Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն

04.05.2023 - 05.05.2023

ևս 129 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:

Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

* * *

Երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են երկու երկրների պետական օրհներգերը, որից հետո վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով` պաշտոնական ճաշի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց խորացման հեռանկարներին:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել միջազգային հանրության հետևողական արձագանքը տեղի ունեցողին:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել նրանց հարցերին:

Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալա -

Բարի օր տիկնայք և պարոնայք:

Շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ողջունելու Հայաստանի Հանրապետության վարչապետին այստեղ՝ Պրահայում: Շատ ուրախ եմ, քանի որ այս տարի նշում ենք մեր գերազանց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:

Վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ համաձայնեցինք, որ շատ բարձր ենք գնահատում մեր բարիդրացիական հարաբերությունները: Մենք համաձայնեցինք, որ ժողովրդավարական միևնույն արժեքները կրող ենք, և դա հաստատեցինք՝ հիմա ստորագրելով մեր դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարությունը: Երկու կողմերն էլ հույս ունեն, որ համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում:

Երբ նշում եմ, որ ժողովրդավարական նույն արժեքներն ենք կրում՝ ես դա հենց այնպես չեմ ասում, ինքնանպատակ հայտարարություն չէ դա, մենք պետք է գնահատենք՝ ինչպիսի դեր ունի Հայաստանը տարածաշրջանում: Մենք պետք է նաև գնահատենք այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ժողովրդավարության առումով:

Նման բաները հենց այնպես տեղի չեն ունենում, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել, մենք պետք է անպայման սատարենք, աջակցենք այդ դիրքորոշմանը, այդ իրավիճակին և աջակցենք երկրին: Ես համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք մեր երկու երկրների հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում: Հայաստանն այս կերպ առաջ է գնում, ավելի բարձր մակարդակի է բարձրանում, և սա շահագրգռող գործոն է լրացուցիչ հետագա բարեփոխումների համար:

2022 թվականի հոկտեմբերին վարչապետը մասնակցեց «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին գագաթնաժողովին: Այդ գագաթնաժողովում մենք խոսեցինք բազմաթիվ գլոբալ հարցերի, տարբեր մարտահրավերների մասին և կարողացանք նաև կազմակերպել վարչապետի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Այդ իմաստով, Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է արվել հայ-ադրբեջանական հարաբերություններում քայլ կատարել դեպի առաջ:

Մեր վերափոխման համագործակցության ծրագրում Հայաստանն առաջնահերթ երկրների շարքում է: Այդ ծրագիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ մեդիաներին աջակցելուն: Նշեցի արդեն, որ Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև գոյություն ունեն բարիդրացիական հարաբերություններ, հաջող հարաբերություններ, որոնք մենք ուզում ենք էլ ավելի խորացնել:

Մենք նաև տեսնում ենք մեր համագործակցությունը խորացնելու լրացուցիչ հնարավորություններ տնտեսության ոլորտում, գիտության, հետազոտությունների և կրթության բնագավառներում: Նշեմ մի քանի ոլորտներ, օրինակ, միջուկային էներգետիկան և ընդհանրապես էներգետիկան: Միջուկային էներգետիկան շատ կարևոր է Չեխիայի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի համար: Չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, մեր փորձագետներն ընթացիկ վերանորոգումներին մասնակցում են, և դա մեր հաջողված համագործակցության օրինակ է:

Չեխիայի Հանրապետությունը կարող է նաև բարձրակարգ շատ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ, խելացի քաղաքների բնագավառում: Մենք մեր խելացի քաղաքների տեխնոլոգիաները ներկայացրեցինք նախորդ տարի կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպել ենք Արևելյան գործընկերության պետությունների համար: Ուրախ ենք նաև տեսնել, որ մեր համագործակցությունն ավիացիայի բնագավառում շարունակում է խորանալ: Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում, որտեղ երկրաշարժից հետո կառուցվել է օդանավակայան:

Մի քանի կարևոր այլ հանգամանքներ էլ կան, չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու այստեղ` Պրահայում: Դա միջկառավարական հանձնաժողով է, որը զբաղվելու է տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցերով: Այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն:

Ես նաև ուրախ եմ, որ մեր հասարակությունները շատ ավելի լավ են հիմա կարողանում իրար ճանաչել, մեր ժողովուրդներն ավելի շատ հնարավորություններ ունեն տեղեկանալու, իմանալու, սովորելու հայկական մշակույթի մասին, Հայոց լեզվի մասին: Երկու նախաձեռնություններ, թարմ նախաձեռնություններ հիշատակեմ: Առաջինը, Մասարիկի համալսարանում՝ Չեխիայի Հանրապետությունում, այս տարվա փետրվարին հայկական արվեստի և մշակույթի բաժին բացվեց, կամ ամբիոն և Կառլի համալսարանում ապագայում կրկին վերսկսելու են դասավանդել Հայոց լեզուն:

Տեսնում եք, տիկնայք և պարոնայք, մեր երկու երկրները բազմաթիվ ուղղություններով են համագործակցում հասարակական տարբեր բնագավառներում՝ մշակույթ, կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ, և դա հրաշալի է:

Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են: Մենք տեղյակ ենք բարդ իրավիճակի մասին, քաղաքական իրավիճակը, անվտանգության, աշխարհագրական: Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է: Մենք այդ հարցում համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ: Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկումներին, ապա մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Վարչապետի հետ մեր քննարկումների միջոցով ես հասկացա, որ Հայաստանը, ինչ խոսք, հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն, տևական լուծում գտնվի:

Կրկին շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այցի համար, շնորհակալ եմ, որ բաց և անկեղծ քննարկում ինձ հետ ունեցաք, շնորհակալություն չեխ-հայկական հարաբերությունների զարգացման համար, շնորհակալություն, որ նոր այլ ոլորտներ ենք որոնում համագործակցելու համար: Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունն իր միջազգային քաղաքականության մեջ, միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլեր, որպեսզի Ձեզ օգնենք տևական կայունության և խաղաղության հասնելու ձեր երկրում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Մեծարգո վարչապետ,

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել Չեխիայի Հանրապետությունում՝ պաշտոնական այցով։ Այցը տեղի է ունենում Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Դրա մասին են վկայում նաև մեր երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների՝ ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի շնորհիվ շարունակում են ամրապնդվել և խորանալ:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում պարոն Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բավական հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը:

Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը:

Ցավով պետք է նշեմ, որ ի հեճուկս բոլոր ջանքերի իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարին կայացված միջանկյալ որոշման կոպիտ խախտում են: Արդեն չորս ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից: Ավելին՝ Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը: Սնունդը Լեռնային Ղարաբաղում վաճառվում է կտրոններով և այսպիսով այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ:

Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ մեր գնահատմամբ Ադրբեջանի վերը նշված գործողությունները Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում, Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը: Մենք կարծում ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և ոչ միայն նպատակ է, այլև միջոց ժողովուրդների և պետությունների հարաբերությունների կարգավորման և հետագա զարգացման համար:

Մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում և առաջիկայում էլ ներգրավված կմնանք, տրամադրված լինելով արդյունքներ գրանցել և ոչ թե բանակցել բանակցելու համար: Այս նպատակին հասնելու համար մենք հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից և ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը նույնպես Ադրբեջանին ուղղված նման ուղերձով հանդես կգա:

Հարգելի՛ ներկաներ,

Հայաստանը և Չեխիան ունեն սերտ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական արդյունավետ գործիքակազմ, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ նախադրյալները, ինչը դուք նույնպես իրավացիրորեն ընդգծեցիք:

Այսօր Պրահայում անց է կացվում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ վեցերորդ նիստը, որի շրջանակներում կանցկացվի նաև հայ-չեխական գործարար համաժողով։ Վստահ եմ, որ թե՛ վերոնշյալ նիստը, թե՛ գործարար համաժողովը, էլ ավելի կնպաստեն հայ-չեխական տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը, և մենք հետաքրքրված ենք բոլոր այն ուղղություններով համագործակցության զարգացմամբ, որոնք դուք թվարկեցիք:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ այս այցը նոր որակ և բովանդակություն կհաղորդի հայ-չեխական հարաբերություններին: Շնորհակալություն:

Հարց-«Արմենպրես» լրատվական գործակալություն– Իմ հարցը վերաբերում է երկու երկրների տնտեսական գործակցությանը: Երբ առևտրատնտեսական ցուցանիշներին նայում ենք, 2022 թվականին, իհարկե, աճ գրանցվել է նախորդ տարվա համեմատ, բայց ցուցանիշները, կարծես, համեստ են, և հիմնական կառուցվածքում բաժին է ընկնում Չեխիայից Հայաստան ներկրումը, իսկ Հայաստանից Չեխիա ավելի փոքր է ցուցանիշը: Որտե՞ղ եք տեսնում խնդիրները և ի՞նչ առաջնահերթություններ կնշեք առաջիկայում երկու կողմերի տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք, իհարկե, քննարկել ենք նաև այդ օրակարգը և խոսել ենք Հայաստանից դեպի Չեխիայի շուկա արտահանման ակտիվացման վերաբերյալ: Իհարկե, շնորհակալ եմ վարչապետ Ֆիալային այդ գործում աջակցություն ցուցաբերելու պատրատակամության համար:

Իհարկե, մենք Հայաստանում նույնպես այդ հարցերը քննարկում ենք: Եվրամիության շուկա մուտք գործելու հետ կապված կան և՛ քաղաքական, և՛ տնտեսական և՛ այլ խնդիրներ, բայց այս ուղերձը հղելով հիմնականում մեր տնտեսությանը, ես կարծում եմ, որ ինչպես Հայաստանում բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, կարևոր է, որ մենք մեր արտադրության և արտադրանքի որակի ստանդարտները շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ աշխատենք: Չնայած հիմա էլ կարող ենք արձանագրել, որ կան արտադրանքներ, որոնք արդեն իսկ այսօր իրենց ստանդարտներով կարող են մրցունակ լինել Չեխիայի շուկայում: Մեր դեսպանները հանդիպման ընթացքում հաստատեցին, որ այդ պոտենցիալը կա, և իրենք էլ խոստացան, որ ակտիվ կզբաղվեն այդ հարցով:

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա – Ես միայն կուզեի ասել, որ մենք ուրախ ենք, որ առևտրի ծավալն ավելանում է. 2022-ին քիչ չափով չի ավելացել՝ 157 տոկոսով է իրականում ավելացել, դա արտաքին առևտրի կտրուկ ավելացում է: Եվ դա լավ է: Իհարկե, Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ ամբողջովին հավասարակշռված չէ արտաքին առևտրաշրջանառությունը: Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ ապրանքներ կարող են հետաքրքիր լինել արտահանվելու համար Չեխիայի շուկա: Ես կարծում եմ, որ մենք կազմել ենք այդ ապրանքների համապատասխան ցուցակը:

Ինչ վերաբերում է երկուստեք առևտուրն ավելացնելուն, դա բազմաթիվ հանգամանքների հետ է կապված: Օրինակ՝ մենք պայմանավորվեցինք, որ ցանկանում ենք կապերը խորացնել. խորացնել կապերը ժողովուրդների միջև, զբոսաշրջությունը: Այդ ամենը կնպաստի փոխադարձ երկուստեք համագործակցությանը և վստահության ամրապնդմանը: Ի վերջո մարդիկ ձեր ապրանքները նաև ավելի գրավիչ կհամարեն: Ես կարծում եմ, որ նաև այլ քայլեր և միջոցառումներ էլ են ձեռնարկվում առևտրի և տնտեսական միջոցառումներից զատ, որոնք կնպաստեն առևտրաշրջանառության բալանսի բարելավմանն ապագայում:

Հանրային հեռուստաընկերություն- Հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նախ պարոն Ֆիալա, արդեն խոսվեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին, նշեցիք, որ պարոն Փաշինյանի հետ զրույցից հասկացել եք, որ Հայաստանը պատրաստակամ է խաղաղության հաստատմանը և գնում է դեպի դա, փոխարենն Ադրբեջանը շարունակում է սպառնալիքները` Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրում, հռետորաբանությունն է անընդհատ կոշտացնում, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա է իրականացնում: Որքանով է այս պայմաններում հնարավոր գնալ խաղաղության, ինչպես եք գնահատում Ադրբեջանի այս գործողությունները: Եվ նաև, արդյոք անհրաժեշտություն չեք տեսնում Ադրբեջանի իշխանության, ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման: Նաև պարոն Փաշինյան, ինչպե՞ս է հնարավոր այս պարագայում գնալ խաղաղության Ադրբեջանի հետ:

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին ու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման: Ավելի վաղ, իմ ներածական խոսքում, Հայաստանի և Ադբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ճանաչման մասին, ասացի, որ հիմնարար նշանակություն ունի: Այստեղ՝ Պրահայում, քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում, որի հյուրընկալելու պատիվը ես ունեցել եմ:

Դա պատմական հանգրվան կարելի է համարել երկու երկրների հարաբերություններում: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է խախտում, ինչը: Մեր ընդհանուր նպատակը, Չեխիայի և Եվրամիության անդամ պետությունների միասնական նպատակն է` հասնել կայունության տարածաշրջանում և մնայուն, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է:

Մենք կոնկրետ քայլեր այս ուղղությամբ արել ենք: Չեխիայի Հանրապետությունը նպաստել է մոնիթորինգի առաքելության տեղակայմանը, չեխ փորձագետներ կան առաքելության կազմում: Մենք պատրաստ ենք մասնակցել նաև այլ միջոցառումների, այլ համանման աշխատանքների, որոնք կնպաստեն իրավիճակի լարվածության թոթափմանը և թույլ կտան հասնելու տևական և մնայուն խաղաղության և խաղաղ լուծման:

Վարչապետն ինձ մանրամասնորեն տեղեկացրեց իր քայլերի մասին և թե ինչպես է ինքը տեսնում իրավիճակը, ինչպես են ընթանում բանակցությունները: Ես կարծում եմ՝ սա շատ արժեքավոր է ինձ համար, քանի որ յուրահատուկ հնարավորություն ունեմ այդ տեղեկությունները փոխանցելու եվրոպացի իմ գործընկերներին, և դրա հիման վրա կարող ենք դիտարկել ու պարզել, թե ինչ քայլեր պատշաճ կլինեն, ինչ քայլերով Եվրամիությունը կարող է աջակցել մշտական և տևական խաղաղության ջանքերին տարածաշրջանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ, հարգելի լրագրողներ, մեծարգո պարոն վարչապետ, ես վերջին շրջանում, հատկապես մեր խորհրդարանական քննարկումների հարթակից անընդհատ ասում եմ, որ հարցերին կարելի է պատասխանել, վերաբերվել և արձագանքել մի քանի դիտանկյուններից:

Եվ ես փորձում եմ վերջին շրջանում նաև մեր ունեցած խոսակցությունների համատեքստում այլ դիտանկյուններ նույնպես փորձարկել, բացի ակնհայտից: Այն ինչ հարգաժան լրագրողն ասաց իր հարցի մեջ, բացարձակ և լիարժեք ճշմարտություն է, բայց դիտանկյունի տեսակետից ես հետևյալն եմ ասում՝ Ձեր հարցի մեջ Դուք, այո, նաև իրավացիորեն գուցե հարցականի տակ եք դնում կամ հարց եք տալիս այս պայմաններում խաղաղության հնարավորության մասին:

Ես դիտանկյունը փոխելու տրամաբանությամբ կուզեի նկատել, որ Ձեր հարցը և բովանդակությունն ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, որովհետև հենց մի կողմից՝ կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպես է հնարավոր խաղաղությունը, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով, կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է: Հենց այդ և նմանատիպ իրադարձություններին մենք փորձում ենք ունենալ ոչ միայն ակնհայտ տեսակետ, ոչ միայն մոտենալ ակնհայտ տեսակետից, այլև փորձել մեկ ուրիշ դիտանկյունից էլ նայել: Եվ ես Ձեր հարցին, նաև այս հարթակն օգտագործելով, և նաև հեղինակավոր գործընկերոջ ներկայությամբ ուզում եմ հենց այդ ընդգծել, որ այդ ամեն ինչն իրականում ընդգծում է խաղաղության անհրաժեշտությունը, և մենք պետք է սպասարկենք այդ անհրաժեշտությունը, մեր քաղաքականությունը կառուցենք այդ անհրաժեշտության նկատմամբ ճիշտ դիրքավորվելով:

Չեխական լրատվամիջոցի հարց- Վարչապետ Ֆիալա, Դուք արդեն նշեցիք Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ես կրկին ուզում եմ Ձեզ հարցնել՝ Չեխիայի կառավարությունն ինչու է լռում, չեխական լրատվամիջոցները ինչու են լռում, ինչով կարող է Չեխիան ազդել Ադրբեջանի վրա և ինչու Եվրոպական Միությունը պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ մենք այս առումով առաջընթաց չենք տեսնում։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալա- Ես այն կարծիքին եմ, որ պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծման, մենք սրա համար էլ հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը։ Կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները դիտարկենք կամ խնդիրները, ընդհակառակը՝ պետք է փորձենք տևական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը. մեզ պետք են ադրբեջանցիները, մեզ պետք է երկու կողմերից էլ բարի կամք։ Այդպես չէ, թե մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի։ Բացման խոսքի ընթացքում արդեն ասացի, որ մենք Լեռնային Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին մտահոգություններ հայտնել ենք, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։

Եվրոպական Միությունը հայտարարություն է արել, և մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք, և այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղաշարժի ազատությունը, մի շարք այլ բաներ ևս։ Բայց մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Ես շատ բարձր եմ գնահատում խաղաղությանը միտված տեսանկյունը, դիտանկյունը, որով այս խնդրին անդրադառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես սա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին: Նա կարող է ակնկալել մեր աջակցությունը, Եվրամիության և այլ անդամ պետությունների աջակցությունը, քանի որ մենք պետք է մտքում պահենք մի հանգամանք, սա չի կարող ժամանակավոր լուծում լինել։

Մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցումն ապահովել և զարգացում ապահովել Հայաստանի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն տևական խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։ Սա պետք է մեր ընդհանուր նպատակը լինի մեր բոլոր աշխատանքներում, մենք պետք է դրան միտված լինենք։

* * *

Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո ստորագրել են երկու երկրների հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին,

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում,

Հաշվի առնելով բարեկամության և համագործակցության վաղեմի ավանդույթները և հայ ու չեխ ժողովուրդների միջև համերաշխության ուժեղ զգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքում ունենալով պատմական և մշակութային հարուստ ժառանգություն, ժողովրդավարության ընդհանուր արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը,

Նպատակ ունենալով բարձրացնել երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը բազմակողմ հարթություններում,

Հայտարարում են`

Հայաստանի Հանրապետությունը և Չեխիայի Հանրապետությունը գոհունակությամբ նշում են քաղաքական կապերի կայուն զարգացումն ու ընդլայնումը և հայտնում իրենց անդրդվելի հանձնառությունը՝ շարունակելու ակտիվացնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում:

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնում ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպական միության նախաձեռնությունների, ներառյալ Արևելյան գործընկերության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), մասնավորապես Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության համատեքստում՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառության վրա։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու ԵՄ-ի վճռականությանը, բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին և լավ կառավարման սկզբունքները, քաջալերում է հետագա առաջընթացը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին։

Կողմերն ընդգծում են ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, ինչպես նաև օրենքի գերակայության կարևորությունը.

Կողմերը կարևորում են փոխակերպման փորձի փոխանակումը և քաղաքացիական հասարակության անդամների համագործակցության խրախուսումը և քաղաքացիական հասարակության ներգրավումը բարեփոխումների գործընթացում.

Կողմերն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված բոլոր խնդիրների խաղաղ և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

Հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ։

Կողմերը փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության տեղակայումը համարում են էական ներդրում տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում։ Հայաստանը ողջունում և բարձր է գնահատում Չեխիայի զգալի կադրային ներդրումն առաքելությունում:

Կողմերը գիտակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կարևորությունը, սպառնալիքի կամ ուժի կիրառման անթույլատրելիությունը և հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ։

Կողմերը նկատի են առնում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներն առ այն, որ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Նրանք ընդգծում են բոլոր պետությունների՝ իրենց քաղաքականության ուղին և դաշինքներ ընտրելու անկապտելի իրավունքի կարևորությունը։

Կողմերը գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության հարցը կարևոր նշանակություն ունի։

Կողմերը Եվրոպական քաղաքական համայնքը համարում են օգտակար ձևաչափ Եվրամիության և նրա գործընկերների համար։ Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում ԵՔՀ-ի անդրանիկ գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։

Կողմերը հատուկ կարևորում են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական, ֆինանսական և գիտական կապերը։

Կողմերն իրենց աջակցությունն են հայտնում երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության և պարբերական փոխանակումների հետագա զարգացմանը, այդ թվում՝ համապատասխան բարեկամական խմբերի միջոցով։

Կողմերը հատուկ կարևորում են երկու երկրների տեղական իշխանությունների միջև ապակենտրոնացված համագործակցության և գործընկերության ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման լրացուցիչ խթան։

Այս նպատակով Կողմերը հայտնում են իրենց վճռականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը սույն Հռչակագրում նշված ոլորտներում արդյունավետ համագործակցության համար»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են հայաստանյան Թումո կենտրոնների փորձով և Պրահայում նման կենտրոնի բացման ուղղությամբ համագործակցությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության հետևողական արձագանքի կարևորությունը: Երկուստեք շեշտվել է միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման անհրաժեշտությունը:

Խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական երկխոսությանը:

Վարչապետ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Վիտկովի ազգային կոթող-հուշահամալիրին` հարգանքի տուրք մատուցելով անհայտ զինվորի հիշատակին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը միտված քայլերը: Մարկետա Պեկարովա Ադամովան տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան` երկկողմ բարեկամական խմբի պատգամավորների ուղեկցությամբ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան հանդիսատեսին դիմելու հնարավորության համար: Եվ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել պարոն Ալեքսանդր Վոնդրային և իր թիմին այս միջոցառումը կազմակերպելու և վարելու համար:

Հայաստանը Չեխիայի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունի՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, և պատրաստ է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Իմ այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Չեխիան ստեղծել են ամուր երկկողմ օրակարգ՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, ներառյալ ակտիվ քաղաքական երկխոսությունը և գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Այսօր ես կցանկանայի խոսել Հայաստանի ժողովրդավարական ճամփորդության մասին մի տարածաշրջանում, որը նշանավորվել է ալեկոծություններով և անորոշություններով, և ձեզ ներկայացնել Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին բազմաթիվ մարտահրավերների պայմաններում:

Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը 2018 թ-ի ոչ բռնի հեղափոխության արդյունքն է, որը, ի թիվս այլոց, ոգեշնչված էր նախկին Չեխոսլովակիայի թավշյա հեղափոխության սկզբունքներով, որը գլխավորում էր Վացլավ Հավելը։

Հեղափոխությունից հետո իմ կառավարությունը նախաձեռնեց լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք ներառում էին պայքար կոռուպցիայի, ստվերային տնտեսության և տնտեսական մենաշնորհների դեմ։ Մենք ապահովել ենք խոսքի և արտահայտվելու ազատությունը և շրջել ենք կեղծված ընտրությունների էջը՝ երաշխավորելով, որ քաղաքացիների ազատ կամարտահայտությունն իշխանության միակ օրինական աղբյուրն է։

Արդյունքում` մեզ հաջողվել է հասնել տպավորիչ տնտեսական աճի՝ 2019-ին՝ 7,6 տոկոս, 2021-ին՝ 5,7 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս։ 2022-ին աշխատատեղերի թիվը 2018-ի համեմատ աճել է շուրջ 32 տոկոսով։ Հարկային եկամուտները 2022-ին 2017-ի համեմատ աճել են ավելի քան 66 տոկոսով։ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացվել է։ Նույնը կարելի է ասել Հայաստանի միջազգային վարկանիշի մասին տնտեսական և ժողովրդավարական ցուցանիշների առումով, հատկապես խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մեր երկիրը ներկայումս գլխավորում է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը հետևյալ 5 ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքար, անկախ դատական համակարգ, խոսքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն։

Այնուամենայնիվ, հայ ժողովրդի վստահությունը ժողովրդավարության նկատմամբ խարխլվել է վերջին տարիներին Հայաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների պատճառով։

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

2021 թվականի մայիսին այն ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, իսկ 2022 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց նոր լայնածավալ հարձակում Հայաստանի դեմ՝ գրավելով մեր ինքնիշխան տարածքի մի մասը։

Այս դեպքերը հազարավոր կյանքեր խլեցին, ավերեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ և բազմաթիվ մարդիկ անհետ կորան, ի լրումն նրանց, ովքեր մինչ օրս գտնվում են ադրբեջանական գերության մեջ։

Լեռնային Ղարաբաղում տասնյակհազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ միանալով այն հարյուրհազարավորներին, որոնք փախստական են դարձել Ադրբեջանի տասնամյակներ շարունակվող հայատյաց քաղաքականության պատճառով։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն իրավաբանորեն սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է ծառայի որպես կապող օղակ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Սակայն, հիշյալ հայտարարության կոպիտ խախտմամբ, 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի շրջափակում է իրականացրել Լաչինի միջանցքում՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, չնայած 2023 թվականի փետրվարին ՄՔԴ-ի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ էլ ավելի սրելով իրավիճակը։

Ադրբեջանը ոչ միայն զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու իրավունքից, այլև անջատել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակաս կա, և դրանք ներկայումս վաճառվում են կտրոնների միջոցով։

Մեր համոզմունքն այն է, որ դրանք մեկուսի գործողություններ չեն, այլ Ադրբեջանի նախապատրաստումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը։ Այս առումով, մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք. Միջազգային հանրությունը պետք է հստակ և դիպուկ գնահատական տա Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Սա կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի, այլև մեր տարածաշրջանի ժողովրդավարության ապագայի համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունում օդում կախված հիմնական հարցն այն է, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն և կայունություն մեր տարածաշրջանում։

Տիկնայք և պարոնայք,

Չնայած այս ամենին, այս իրավիճակի մեր ընկալումն առաջնորդվում է առաջին հերթին հետևյալ ժողովրդավարական նկատառումով. մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում մենք ամուր հիմքեր դրեցինք մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ քառակողմ հանդիպման ժամանակ։

Այդ հանդիպման հիմնական արդյունքն այն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն տարածքներով, որոնք ունեին երկու հանրապետությունները Խորհրդային Միությունից անկախանալու ժամանակ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, որը պետք է հիմք հանդիսանա հետագա սահմանազատման համար։ Այս փոխըմբռնումը վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որտեղ կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները պետք է լուծվեն միայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ հրաժարվելով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։

Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ մշտապես սրելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

Չնայած այս ամենին, Հայաստանը հավատարիմ է մնում առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Այս պահին նման համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները հետևյալն են. մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով։

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը դեռևս անորոշ է։ Նույնը կարելի է ասել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափի մասին, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակներում։

Մինչ այժմ անհնար է եղել համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստի ընթերցման հարցում տարաձայնությունները հաղթահարելու մեխանիզմների շուրջ։

Եվ վերջապես, չկա խաղաղության համաձայնագրի կիրարկման համար միջազգային մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն։

Մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղություններով հաջողություն գրանցելու ուղղությամբ։ Արդեն չորս օր է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները, ԱՄՆ աջակցությամբ, Վաշինգտոնում բանակցում են այս բոլոր հարցերի լուծման համար։

Եզրափակելով՝ ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստան-ԵՄ հարաբերություններում կարևոր զարգացում է տեղի ունեցել։ Որոշվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղակայել ԵՄ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, որը հետագայում վերաճել է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու որոշման, ինչն սկսեց գործել փետրվարին։

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի Հանրապետությանն այս որոշմանն աջակցելու համար, որը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցության ևս մեկ դրսևորում է։ Շնորհակալություն ուշադրության համար»:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հետ բանակցություններին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, անդրադարձել Վարչապետ Փաշինյանի` Չեխիա կատարած պաշտոնական այցի բանակցություններին ու արդյունքներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, անվտանգության ոլորտում իրականացվող քայլերին, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, «իԳործ» ծրագրի շրջանակում և այլ ծրագրերով Սփյուռքի մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավման հնարավորություններին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին:

Վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ:

Այցի շրջանակում վարչապետը Պրահայում այցելել է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի տարածաշրջանային գլխամաս: Տնօրեն Ջեյմի Ֆլայի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռադիոկայանի հայկական ծառայությանը:

Վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն ավարտվել է:

← Վերադառնալ