- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 980 Կբ
- 1670x1113px - 723 Կբ
- 1670x1113px - 918 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 804 Կբ
- 1670x1113px - 554 Կբ
- 1670x1113px - 629 Կբ
- 1670x1113px - 757 Կբ
- 1670x1113px - 911 Կբ
- 1670x1113px - 898 Կբ
- 1670x1113px - 849 Կբ
- 1670x1113px - 891 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
ևս 15 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:
ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:
Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,
Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։
Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին` ավանդական հյուրընկալության և այսօրվա հանդիպման կազմակերպման, ինչպես նաև Ղրղզստանի նախագահության ընթացքում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացման համար:
Անկեղծորեն ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և ցանկանում հայտնել Հայաստանի Հանրապետության՝ դիտորդ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը, նշեմ, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։
Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։
Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։
Հարգելի գործընկերներ,
Ի շարունակություն նեղ ձևաչափով օրակարգային առանցքային հարցերի շուրջ մեր քննարկումների՝ ցանկանում եմ բարձրաձայնել տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։
Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։
Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։
Գործընկերներ,
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։
Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։
Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։
Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։
Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։
Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։
Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։
Հարգելի գործընկերներ,
Նշեմ, որ ընթացիկ տարվա արդյունքներով Հանձնաժողովն անդամ-պետությունների կառավարությունների հետ միասին բարձր մակարդակի աշխատանք է ցուցաբերել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրումն այս ոչ դյուրին ժամանակաշրջանում։
Իր հերթին, վերազգային կարգավորման առաջնահերթ ոլորտների՝ տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով իրականացված թվային վերափոխումը կստեղծի հիմքեր Միության անդամ-պետությունների միջև վստահության համար:
Շարունակելով ինտեգրված տեղեկատվական համակարգի անցումը թվային հարթակի՝ մենք կկարողանանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածք ձևավորելու համար։
Այս համատեքստում, մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր։
Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն եմ համարում ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։
Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։
Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին։
Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Անկասկած կարելի է արձանագրել, որ մեր համատեղ ջանքերը բերում են գործնական արդյունքների, և մենք զգում ենք ինտեգրման դրական ազդեցությունը, ինչը հնարավոր է դառնում Միության անդամ երկրների լավ համակարգված փոխգործակցության շնորհիվ։ Անցնող տարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար դարձավ հոբելյանական։ Այս տասը տարիների ընթացքում այն, անշուշտ, դարձավ Միության անդամ երկրների համար մի շարք կարևոր որոշումների նախաձեռնողը։ Այս կապակցությամբ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում իրենց արժանի ավանդի համար։
Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2022 թվականին ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել Միության մարմիններում նախագահությունը ստանձնած ռուսական կողմին։
Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի հավատարմությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա խթանման։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթաց:
Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները:
* * *
Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,
Մենք բոլորովին վերջերս ենք հանդիպել Երևանում, որտեղ Դուք – կարծում եմ՝ կհամաձայնեք – հաջող անցկացրեցիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ ստեղծել էիք՝ բոլորիս համար բազմաթիվ կարևոր հարցերի բաց քննարկման համար։ Այսօր այստեղ ենք հանդիպում։ Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք նման ձևաչափերը երկկողմ բանակցությունների համար։
Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր - Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին - առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է։
Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան, և ես ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։
Այսօր մենք բավական հաջող, կառուցողական նիստ ունեցանք և փաստացի արդեն քննարկել ենք տնտեսական հարցերի ողջ շրջանակը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Դուք արդեն խոսեցիք մեր փոխադարձ առևտրաշրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է։ Հուսով եմ՝ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ կհաջողվի պահպանել նկատվող դինամիկան։
Իհարկե, մեր օրակարգը շատ հագեցած է։ Վստահ եմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ, և ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը։
Ցավոք, վերջերս մենք նաև տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»: