կբ
- 1670x1113px - 399 Կբ
- 1670x1113px - 387 Կբ
- 1670x1113px - 383 Կբ
- 1670x1113px - 306 Կբ
- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 461 Կբ
- 1670x1113px - 421 Կբ
- 1670x1113px - 486 Կբ
- 1670x1113px - 424 Կբ
- 1670x1113px - 355 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1670x1113px - 539 Կբ
- 1670x1113px - 665 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 457 Կբ
- 1670x1113px - 515 Կբ
- 1670x1113px - 516 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 383 Կբ
- 1670x1113px - 386 Կբ
- 1670x1113px - 849 Կբ
- 1670x1113px - 690 Կբ
- 1670x1113px - 524 Կբ
- 1670x1113px - 607 Կբ
- 1670x1113px - 381 Կբ
- 1670x1113px - 365 Կբ
- 1670x1113px - 366 Կբ
- 1670x1113px - 492 Կբ
- 1670x1113px - 513 Կբ
ևս 33 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հուլիսի 17-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
* * *
Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Բելառուսի և Ղրղզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում:
Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։
Միության շրջանակում մեր համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի մեր բոլոր երկրների և ժողովուրդների միջև: Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար:
Այս համատեքստում չեմ կարող չնշել «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում:
Սիրելի բարեկամներ,
Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում:
Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:
Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:
Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:
Սիրելի ընկերներ,
Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է:
Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ:
Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ):
Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս:
Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին:
Շնորհակալություն»։
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:
Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և ներդրումային ծրագրեր մշակելիս:
Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
* * *
Մինսկում տեղի է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը:
«Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներ: Արդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարում: Թվում է, թե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված է: Դուք դա ինձնից վատ չեք զգում: Հետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», - ասել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երկար ժամանակ մենք չենք հանդիպել` կորոնավիրուսի պատճառով: Հուսով եմ, որ մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունի, և մենք կանոնավորապես կհանդիպենք, ինչպես նախատեսված է:
Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների վերացման վերաբերյալ զեկույցը: Եվ կարող եմ ասել, որ բավականին լավ արդյունքներ ունենք: Կարող եմ Հայաստանի օրինակը բերել: Մենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենք: Մի որոշումն արդեն ուժի մեջ է մտել, մյուսն ընդունվել է, բայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ:
Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտ, մեր մյուս գործընկերներն էլ: Մենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալ, և ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել է: Քննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄ-ի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: Մենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշման: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում:
Լավ հանդիպում էր, ճիշտ է ձգձգվեց, բայց կարծում էմ, որ աժեր այդքան աշխատել ծրագրերի վրա, քանի որ կոնկրետ հարցեր որոշվեցին: Այդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիս: Գիտեմ, որ կան կոնկրետ հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համար, կան հարցեր, որոնք հատկապես հետաքրքիր են Հայաստանին: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակում, բոլոր հարցերը կլուծվեն: Մենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:
ՀՀ վարչապետը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին է նվիրել «Հայ մարտիկները Բելառուսի ազատագրման մարտերում (1941-1944 թթ.)» գիրքը, որը լույս է տեսել Բելառուսի` ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի տոնակատարության շրջանակներում, ինչպես նաև Հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցման «ԱՆԻՎ» հիմնադրամի անմիջական մասնակցությամբ ստեղծված «Մեծ Հաղթանակի հրամանատարները․ «Բագրատիոն» գործողություն» ալբոմը, որում զգալի մաս է նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական ներդրմանը ազատագրման գործում:
* * *
Մինսկում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ ի վերջո հանդիպել, քանի որ կորոնավիրուսի պատճառով մեր մի քանի պոտենցիալ հանդիպումներ հետաձգվել են և իհարկե երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք մի շարք հարցեր: Կարծում եմ` մեր հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնք կրում են դաշնակցային, ռազմավարական բնույթ, զարգանում են ըստ ծրագրվածի, իհարկե մենք ունենք հագեցած օրակարգ:
Ի դեպ, 2019 թվականը եղել է շատ արդյունավետ, քանի որ մեր երկրների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ առևտրաշրջանառությունը գերազանցել է երկու միլիարդ դոլարը և նախորդ տարի մենք ունեցել ենք 14 տոկոսի աճ: Հունվար-փետրվարին այդ տեմպը շարունակվեց, բայց ցավոք կորոնավիրուսի հետ կապված մենք կորրցրել ենք տեմպը, սակայն ես վստահ եմ, որ շատ շուտով այն կվերականգնենք:
Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»:
Իր հերթին, ՌԴ կառավարության ղեկավարն ասել է. «Շնորհակալություն հարգելի Նիկոլ Վովայի, ես նույնպես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Ալմաթիում հունվարին և ոչ մեկ անգամ քննարկել մեր երկկողմ հարաբերությունները: Իհարկե, ցավալիորեն համավարակը փոփոխություններ է մտցրել մեր համագործակցության վրա, այդ թվում` Հայաստանի հետ: Երկկողմ առևտրաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով` կորոնավիրուսի հետևանքով, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք դուրս գալ կայուն աճի վրա արդեն տարեվերջին և դրա համար կան բոլոր նախադրյալները:
Ինչ վերաբերում է մեր մշակութային, հումանիտար, պատմական կապերին, ապա մենք շարունակում ենք իրականացնել նախատեսված բոլոր միջոցառումները:
Այն չորս ազատությունները, որոնց մասին այսօր խոսում էիք Դուք, հանդիսանում են մեր Միության խորհրդանիշը, դրանք կստանան նոր զարգացում մեր պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք բերեցինք այսօր»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: