Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
- 1670x1113px - 450 Կբ
- 1670x1113px - 458 Կբ
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 397 Կբ
- 1670x1113px - 419 Կբ
- 1670x1113px - 393 Կբ
- 1670x1113px - 413 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
- 1670x1113px - 417 Կբ
- 1670x1113px - 633 Կբ
- 1670x1113px - 769 Կբ
- 1670x1113px - 954 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 497 Կբ
- 1670x1113px - 596 Կբ
- 1670x1113px - 393 Կբ
- 1670x1113px - 431 Կբ
- 1670x1113px - 477 Կբ
- 1670x1113px - 597 Կբ
- 1670x1113px - 472 Կբ
- 1670x1113px - 544 Կբ
- 1670x1113px - 730 Կբ
- 1670x1113px - 712 Կբ
- 1670x1113px - 535 Կբ
- 1670x1113px - 749 Կբ
- 1670x1113px - 846 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 625 Կբ
- 1670x1113px - 692 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 443 Կբ
- 1670x1113px - 728 Կբ
- 1670x1113px - 710 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 537 Կբ
ևս 34 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները:
Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների` Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր` Տաջիկստանի նախագահը:
Նեղ կազմով նիստում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն արձանագրվել է Հայաստանում` 12,6 տոկոս: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության 12,1 տոկոս աճ:
Ընդլայնված կազմով նիստում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Պետությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստում։
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նախագահող կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին` ավանդական հյուրընկալության և Բարձրագույն խորհրդի երեսուներորդ հոբելյանական նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար։
Հարգելի գործընկերներ,
Նեղ կազմով նիստի ընթացքում մենք մտքերի հանգամանալից փոխանակություն ունեցանք օրակարգային առանցքային հարցերի շուրջ, և ես ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ Միության համար արդի որոշ հարցերի։
Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է, այդ թվում` էներգետիկ անվտանգության ապահովման հարցին գրագետ մոտեցմամբ։
Ինչպես արդեն բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին կիրարկումը կնպաստի առևտրի համար բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման մակարդակի և Միության անդամ պետությունների՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացումը:
Այս համատեքստում, հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու նպատակով։
Հանձնաժողովի և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կատարած մեծ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսավորման նոր ձևաչափի ստեղծման համար նորմատիվ իրավական դաշտի մշակման հարցում։
Արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցությունը մեզ հնարավորություն կտա խթանել մեր երկրների տնտեսությունների առանձին վերցրած հատվածներ։
Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում դրանց համաչափ զարգացումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների այլ ոլորտներում լճացում կամ ակտիվության նվազում ենթադրող ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։
Ուստի նախագծերի ընտրության փուլում կարևոր է մշակել այդ ռիսկերը վերացնող մեխանիզմներ, ինչը կտա մեզ երկարաժամկետ հեռանկար նման նախագծերի համար։
Նշեմ, որ մեր երկրների միջև համագործակցության կարևոր ասպեկտներից է պարենային անվտանգությունը, որն ուղղված է բնակչության համար սննդամթերքի մատչելիության և որակի ապահովմանը, ինչպես նաև շուկան ցածրորակ և վտանգավոր ապրանքներից պաշտպանմանը։
Այսօր կտրուկ աճել է պարենային անվտանգության ապահովման կոլեկտիվ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Ակնհայտ եմ համարում այս ուղղությամբ ԵԱՏՄ երկրների ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։
Ուրախացնող է, որ, օգտագործելով փոխգործակցության տարբեր ձևաչափեր, 2022 թ-ին մենք համակարգված աշխատանք ենք կատարել Միությունից դուրս փոխշահավետ գործընկերություն ձևավորելու ուղղությամբ, ինչի մասին է վկայում ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների և միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների վերաբերյալ զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը։
Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումը մեզ համար առաջնահերթություն են երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում։
Աշխատանքի շարունակությունն այնպիսի առաջնահերթ և հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են` Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության խորացումն Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ լրացուցիչ խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ Միության ինտեգրման գործընթացի համար։
Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, անհրաժեշտ է ստեղծել երրորդ երկրների գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ, ինչը հետևողականորեն կհանգեցնի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ստեղծմանը։
Նիստի հարգելի մասնակիցներ,
Ակնհայտ է, որ միասնական տնտեսական տարածքի զարգացմանն ուղղված քայլերի արդյունավետ պլանավորումը ենթադրում է բաց երկխոսություն ձեռնարկատերերի և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև։
Այս համատեքստում, ցանկանում եմ առանձնապես նշել Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը և, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու և ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության արդիական ոլորտներն առավելագույնս ընդգրկող քննարկման թեմաներ մշակելու ուղղությամբ ջանքերի համար։
Համաժողովը գրավում է առաջատար քաղաքական գործիչներին և անդամ երկրների գործարար, մշակութային և այլ շրջանակների առաջնորդներին՝ դառնալով խոստումնալից գաղափարների և նախագծերի ձևավորման, արդիական հարցերի շուրջ քննարկումների առանցքային հարթակ։
Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ մեր ինտեգրացիոն միավորման գործունեության կարևոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելուն ուղղված համատեղ նախագծերի հետևողական իրականացմանը։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը, ինչին վարչապետ Փաշինյանն արձագանքել է. «Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործվում է որպես վերնագիր Հայաստանին տարածքային պահանջներ առաջադրելու համար։ Ցանկանում եմ նշել, որ սա օգտագործվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման շրջանակներում։
Ընդգծեմ` այդ Հայտարարության մեջ ասվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվել է Ադրբեջանի կողմից։ Մյուս կողմից, ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը և հաղորդակցությունները տարածաշրջանում, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մենք այն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, որոնց միջով դրանք անցնում են։ Նկատի ունեմ այն տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է` այն մարդիկ, ովքեր ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստին, գիտեն, որ դրա մեջ կա «միջանցք» բառի միայն մեկ կիրառություն: «Եվ այս համատեքստում այս բառը հատուկ նշանակություն ունի, և դա Լաչինի միջանցքն է, որը, կրկնում եմ, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է գտնվի Ռուսաստանի Դաշնության վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Բայց, ցավոք, ռուս խաղաղապահների ներկայությամբ Ադրբեջանն ապօրինի կերպով փակել է այս միջանցքը։ Մյուս կողմից՝ ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ։ Եվ այս հիմքի վրա, այո, կարելի է ասել, որ բավականին լավ ենք գնում մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Այս համատեքստում ուզում եմ նշել նաև մի շատ կարևոր խնդիր՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը։ Հուսով եմ, որ շուտով Բաքվի և Ստեփանակերտի միջև նորմալ կառուցողական երկխոսություն կսկսվի»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով Ալիևի խոսքին, թե «Զանգեզուրի միջանցքին» աջակցում է նաև Ռուսաստանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում այդ մասին։
Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը։ Դուք ասացիք «Լաչինի ճանապարհ», բայց մեր եռակողմ հայտարարության համաձայն՝ «Լաչինի ճանապարհ» գոյություն չունի, կա միջանցք, որը, ըստ եռակողմ հայտարարության, որը մենք երեքով ստորագրել ենք, պետք է գտնվի ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, այսինքն՝ այս միջանցքում ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա։
Իսկ այն, ինչ կատարվում է այնտեղ, եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է։ Եվ դուք ասացիք, որ միջանցքը բաց է, բայց մենք դա չենք տեսնում, մենք այդպես չենք կարծում։ Ուստի մենք կարևոր ենք համարում, որ այնտեղ՝ և՛ Լաչինի միջանցք, և՛ Լեռնային Ղարաբաղ, ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։
Եվ պետք է ասեմ, որ, ցավոք, դեկտեմբերից այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք, քանի որ Լաչինի միջանցքի փակման պատճառով խոչընդոտներ են ստեղծվում սննդամթերքի, անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար։ Եվ սա շատ լուրջ իրավիճակ է։ Ադրբեջանի կողմից արգելափակվել է նաև գազն ու էլեկտրաէներգիան։ Նկատի ունեմ գազն ու էլեկտրաէներգիան, որը գնում է Լեռնային Ղարաբաղ։ Եվ, Վլադիմիր Վլադիմիրի, Դուք դրա մասին շատ լավ գիտեք, քանի որ մենք այս մասին բազմիցս խոսել ենք»։
* * *
Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում Վլադիմիր Պուտինը նշել է.
«Հարգելի ընկերներ,
Հարգելի Նիկոլ Վովայի,
Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ բոլորիդ Մոսկվայում, Ռուսաստանում:
Շնորհակալ եմ, որ Դուք ակտիվ մասնակցություն ունեցաք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստին։ Այս մասին մենք արդեն խոսել ենք՝ այս ամբողջ միջոցառումը, իմ կարծիքով, անցավ այն մակարդակով, ինչպես և մենք հույս ունեինք, մենք միմյանց հետ շատ անկեղծ խոսեցինք բազմաթիվ կետերի շուրջ։
Մենք նաև շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ներկայությանը։ Կարծում եմ, որ ամեն դեպքում՝ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է, դա լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում այն ոլորտներում, որոնք ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս։
Երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է ակտիվ զարգանալ։ Նշեմ, որ մեր ապրանքաշրջանառությունը վստահորեն դրական միտում է արձանագրում։ Անցյալ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով և հասել 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա հունվար-մարտին ավելացրել է ևս 1,5 միլիարդով։ Եթե այս գործընթացը զարգանա այսպիսի տեմպերով, ապա մենք, իհարկե, ակնհայտորեն կհաղթահարենք նաև նախորդ տարվա ռեկորդը։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ կարգավորմանն առնչվող զգայուն հարցերին, մենք վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ ևս մեկ անգամ դեմ առ դեմ քննարկեցինք այս ամենը։ Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Համոզված եմ, որ եթե ի վերջո, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են դրանում, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այդ տարածքում բնակվող մարդկանց անվտանգության ապահովման առումով։
Մենք շատ ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք հանդիպելու ոչ միայն դեմ առ դեմ, այլև ավելի լայն ձևաչափով։ Համոզված եմ, որ դա օգտակար կլինի:
Խնդրեմ»:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.
«Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար:
Իսկապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցավ բարձր մակարդակով։ Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։
Տնտեսական դինամիկայի առումով ճիշտ եք՝ Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ առնվազն վատ չէ։
Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, այդ մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Այսօր մենք աշխատանքային ռեժիմով քննարկել ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում՝ մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը։ Ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։
Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև Հայաստանի Հանրապետության բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությունով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»:
Ամփոփելով՝ Վլադիմիր Պուտինը հավելել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Դուք գիտեք մեր դիրքորոշումը մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել։
Տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ ավտոճանապարհների հնարավոր կառուցման մասով, ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է։ Եվ նոր, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք ասել ենք այս մասին։
Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն:
Այդուհանդերձ, հարցեր կան, Դուք հենց նոր նշեցիք դրանք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։ Կարծում եմ՝ կարող ենք այս մասին ավելի մանրամասն խոսել»:
* * *
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: