Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

16.05.2022 - 16.05.2022

ևս 23 լուսանկար



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: 

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ:

Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Ալեքսադր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր, և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթնաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը:

Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի:

Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը:

Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին:

Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն Եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»:

Այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն ամփոփող փաստաթղթեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաճափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, և կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարևոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը:

Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:

← Վերադառնալ