Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Բրյուսել

14.12.2021 - 15.12.2021

ևս 36 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։

Այսօր կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։

* * *

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:

Երկուստեք ընդգծվել է վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների ու այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի կարևորությունը: Այս առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

ՀՀ վարչապետը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

* * *

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը` ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին:

ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:

Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ: Վարչապետի խոսքով` պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով:

Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Մայա Սանդուն ևս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը: Մոլդովայի նախագահը կարևորել է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռեֆորմների իրականացման գործընթացում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը և Մայա Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, այսօր կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

* * *

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և շեշտել, որ դրանք կրելու են հետևողական ու հաստատակամ բնույթ:

Յանեզ Յանշան ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը` հավելելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը նոր ազդակ կարող են հաղորդել կապերի ամրապնդմանը: Սլովենիայի վարչապետի խոսքով` առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու կյանքի կոչմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական խորհրդում, մասնակցել է Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են ԱԼԳ մասնակից պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի առաջնորդները, ինչպես նաև Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարները:

Մինչ լիագումար նիստի մեկնարկը տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:

Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

ԱԼԳ 6-րդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է երկու կառավարությունների միջև ակտիվ փոխգործակցությունը` փոխշահավետ ծրագրերի առաջ մղման նպատակով: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ընդգծվել է մարտահրավերներին համատեղ դիմագրավելու պատրաստակամությունը և խնդիրների լուծման ուղղությամբ սերտ և արդյունավետ գործակցության անհրաժեշտությունը:

* * *

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

← Վերադառնալ