Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նյու Յորք

22.09.2022 - 23.09.2022

ևս 33 լուսանկար



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ: 

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիային և դրա հետևանքներին` ընդգծելով ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության, այդ թվում` Իրանի համարժեք արձագանքի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել իրանական կողմի հստակ գնահատականների կապակցությամբ և կարևորել ստեղծված իրավիճակում երկկողմ սերտ փոխգործակցությունը:

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հավելել, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԻԻՀ նախագահի խոսքով` պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Յենս Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

* * * 

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ.

«Պարոն նախագահող,
Գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է վերադառնալ Գլխավոր Ասամբլեա, թեև կցանկանայի այստեղ լինել ավելի դրական ուղերձով, հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց միջով աշխարհն անցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Բայց իմ ելույթը կկենտրոնանա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիայի և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցության վրա։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում և գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից:

Անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի արդյունքն են։

Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում։

Տիկնայք և պարոնայք,

Չնայած վերը նշված փաստերին` Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները։

Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։

Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։

Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։

Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար։

Տիկնայք և պարոնայք,

Տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը։

Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էության արգելափակելով անկախ փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Դատապարտելի է նաև, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ ի թիվս այլ գործողությունների, նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ։

Պարոն նախագահող,
Տիկնայք և պարոնայք,

Կայուն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը մեր նպատակն է։ Անցյալ տարի ժողովրդավարական արտահերթ ընտրությունների միջոցով մեր ժողովուրդը վճռականորեն աջակցեց կառավարության խաղաղության օրակարգին և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ գնալու ժողովրդավարական ճանապարհով։

Շատ կարևոր է փաստել, որ ադրբեջանական հարձակումների թիրախը ոչ միայն Հայաստանի անկախությունն է, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև Հայաստանի ժողովրդավարությունը։ Հակառակ որոշ ուժերի ակնկալիքներին, Հայաստանը 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո մնաց ժողովրդավարական՝ օգտագործելով ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների գործիքը որպես ելք ներքաղաքական ճգնաժամից։ Միջազգային հանրությունը միաձայն ընդունեց և բարձր գնահատեց այս փաստը։

Հայկական ժողովրդավարությունը պայքարում է մի մթնոլորտում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ է գործադրում՝ միակողմանիորեն պարտադրելու իր ծրագրերը, վերջ դնելու հայկական պետականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը։

Բայց ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք վճռական ենք բոլոր միջոցներով պաշտպանելու մեր ժողովրդավարությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումները մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, և միջազգային հանրության լիարժեք ներգրավվածությունն ու աջակցությունը չափազանց կարևոր է։ Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ տարածքներում կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։

Անհերքելի է, որ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ադրբեջանական զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Տիկնայք և պարոնայք,

ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, բայց մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության լիակատար աջակցությունը, որը կկանգնի ինքնիշխան և ժողովրդավարական երկրի և ժողովրդի կողքին, որը ենթարկվում է ագրեսիայի՝ ի հակասություն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների։

Ես հավատում եմ երկարաժամկետ կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման ներուժին, և Հայաստանը հանձնառու է շարունակել այդ նպատակով դիվանագիտական ջանքերը։

Շնորհակալ եմ ուշադրության համար»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ 36 բնակավայրերի թիրախավորման փաստը, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Սլովենիայի նախագահը մտահոգություն է հայտնել տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:

Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

← Վերադառնալ