Արտերկրյա այցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցել է ՖՄԿ 18-րդ գագաթնաժողովին

19.11.2022 - 20.11.2022

ևս 63 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:

Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:

Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ:

Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,
Հարգելի գործընկերներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում ֆրանկոֆոն այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։

Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկացնելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթացքում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաստատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողացել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։

Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու` հաստատակամորեն ապագային միտված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնություններ ստանձնած կազմակերպություն:

Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա՝ իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։

Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։

Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։

Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։

Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։

Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։

Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։

Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։

Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:

Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։

Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համավարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։

Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձանագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։

Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:

Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,
Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։

Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:

Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:

Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար:

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաև տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ակտիվ շփումները:

Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները նաև ընդգծել են` երկու երկրների և ժողովուրդների միջև առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել և ամրապնդել:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ