Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն

04.02.2021 - 05.02.2021

ևս 23 լուսանկար



Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուլուկբեկ Մարիպովին Ղրղզստանի վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջող գործունեություն։ Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Ղրղզստանն սերտ համագործակցություն ունեն երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինտեգրացիոն միավորումների շրջանակում, և Հայաստանը հետաքրքրված է գործընկերային կապերի խորացմամբ։

Ղրղզստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերության սերտացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, և պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը:

Նիկոլ Փաշինյանը և Ուլուկբեկ Մարիպովը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման և ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում այսօր Ալմաթիում մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Մասնակիցների շարքում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ:

Ֆորումի լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա ՀՀ վարչապետը համաժողովի մասնակից մյուս երկրների կառավարությունների ղեկավարների հետ միասին ծանոթացել է թվային նախագծերի թանգարանում ներկայացված աշխատանքներին։

Թվային համաժողովի լիագումար նիստում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ելույթս ցանկանում եմ սկսել Ղազախստանին ուղղված շնորհակալական խոսքով՝ թվային հերթական համաժողովը կազմակերպելու համար: Համաժողովը դարձել է թվային տնտեսության արդիական հարցերի քննարկման ավանդական հարթակ:

Ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր է խաղում պետության մրցունակության, անվտանգության և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործում: Բարձր տեխնոլոգիաներ ստեղծող և զարգացնող երկրներն առաջատար դիրքեր են զբաղեցնում միջազգային ասպարեզում: Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես արդյունավետ և ներկայացուցչական պետական կառավարման համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և առաջանցիկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործիք:

Բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է: 2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով: 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով: Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան:

Համավարակը չափազանց բարդ մարտահրավերներ է առաջացրել հասարակության, բիզնեսի և կառավարության համար: Ստիպված էինք լուծել դրանք կարանտինի կամ լիակատար լոք-դաունի (արգելափակման) պայմաններում: Նման պայմաններում աշխատելու անհրաժեշտությունը բերեց ինչպես կառավարման նոր մշակույթի ներդրմանը, այնպես էլ թվային տեխնոլոգիաների և լուծումների լայն կիրառմանը: Ֆիզիկական շփման սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ վերջիններս դարձան առավելագույնս կարևոր և պահանջված գործնականում պետական կառավարման ողջ շղթայում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ:

Հայաստանում մենք կիրառել ենք թվային տեխնոլոգիաները, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային կառավարման գործիքները: Ցանկանում եմ նշել, որ համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբերը որոշվել են բարձր աստիճանի ճշգրտությամբ, իսկ աջակցության միջոցառումների գործարքներն իրականացվել են հնարավորինս սեղմ ժամկետում:

Մենք նախատեսում ենք պետական տվյալների, էլեկտրոնային ծառայությունների, էլեկտրոնային կառավարման համակարգերի, թվային գործընթացների համակարգման քաղաքականության ներդրում և զարգացում, ընդհանուր չափանիշների և թվային միջավայրի ստեղծում։ Կառավարությունը խրախուսում է տնտեսության մասնավոր հատվածում թվային տեխնոլոգիաների կիրառումը խթանող էլեկտրոնային գործիքների օգտագործումը։

Հայաստանում թվայնացման ներկայիս գործընթացն իրականացվում է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ընդհանուր թվային օրակարգի առկայությունը: Ստեղծվում է տվյալների բազաների միջև փոխգործողության հարթակ, որն օպտիմալացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակման գործընթացները և մեծ թվով հանրային ծառայությունների թվայնացումը:

Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Միության երկրները կարողացան կիրառել թվային տեխնոլոգիաները` համավարակի պատճառով ծագած խնդիրների մի մասը հաղթահարելու համար: Խոսքը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» թվային հարթակի մասին է, որը փաստացի փետրվարի 1-ից վերականգնեց քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև: Հայաստանն ի սկզբանե աջակցել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նախագծին, և մենք շնորհակալ ենք Հիմնադրամի և Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունների մեր գործընկերներին՝ այս ծրագրի շրջանակում համատեղ ակտիվ աշխատանքի համար:

Մենք պետք է ակտիվ առաջ շարժվենք այլ համատեղ թվային նախագծերի իրագործման ուղղությամբ՝ այդ նպատակով օգտագործելով վերազգային կառույցների և զարգացման ինստիտուտների հնարավորությունները: Համատեղ նախագծերի իրականացումից բացի, նաև պետք է աշխատենք արդեն առկա հաջողված լուծումները տարածելու ուղղությամբ: Իսկ մեր երկրներից յուրաքանչյուրում դրանք քիչ չեն:

Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար և համընդգրկուն թվայնացումը: Դրա համար պետք է օգտագործել էլեկտրոնային ծառայությունների ողջ սպեկտրը՝ բջջային հեռախոսներ, ցանցային ծառայություններ, ամպային տեխնոլոգիաներ և այդպես շարունակ: Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար: Համապատասխան բջջային հավելվածը կարող է «մեկ պատուհանում» հավաքել ԵԱՏՄ ողջ տարածքում աշխատատեղերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, հնարավորություն տալ լրացնել և ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ընտրված աշխատանքն ունենալու համար:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը և փորձի փոխանակումը թույլ կտան վստահորեն առաջ ընթանալ թվային տեխնոլոգիաների բոլոր ճյուղերում, հասնել հաջողության և ցանկալի արդյունքների:

Շնորհակալություն ուշադրության համար»:

* * *

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Համատեղ արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Թույլ տվեք ելույթս սկսել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Ուզակպաևիին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի կազմակերպման համար:

Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ասկար Ուզակպաևիին՝ Նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունների վերահաստատման կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը հետայսու ևս կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, իսկ բազմակողմ ձևաչափով` համաձայնեցված որոշումների մշակմանն ու իրականացմանը, որոնք այդ թվում միտված կլինեն նաև Եվրասիական միության ներուժի զարգացմանը:

Նաև ցանկանում եմ շնորհավորել Ուլուկբեկ Ասամիդինի Մարիպովին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
Սրտանց ողջունում եմ դիտորդի կարգավիճակով մասնակցող երկրների՝ Ուզբեկստանի, Մոլդովայի և Կուբայի Հանրապետությունների ներկայացուցիչներին: Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր կազմակերպության աճող միջազգային նշանակությունը: Եվ սա ևս մեկ լավ առիթ է` հերթական անգամ վերահաստատելու դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախագծերի շրջանակում:

Հարգելի գործընկերներ,

անցած ժամանակահատվածի գլխավոր արդյունքների շարքում ես կառանձնացնեի Միության՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը: Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ինտեգրացիայի զարգացման՝ փաստաթղթում արտացոլված ուղղությունների հետագա իրագործման տեսանկյունից: Այս առումով կցանկանայի ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը:

Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության Թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում:

Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից և կարևոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում:

Հարգելի գործընկերներ,

նիստի քննարկմանն առաջարկված հարցերի առնչությամբ կցանկանայի կանգ առնել հետևյալ թեմաների վրա:

Անկասկած, ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար: Այստեղ կարևոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսևորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ:

Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով:

Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:

Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:

Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա:

Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԵԱՏՄ-ում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք նախանշված են Ղազախստանի նախագահության շրջանակում և միտված են եվրասիական ինտեգրման առաջմղմանը ու Միության զարգացմանը։

Շնորհակալություն ուշադրության համար»:

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը քննարկել են նիստի օրակարգի մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Միության ներքին շուկաների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, ԵԱՏՄ մաքսային տարածքում արձագանքման միջոցների կիրառման հարցերին։ Հաստատվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ցեղային անասնաբուծության ոլորտում սելեկցիոն աշխատանքի վերլուծության և համակարգման կարգը։

Կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

← Վերադառնալ