Արտերկրյա այցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

31.05.2021 - 02.06.2021

ևս 64 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին:

Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Ռիշար Ֆերանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում` Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: «Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ` հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը: «Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:

Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր:

* * * 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին:

Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին:

Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:

Նաև շատ կարևոր հարց է պատմամշակութային ժառանգության պահպանությունը ԼՂ-ում և շրջակա տարածքներում։ Թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական ժառանգությունը պետք է անպայման պահպանվի։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին, Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որ կողմերը հասնեն դեէսկալացիայի և հաստատեն երկխոսություն:

Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:

Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով:

Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:

Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:

Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի համար: Եվ այսօր ինչպես նշեցիք՝ շատ լայն օրակարգ ունենք քննարկելու: Ես ուզում եմ նախ ընդգծել, որ Ֆրանսիայի նախագահը դեռ վաղուցվանից ունի այց նախատեսված Հայաստանի Հանրապետություն, որը նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով տեղի չունեցավ: Հույս ունեմ, որ մենք միասին կորոնավիրուսի և մյուս ճգնաժամերը կհաղթահարենք: Սիրով սպասում եմ աշնանը, սպասում ենք Ձեզ Երևանում, պարոն նախագահ:

Ֆրանսիան ու Հայաստանն ունեն առանձնաշնորհեալ հարաբերություններ և շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական աջակցությունը: Շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ նախագահ Մակրոնը մեր տարածաշրջանում ճգնաժամի մեկնարկի առաջին օրից խոսել է ճշմարտության լեզվով և այդ ձայնը լսելի է եղել ամբողջ աշխարհում: Սա շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան և նախագահ Մակրոնն այդ հանձնառությունը շարունակում է, և սա չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու առումով:

Ուզում եմ ընդգծել, որ կարևորում ենք Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և չափազանց կարևոր է համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հարցի ու տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման, երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Շատ ուրախ եմ, որ պատերազմի ավարտից հետո արդեն համանախագահները երեք հայտարարություն են արել, որով ըստ էության, արձանագրում են իրենց պատրաստակամությունը փոխադարձաբար ներգրավելու և վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները:

Իհարկե այսօր մենք կքննարկենք նաև այդ հնարավորությունները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այս ընթացքում ցուցաբերած նաև մարդասիրական աջակցության համար, բայց մենք ընդգծում ենք Ֆրանսիայի տնտեսական ներգրավվածության կարևորությունը: Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր՝ ենթակառուցվածքային, էներգետիկ, տնտեսական, որոնցում Ֆրանսիայի ներգրավվածությունը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ուրախ եմ արձանագրել, որ Ֆրանսիայի կառավարությունը և նախագահ Մակրոնն անձամբ նույնպես հետաքրքրված են այդ ծրագրերում ներգրավվածությամբ:

Շատ կարևոր եմ համարում նաև Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական նախանձախնդրությունը մեր տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման գործում, հատկապես և այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

Եվ իհարկե, այս բոլոր ուղղություններով շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի ներգրավվածությունը և Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը շահագրգրված է այդ ներգրավվածության մեծացմամբ, մանավանդ որ, կրկին եմ ասում, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում ունի պատասխանատվություն և ներգրավվածություն` տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և երկարատև կայունության ապահովման գործում: Եվ ուրախ եմ, որ այդ շահագրգռվածությունն ու հետաքրքրությունը պահպանվում է:

Կրկին անգամ, մեծարգո պարոն նախագահ, սիրելի Էմանուել, շատ ուրախ եմ նաև անձնական առումով այսպիսի շփման հնարավորություն ունենալու համար և համոզված եմ, որ այսօրվա մեր քննարկումները կծառայեն ի շահ մեր երկրների բարեկամության ու մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության: Այդ գործում Ձեր դերն իսկապես չափազանց կարևոր է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը բանակցությունները շարունակել են առանձնազրույցի շրջանակում` քննարկելով ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցերը, տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացոումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:

Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

* * *

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու քայլերը: Ժերար Լարշեն նշել է, որ Սենատը ևս քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ և կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ»,- ասել է պարոն Լարշեն` ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են փաստաթղթի ընդունումը: «Ծանր իրավիճակում դա կարևոր նշանակություն ունեցավ, Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ միայնակ չէ դժվարին պայքարում: Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին ու ՄԽ-ն առավել կակտիվանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկել են նաև նախագահ Մակրոնի հետ:

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերն ու անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել: Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: «Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն:

* * *

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:

Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ:

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներին, արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին և հայրենիքին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը։

Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

* * *

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։

Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համաձայնագրի «Ճանապարհային քարտեզի» շրջանակում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաև հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:

Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը և ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Բելգիայի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և այս համատեքստում կարևորել բարձր մակարդակի շփումները:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դե Կրոն ընդգծել են երկու պետությունների կառավարությունների շահագրգռվածությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Այս առումով կարևորվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսված «Ճանապարհային քարտեզի» միջոցառումների արդյունավետ իրականացումը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների օրակարգը, առանձնակի կարևորել ոստիկանության ոլորտում բարեփոխումները։ Ալեքսանդր Կրոն կարևորել է ժողովրդական բարեփոխումների իրականացումն ու ընդգծել ԵՄ հանձնառությունը՝ շարունակելու Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը բարեփոխումների հարցում։

Ալեքսանդր Դե Կրոն կարևորելով Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը՝ նշել է, որ նախատեսվում է Բելգիայի առևտրային առաքելության այցը ՀՀ, որը կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այցը ծրագրվում է Բելգիայում հայկական համայնքի հիմնադրման 100-ամյակի տոնակատարության միջոցառումներին զուգահեռ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրիչ գործողություններին և ընդգծել Հայաստանի ինքնիշխան տարածքից վերջիններիս ելման դիրքեր դուրս գալու և իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը: Բելգիայի վարչապետը նշել է, որ մտահոգություն է առաջացնում տեղի ունեցողը և խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Երկուստեք կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում վերսկսումը:

← Վերադառնալ