Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Կատարի Պետություն

13.06.2022 - 14.06.2022

ևս 107 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն:

Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:

Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

* * *

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում:

Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:

Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

* * *

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։

Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ:

Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։

Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը:

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

* * *

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու այն հեռանկարային նախագծերի մասին, որոնց իրականացման ուղղությամբ հնարավոր է հաստատել սերտ համագործակցություն:

Մանսուր Ալ-Մահմուդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած գործակալությունը պատրաստ է արդյունավետ փոխգործակցություն հաստատել հայկական կողմի հետ:

* * *

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամմեդ Բին Աբդուլ Ռահման Ալ-Թանիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

* * *

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահի առաջին տեղակալ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:

* * *

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Վարչապետ Փաշինյանը Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիին է հանձնել Հայաստանի Հանրապետության Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Հայր Էմիրը շնորհակալություն է հայտնել պարգևի համար և ընդգծել, որ շարունակելու է առավել ջանքեր գործադրել` նպաստելու երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար:

Վարչապետ Փաշինյանը և Հայր էմիրն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Կարևորվել է ինտենսիվ կապերի պահպանումը` հայ-կատարական համագործակցությունն առավել բազմակողմ դարձնելու նպատակով:

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության այլ հարցեր:

* * *

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Գրադարանում վարչապետին դիմավորել է գրադարանի նախագահ, պետական նախարար Համադ Բին Աբդուլազիզ Ալ-Քավարին: Վերջինիս ուղեկցությամբ վարչապետը ծանոթացել է ցուցադարությանը ներկայացված ցուցանմուշներին, այնուհետև շրջայց կատարել գրադարանում, գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ցուցանմուշները հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս վկայությունն են, որոնք մեծապես կհետաքրքրեն ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին:

Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի ազգային թանգարան:

Վարչապետի պաշտոնական այցը Կատարի Պետություն ավարտվել է:

← Վերադառնալ