Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

19.04.2022 - 20.04.2022

ևս 120 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: 

* * *

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստթղթերի ստորագրում:

Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում:

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:

Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:

Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:

Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:

* * *

ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառաության և Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համագործակցության ծրագիր,

«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,

«Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն անցնելու վերաբերյալ» արձանագրություն,

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին» ծրագիր,

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»,

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր:

* * *

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:

1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմաբնույթ փոխշահավետ դաշնակցության զարգացման դրական դինամիկան: Նաև քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ փոխգործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր:

2. Կողմերը, պատմական նշանակություն տալով պետությունների միջև 1992թ. ապրիլի 3-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հաստատեցին միջպետական հարաբերությունների համապարփակ խորացման և ընդլայնման մտադրությունը 1997թ. օգոստոսի 29-ի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրում և 2000թ. սեպտեմբերի 26-ի Դեպի 21-րդ դար ուղղված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսաստանյան հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը նպաստելու է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների արմատական հետաքրքրությունների և ձգտումների իրագործմանը, տարածաշրջանային անվտանգության և կայության ամրապնդմանը, երկու երկրների միջազգային հեղինակության ամրապնդմանը:

3. Առաջնորդները համաձայնեցին, որ 2022թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին առնչվող համատեղ միջոցառումների կազմակերպումը կծառայի երկկողմ փոխգործակցության առաջմղմանը, դրա ռազմավարական ուղղվածության և առանձնաշնորհյալ բնույթի ամրագրմանը: Պայմանավորվեցին, հոբելյանի կապակցությամբ անցկացնել Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում, Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը Հայաստանում, հայ-ռուսաստանյան բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրումը Երևանում և մի շարք այլ միջոցառումներ, որոնք կսերտացնեն մեր ժողովուրդների միջև միջմարդկային շփումները:

Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

4. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը նշեցին բարձրագույն մակարդակով վստահության մթնոլորտում կանոնավոր երկխոսության առաջնահերթ կարևորությունը: Այդ կապակցությամբ ընդգծվեցին Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն ներկայիս պաշտոնական այցի այժմեականությունը և նշանակությունը փոխշահավետ քաղաքական կապերի հետագա ամրապնդման, միջգերատեսչական փոխանակումների ընդլայնման, առևտրատնտեսական փոխգործակցության և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացման, Հարավային Կովկասում իրադրության կարգավորման և կայունության բարձրացման համար:

Հաստատվեց տարբեր մակարդակներով երկկողմ արտաքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման փորձառության օգտակարությունը: Շեշտադրվեց հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակության պահանջվածությունը: Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը:

5. Առաջնորդները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով: Ընդգծվեց առևտրի անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ձևաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

6. Նշվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից: Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ:

Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա:

Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները:

Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը:

Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:

Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը:

7. Կողմերը մտադրություն հայտնեցին նպաստել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև գործնական փոխգործակցության խորացմանը, այդ թվում ամենամյա միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ: Աջակցություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների և մունիցիպալ միավորների միջև խաչաձև կապերի հաստատմանը:

8. Առաջնորդները հաստատեցին նոր կորոնավիրուսային COVID-19 վարակի, այլ վտանգավոր վարակների և կենդանիների վարակների տարածման դեմ պայքարին ուղղված համատեղ գործողությունները շարունակելու մտադրությունը: Անթույլատրելի համարեցին համավարակի թեմայի քաղաքականացումը, արտահայտվեցին COVID-19-ի հետևանքների հաղթահարման համար համընդհանուր ջանքերի և վարակիչ հիվանդությունների տարածումը թույլ չտալու օգտին:

9. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում:

10. Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը:

11. Առաջնորդները ընդգծեցին կենսաբանական անվտանգության ապահովման բնագավառում Երևանի և Մոսկվայի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում 2021թ. մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար:

12. Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն հայտնեցին շարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության խեղաթյուրման դեմ պայքարը: Պայմանավորվեցին մեծացնել ռասիզմի, այլատյացության, նեոնացիզմի, ինչպես նաև ազգային, լեզվական կամ կրոնական խտրականության, այդ թվում Հայաստանում և Ռուսաստանում բնակվող քաղաքացիների և հայրենակիցների իրավունքներին և օրինական շահերին առնչվող ցանկացած դրսևորումներին հակազդելու ուղղությամբ ջանքերը:

13. Առաջնորդներն արտահայտվեցին մշակույթի և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտպանության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության հետագա խորացման օգտին: Այս համատեքստում կարևոր գործիքներ են՝ Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խումբը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025թթ. համար համագործակցության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության միջև 2022-2023թթ. համար սպորտի բնագավառում փոխըմբռնման հուշագրի իրականացման գործողությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարության միջև 2022-2023թթ. համար շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը:

Ընդգծվեց Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի և Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ապահովման կարևորությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների և ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման հաշվին:

14. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը ֆունդամենտալ գիտության բնագավառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրա՝ պահանջվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ: Պատրաստակամություն հայտնեցին խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազոտական ինստիտուտների կապերը և նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպես նաև նպաստել գիտության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացմանը:

15. Առաջնորդներն արտահայտվեցին երկու երկրների միջև երիտասարդատական փոխանակումների ակտիվացման օգտին՝ հիմնվելով հայ-ռուսաստանյան երիտասարդական ֆորումների և Երևանի համար գերակա համարվող մասնագիտություններով և Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի միջոցների հաշվին նախապատրաստական ուղղություններով բարձրագույն կրթության ռուսաստանյան կրթական կազմակերպություններում ուսուցման համար Հայաստանի քաղաքացիների ընդունելության մեխանիզմների վրա:

16. Փաստեցին «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երևանում ռուսական գրքի տան և Կ.Ս.Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացվող օգտակար աշխատանքը մշակույթի և կրթության ոլորտներում շփումների սերտացման համար: Արտահայտվեցին երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացման, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների, փառատոնների և Հայաստանի և Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայությունների կազմակերպման օգտին:

17. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը պայմանավորվեցին նպաստել Ռուսաստանում հայկական սփյուռքի և Հայաստանում ռուսաստանյան սփյուռքի ներուժի բացահայտմանը՝ երկկողմ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդման և երկու երկրների սոցիալական նշանակության նախաձեռնությունների իրականացման նպատակով: Ընդգծվեց սփյուռքի միավորումների գործունեության կարևորությունը տարբեր էթնիկ խմբերի միջև ազգամիջյան միասնության, ազգամիջյան համաձայնության և վստահության պահպանման և ամրապնդման առաջմղման համար:

18. Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղությամբ, ամրապնդել համակարգումը և աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը:

19. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը:

20. Կողմերը արտահայտվեցին Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափում փոխգործակցության՝ բոլոր ուղղություններով հետագա խորացման օգտին, այդ թվում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով:

21. Առաջնորդները նշեցին հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան համընդգրկուն, իրավահավասար և ներկայացուցչական միջազգային համակարգի զարգացմանը՝ ուղղված խաղաղության, ժողովրդավարության և բոլոր ժողովուրդների բարգավաճման առաջմղմանը: Կողմերը կներդնեն անհրաժեշտ ջանքեր ՄԱԿ շրջանակներում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով:

22. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը խոր մտահոգություն հայտնեցին միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Այդ կապակցությամբ Կողմերը մտադիր են հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով: Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին: Նշում են սպառազինությունների վերահսկման ճարտարապետության ոչնչացման և ի վնաս այլոց անվտանգության միակողմանի ռազմական առավելություններ ստանալու նպատակով գործողությունների անթույլատրելիություն, ինչը խաթարում է հավասար և անբաժանելի անվտանգության հիմնարար սկզբունքը, հանգեցնում հակասությունների և առճակատման:

23. Կողմերն ընդգծեցին միջազգային ահաբեկչությանը՝ բոլոր ձևերով և դրսևորումներով, վերջինիս հետ կապված ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի, սպառազինությունների և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառությանը հակազդելու, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, ինչպես նաև երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով համատեղ ջանքերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսական սնուցման աղբյուրների և ուղիների արգելափակման ջանքերի ուժեղացման պահանջված լինելը:

24. Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:

Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։

25. Ն.Վ.Փաշինյանն և Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:

26. Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ:

27. Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:

28. Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով:

Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը:

29. Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

30. Կողմերը նշեցին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որը կոչված է տրամադրել լրացուցիչ հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների միջև երկխոսության առաջմղման և բազմապլանային համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վստահություն հայտնեցին, որ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսաստանյան բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը:

Ն.Վ.Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վ.Վ.Պուտինի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելության համար և հաստատեց ռուսաստանյան առաջնորդին հասցեագրված Երևան այցելելու իր հրավերը՝ 2022թ. երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կապակցված: Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց:

* * *

Շարունակվում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ապրիլի 20-ի առավոտյան Վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:

Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները:

Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տաիս:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Վալենտինա Մատվիենկոն ողջունել է վարչապետին Դաշնության խորհրդում և նշել, որ միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի: Տիկին Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար: «Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի անդամները վաղը մեկնում են Երևան անցկացնելու արդեն 34-րդ նիստը»,- ասել է Մատվիենկոն: Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը, ՀԱՊԿ գործունեության 30-ամյակը: «Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում նաև միջխորհրդարանական կապերը»,-ասել է վարապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վարչապետի խոսքով` նույնիսկ հաջողված ձևաչափերում պետք է մտածել, թե աշխատանքներն ինչպես կարելի է կազմակերպել առավել արդյունավետ, հատկապես երբ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա զարգացման, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կրթության, մշակույթի և հումանիտար այլ հարցերի շուրջ:

* * *

ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը։ Երեկ կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դուք ձեռք եք բերել լայնածավալ պայմանավորվածություններ երկուստեք համագործակցության ամրապնդման մասին՝ գրեթե բոլոր ուղղություններով, որոնք կան մեր երկու երկրների օրակարգերում։ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները բարձր մակարդակում կայացած որոշումների իրականացման համար» ։

ՌԴ վարչապետի խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին գործընկերների և ներդրող երկրների շարքում: «Ուրախացնում է այն փաստը, որ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ 600 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ կազմելով 430 միլիոն դոլար։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 միլիարդ դոլարը։ Մենք հետաքրքրված են երկկողմ համագործակցության զարգացման, նոր նախագծերի իրագործման հարցում, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, գյուղատնտեսությունը և թվային տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները»,- ասել է Միշուստինը՝ հավելելով, որ նմանատիպ նախաձեռնություններով զբաղվում է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը։

ՌԴ վարչապետն առաջարկել է արագացնել Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նոր ծրագրի ստորագրման գործընթացը։ Միշուստինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում կարևորել է երկկողմ առևտրում ազգային արժույթների առավել ակտիվ օգտագործումը, արդյունաբերական կոոպերացիաների օգտագործումը, առևտրի նոր հնարավորությունների ստեղծումը:

«Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածությունների կատարմանը` տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ: Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի հետագա զարգացմանը, կայունությանն ու խաղաղությանը` ի շահ Հարավային Կովկասի երկրների: Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ցուցաբարել հումանիտար օգնություն, այժմ Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի միջոցով ստեղծվում են պայմաններ` փախստականների` իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու, օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասել է Միխայիլ Միշուստինը:

Իր խոսքում ՌԴ վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության ոլորտում սերտ փոխգործակցության շարունակականության ապահովումը:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ռուսաստանի Դաշնություն և պետք է ասեմ, Դուք ճիշտ նկատեցիք, որ այն անցնում է շատ հաջող: Երեկ մենք Վլադիմիր Վլադիմիրիի հետ քննարկեցինք մեր միջպետական հարաբերությունների ողջ ծավալը, անցկացրեցինք շատ արդյունավետ բանակցություններ, ձեռք բերեցինք կարևոր պայմանավորվածություններ: Ռուսաստանը համարվում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը և մեր առևտրաշրջանառությունն ու առևտրատնտեսական կապերը շարունակական աճում են: Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Էներգետիկայի ոլորտում ունենք համագործակցության հարուստ փորձ և ռազմավարական ծրագրեր, որպեսզի զարգացնենք այդ բնագավառը: Իհարկե, տրանսպորտի և այլ ոլորտներում մենք ունենք կոնկրետ ծրագրեր և երեկ Վլադիմիր Վլադիմիրիի հետ պայմանավորվեցինք, որ միջկառավարական հանձնաժողովը պետք է դառնա հիմնական հարթակը` տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր նախարարությունները բավականին լավ համագործակցում են, միջկառավարական հանձնաժողովը նույնպես ակտիվ գործում է, վերջերս Երևանում տեղի ունեցավ նիստ: Կարծում եմ, որ ընթացիկ իրավիճակում հայտնվում են ընդհանուր մարտահրավերներ, նաև հնարավորություններ, որոնք պետք է գրանցել, փորձել օգտագործել: Ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն` քննարկելու որոշ կոնկրետ թեմաներ և հնարավոր է հաջողվի հանգել կոնկրետ լուծումների»:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ՀԱՊԿ 30-ամյակը, Հայաստանի ու ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: «Այս հոբելյանական տարում ունենք միջոցառումների հարուստ ծրագիր, ինչն առաջին հերթին լավ հնարավորություն է նշելու հոբելյանները, ինչպես նաև վերլուծելու անցած ճանապարհը, հասկանալու, արդյոք հասցրել ենք հասնել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել, ինչպես նաև տեսնելու, թե որտեղ չենք հասցրել, մեր համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ»,- նշել է վարչապետը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գերատեսչությունների միջոցով սերտորեն աշխատել` դրանք կյանքի կոչելու և հայ-ռուսական տնտեսական կապերը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նիժնի Նովգորոդ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։

ՀՀ կառավարության ղեկավարը նախ այցելել է «Գազ» մեքենաշինական ընկերության գործարան, որտեղ ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել արտադրանքին:

Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում` ծաղկեսպակ դրել անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում և եղել Միքայել Հրեշտակապետի տաճարում:

Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ` քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Գործադիրի ղեկավարը եղել է նաև տեղի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում` կատարել մոմավառություն:

Նիկոլ Փաշինյանը Նիժնի Նովգորոդ այցը եզրափակել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքներին, պատասխանել տարբեր հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, Հայրենիքում ներդրումային ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է:

← Վերադառնալ