Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

20.06.2022 - 21.06.2022

ևս 43 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն:

Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այսօր սպասվում է կառավարությունների ղեկավարների նեղ, իսկ հունիսի 21-ին՝ ընդլայնված կազմով նիստը:

* * *

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

ՌԴ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է.

«Ողջունում եմ Ձեզ հարգելի Նիկոլ Վովայի,

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Առաջին հերթին թույլ տվեք Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում մեր առանձնահատուկ հարաբերությունները եղբայրական Հայաստանի հետ: Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով և գերազանցել 890 մլն դոլարը: Կարծում եմ` դեռևս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում:

Հայաստանում գործում են հայրենական խոշոր ընկերություններ` նավթագազային, տրանսպորտային, թվային տեխնոլոգիաների, այլ ոլորտների, և հույս ունենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար: Մենք շահագրգռված ենք երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր արտադրությունների ստեղծմամբ, նպաստում ենք տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը` առաջին հերթին արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման: Այս հարցերը գտնվում են մեր միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Կառավարության համապատասխան որոշմամբ` հանվել են ՀՀ քաղաքացիների` ցամաքային ճանապարհով ՌԴ մուտքի բոլոր սահմանափակումները: Մենք ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս զբոսաշրջային այցերի հոսքերը կվերականգնվեն և անգամ կավելանան: Սա, իմ կարծիքով, ունի շատ կարևոր նշանակություն Հայաստանի և Ռուսաստանի բնակչության համար:

Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության համապատասխան: Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետների համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել նրա հերթական նիստը:

Իսկ այսօր մեր հանդիպումն ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, Ռուսաստանը և Հայաստանը հանդես են գալիս եվրասիական ինտեգրացիայի ամրապնդման օգտին չորս ազատությունների հիման վրա` կապիտալի, աշխատուժի, ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժի: Միության շրջանակում մենք ձեռնարկում ենք համատեղ քայլեր` ոչ բարեկամ պետությունների սանկցիաների ազդեցության նվազեցման նպատակով, մեր որոշումները նպաստում են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունացմանը:

Առաջարկում եմ բոլոր կետերով անցնել, հարգելի Նիկոլ Վովայի»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, մենք հանդիպում ենք պարբերաբար:

Ես նույնպես ջերմությամբ եմ հիշում մեր վերջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում` իմ պաշտոնական այցի շրջանակում: Ցանկանում եմ ընդգծել, որ այն եղել է շատ արդյունավետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ արագ եք արձագանքել և արձագանքում այն բոլոր հարցերին, որոնք պետք է լուծել, որպեսզի պահպանվի մեր առևտրատնտեսական հարաբերությունների բարձր տեմպը:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն որոշումները, որոնք Դուք ընդունել եք Վերին Լարսի անցակետի հետ կապված: Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք: Մենք այդ մասին խոսում ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը չհանդիպի արհեստական սահմանափակումների:

Այս համատեքստում, նաև շատ կարևոր է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը, ողջ տարածաշրջանի ապաշրջափակումը և ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալեքսեյ Օվերչուկին, Մհեր Գրիգորյանին, ովքեր Ադրբեջանի Հանրապետության համանախագահի հետ շատ ինտենսիվ զբաղվում են այդ հարցերով: Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն:

Մենք այսօր կքննարկենք ոչ միայն երկկողմ օրակարգի հարցերը: Եվրասիական տնտեսական միության օրակարգը ևս շատ կարևոր է մեզ համար: Դուք ճիշտ նկատեցիք, որ և Հայաստանը, և Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը դառնա առավել արդյունավետ ֆորմատ: Իհարկե, մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, սակայն միշտ կա արդյունավետությունը բարձրացնելու տեղ:

Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել, հույս ունեմ այսօր կունենանք բովանդակալից զրույց»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին և անձամբ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և, իհարկե, ջերմ ընդունելության ու ավանդական հյուրակալության համար։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովին՝ քննարկվող հարցերի թեմաների մշակմանն ուղղված ջանքերի համար։

Անկեղծորեն ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ և դիտորդ երկրների ներկայացուցիչներին։

Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար ավարտում է կայացման փուլը և անցնում է իր ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, մեր պետությունների կայուն տնտեսական աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում իր տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ավելանում է մեր գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը՝ որպես անդամ պետությունների՝ համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմք:

Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։

Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Որպես երեկ սկսված մեր օրակարգային առանցքային հարցերի քննարկման շարունակություն՝ կցանկանայի կանգ առնել Միության համար արդիական որոշ ասպեկտների վրա։

Մեր պետությունների համար Միության շրջանակներում համագործակցությունն առաջնահերթ ուղղություն է, որը թույլ է տալիս ուժեղացնել ավանդական համագործակցությունը և ստեղծել նոր գործընկերային հարաբերություններ՝ միավորման տնտեսական ներուժն իրացնելու նպատակով։

Այս համատեքստում, Միության միասնական շուկայի գործունեության նպատակով, կարևոր եմ համարում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արտահանման և ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ձևավորումը, ներմուծման փոխարինման զարգացումը և բիզնեսի գործունեության պայմանների հետագա բարելավումը։

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության պատճառով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։

Կարևոր եմ համարում նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ։

Գործընկերներ,

Մեր աչքի առաջ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության թվային վերափոխում։ Առանց առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել համաշխարհային ասպարեզում։

Միության թվային օրակարգի ձևավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ և թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից։

Կարևոր եմ համարում նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետևելու համակարգի ձևավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև քննարկումը անդրսահմանային էլեկտրոնային առևտրի, որի աճը մեզ համար նոր մարտահրավերներ է ստեղծում և պահանջում է արտադրանքի անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկերի և մաքսային մուտքերի ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծում։

Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները։

Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող ևս մեկ ոլորտ է: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների և եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման և զարգացման վերաբերյալ համակարգման և փոխգործակցության համաձայնեցված առաջարկների մշակման կարևորությունը: Հայկական կողմը մեծապես կարևորում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և համագործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության իրականացման գործում։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Վերջում կնշեմ, որ չնայած օբյեկտիվ դժվարություններին, որոնք առաջանում են փոխզիջումների հասնելու ճանապարհին, մենք շարունակում ենք շարժվել դեպի արդյունավետ միավորման կառուցումը, որը հաջողությամբ կգործի այսօրվա դժվարին իրողություններում։

Շնորհակալություն արդյունավետ աշխատանքի և կառուցողական քննարկման համար»:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել և ընդունել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Նիստում ընդունված որոշմամբ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին ապահովել, մասնավորապես, ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի, շաքարավազի և այլ ապրանքների վերաբերյալ ինդիկատիվ հաշվեկշիռների պատրաստումը:

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը շնորհանդեսով ներկայացրել է թվայնացման գործընթացի ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերն ու քայլերը:

Նիստում ստորագրվել են համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները:

Որոշում է կայացվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի վերջին` Ղրղզստանում:

Նիստից հետո կառավարությունների ղեկավարներն այցելել են Մինսկի «Հաղթանակի» հրապարակ` ծաղկեպսակներ դրել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհերի հիշատակին:

← Վերադառնալ