Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

07.06.2023 - 09.06.2023

ևս 113 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը:

Մինչ այդ կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է,

«Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործնկերներ, ուրախ եմ ձեզ ողջունել Սոչիում` Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն բարեմաղթանքներն ու ողջույնները, ցանկանում եմ փոխանցել նաև ամենաջերմ մաղթանքները Հայաստանի նախագահ Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:

Մենք անկեղծորեն փայփայում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ: Այսօր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև զարգանում է ակտիվորեն, դինամիկ` չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որոնք ընդունել են ոչ բարեկամական մի շարք երկրներ: Հունվար-ապրիլին փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով և կազմել գրեթե 140 մլրդ ռուբլի, կամ ավելի քան 660 մլրդ հայկական դրամ: Իհարկե, կարևոր է պահպանել այդ դրական դինամիկան և փոխադարձ առևտրում դուրս գալ նոր ռեկորդային ցուցանիշների:

Հայաստանում հաջողությամբ աշխատում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, իրականացված ներդրումներն այսօր հայկական տնտեսությունում արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում են 46 տոկոսով: Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները` ավելացնելու առևտուրը, ներդրումները և իհարկե այդ խնդիրը լուծում է մեր համատեղ միջկառավարական հանձնաժողովը, ռուսական կողմից այն գլխավորում է Ալեքսեյ Օվերչուկը: Աշխատանքը կառուցվում է մինչ 2025 թվականը տնտեսական համագործակցության միջկառավարական ծրագրի հիման վրա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի պարոն Գրիգորյանին, բոլոր գործընկերներին` հանձնաժողովում ակտիվ աշխատանքի համար: Մշտական կապի մեջ ենք, հանդիպում ենք և առևտրաշրջանառության աճի արդյունք է նաև հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը:

Մենք շահագրգռված ենք նոր համատեղ ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել ժամանակակից լուծումներ, այդ թվում` էլեկտրոնային կառավարման ոլորտում, անվտանգ և խելացի քաղաքի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների և մի շարք այլ նախագծեր:

Մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցությանը, այժմ աշխատում են Ռուսաստանի Դաշնության ավելի քան յոթ տասնյակ սուբյեկտներ, ուղիղ կապի մեջ են Հայաստանի մարզերի, սուբյեկտների հետ: Նախորդ տարի Հայաստանում ռուսական տարածաշրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է 24 բիզնես առաքելություն: Կարևոր է ընդլայնել և ստեղծել նոր կոոպերացիոն կապեր:

Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ կերպով աշխատում են Եվրասիական տնտեսական միությունում և անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում: Վստահ եմ, որ այն որոշումները, որոնք մենք կընդունենք այստեղ` Սոչիում, նոր ազդակ կհաղորդեն տնտեսական ինտեգրմանը:

Համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության` մենք համակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, նոր ենթակառուցվածքային ուղղությունների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում:

Հարգելի Նիկոլ Վովայի, մենք ունենք հագեցած օրակարգ և ցանկանում եմ խոսքը Ձեզ փոխանցել: Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Միխայիլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ:

Դուք արդեն շատ բան ասացիք մեր տնտեսական կապերի մասին, իսկապես ունենք շատ լավ դինամիկա և ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում: Հիշում եմ, նախորդ տարի քննարկում էինք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և երբ նայում եմ արդյունքներին` փաստում եմ, որ բազմաթիվ բաներ, որոնց մասին խոսել ենք, պայմանավորվել, արդեն կյանքի են կոչվել, ինչի համար շատ ուրախ եմ:

Կա բավականին մեծ ներրումային ակտիվություն, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, հիանալի կերպով է աճում, և դա, իմիջայլոց, օգնում է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մենք ունենք բավականին լավ տնտեսական ակտիվություն: Այժմ արդեն ամառային շրջան է և մեզ մի փոքր անհանգստացնում է Վերին Լարսի մաքսակետի թողունակությունը։ Ես գիտեմ, որ ռուսական կողմն այնտեղ մեծ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում։ Հուսով եմ՝ առաջիկայում՝ այս ամսում, կամ, եթե կարող եք հստակեցնել, ե՞րբ է նախատեսվում ավարտել այդ աշխատանքները։ Սա շատ կարևոր տեղեկություն է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։ Եվ սա նաև կարևոր նրբություն է, որը մեծապես կխրախուսի մեր տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։

Դուք արդեն նշեցիք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասին։ Կարելի է ասել, որ վերջին հանդիպման ժամանակ բավականին շոշափելի առաջընթաց է նկատվել։ Եվ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ, և ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային և տնտեսական տրանսպորտային հաղորդակցությունները՝ այն կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները։ Սա վերաբերում է այն հաղորդակցություններին, որոնք նշված են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կոնկրետ լուծումների գալ։

Մենք մեր կոնկրետ առաջարկներն ենք առաջ քաշել, և ես հույս ունեմ, որ այդ առաջարկները կընդունվեն։ Սկզբունքորեն այնպես չէ, որ սրանք մեր առաջարկներն են, սա փոխզիջումային լուծում է, որը մենք մշակել ենք վերջին երկու տարվա ընթացքում։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կկարողանանք շատ արդյունավետ քննարկել բոլոր հարցերը»։

Արձագանքելով` Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վիվայի, երեկ՝ այդ թվում Ձեզ հետ հանդիպումից առաջ, ես հանդիպեցի տրանսպորտի նախարար Վիտալի Գենադիի Սավելևի հետ։ Մանրամասն քննարկել ենք, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետի հարցերը։ Նա համապատասխան խոստումներ է տվել՝ մինչև հունիսի 15-ն ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկացա, խոսքը ևս չորս ճանապարհագծի մասին է և, համապատասխանաբար, երեկ նա ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Եթե Ռուսլան Դավիդովն ավելացնելու բան ունի, ապա խնդրեմ։ Նա Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն է»:

Ռուսլան Դավիդով - «Շնորհակալություն, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Նիկոլ Վովայի: Իսկապես, և՛ մաքսային, և՛ սահմանային ծառայություններն անում են ամեն ինչ՝ վերակառուցման պայմաններում թողունակությունն ապահովելու համար։ Ամենօրյա ցուցանիշը կազմում է մոտ 1000 մեքենա երկու ուղղությամբ։ Հասկանալի է, որ գոնե մեկուկես հազարի պետք է հասցնենք, որպեսզի ընդհանրապես հերթեր չլինեն։ Տրանսպորտի նախարարությունից ակնկալում ենք, նրանք մեզ իսկապես խոստանում են, որ մինչև հունիսի 15-ն այս ճանապարհագծերը պատրաստ կլինեն։ Եթե այդ երթևեկելի գոտիները լինեն, կարծում եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում խցանումները կվերացնենք՝ հասցնելով դրանք զրոյի»:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Ուրեմն տեսեք, հունիսի 15-ին պետք է անեն, իսկ հունիսի 22-ին Դավիդովը պետք է պատասխան տա, որ խցանումներ չլինեն։ Պայմանավորվեցինք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Սա շատ լավ նորություն է. որովհետև, ճիշտն ասած, դժվար է հավատալ, որ այդպիսի բան հնարավոր է, որպեսզի Վերին Լարսում ընդհանրապես խցանումներ չլինել»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Այժմ ամեն ինչ հրապարակային քննարկեցինք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Ոչ միայն քննարկեցինք, այլև արդեն խոստացաք։ Սա նշանակում է, որ դա պետք է արվի։ Շատ շնորհակալություն»։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին - «Դա միանշանակ է: Մենք երեկ նայեցինք, այդ թվում` լուսանկարներ օբյեկտներից, թե ինչ է կատարվում այնտեղ: Այնտեղ մեր գործընկերները շատ քրտնաջան աշխատում են։ Հուսով եմ, որ ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես պայմանավորվել ենք»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Կներեք, որքանո՞վ է ավելանալու վերակառուցումից հետո թողունակությունը»։

Ռուսլան Դավիդով - «Կլինեն 39 երթևեկելի գոտիներ, որոնցից 15-ը բեռնափոխադրումների համար: Ինչպես արդեն ասացի, մինչ վերակառուցումը մենք հասել էինք ռեկորդային՝ օրական 1200 բեռնատար երկու ուղղություններով և 3500 մարդատար մեքենա։ Հիմա ակնկալում ենք, որ եթե 1200 էր, ապա բեռնափոխադրման ցուցանիշն օրական 1500 պետք է հասնի։ Իրականում Վերին Լարսը, թեկուզև վերանորոգման և վերակառուցման պայմաններում, ամենաակտիվ անցակետն է ընդհանրապես»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Շատ շնորհակալ եմ Միխայիլ Վլադիմիրի։ Ես գիտեմ, որ եթե Դուք ինչ-որ բան խոստանում եք, ապա դա կատարվում է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալություն»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։

Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու հունիսի 8-ին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Հարգելի Սերգեյ Նիկոլայի,

Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։

Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման:

Հայաստանի Հանրապետությունը համարում է «Ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների հիմնադրման, գործունեության և իրականացման մասին» համաձայնագիրը մեծ հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում ներդրումային գործունեության զարգացմանը նոր թափ հաղորդելու համար և իր պատրաստակամությունն է հայտնում սույն Համաձայնագրի դրույթների գործնական կիրառման առումով:

Մեր առջև ծառացած կարևոր խնդիրներից է մեր երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև արդյունաբերական կոոպերացիոն կապերի ակտիվացման և փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նորարարական արդյունաբերական կլաստերների և գիտաարտադրական գոտիների ձևավորման նպատակով։

Գիտելիքահեն ինտենսիվ նոր ճյուղերի ստեղծումը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ներուժի արդիականացումը կայուն և նորարար տնտեսական զարգացմանը հասնելու հիմնական գործոնն է, ինչպես նաև՝ մեր տնտեսությունների մրցունակության բարձրացման անհրաժեշտ պայմանը: Այս համատեքստում նշեմ Արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի և Միջոցառումների համալիրի ընդունման կարևորությունը։

Գիտական և տեխնոլոգիական արագ առաջընթացի ֆոնին աստիճանաբար ավելի են սրվում բնապահպանական խնդիրները, և շրջակա միջավայրի համար ռիսկերը նվազեցնելու արդյունավետ մեխանիզմների ստեղծման պահանջարկը մեծանում է: Հետևաբար, խաղաղ նպատակներով էկոլոգիապես մաքուր միջուկային էներգիայի զարգացումը էական նշանակություն ունի կայուն զարգացում ապահովելու և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:

Այս համատեքստում, հայկական կողմն աջակցում է Ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի նպատակով տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, որն ուղղված է ոչ էներգետիկ նպատակներով, մասնավորապես՝ գիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման մեխանիզմների օպտիմալ մոտեցումների մշակմանը։

Հարգելի գործընկերներ,

Ժամանակակից իրողություններում արդիական է նաև հեռահաղորդակցական ցանցերում խարդախության դեմ պայքարը, և մենք պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար, այդ թվում՝ գաղտնագրման ժամանակակից մեթոդների, բազմագործոն նույնականացման և կասկածելի գործունեությունը հայտնաբերելու նպատակով մոնիտորինգի համակարգերի կիրառմամբ:

Հեռահաղորդակցության ցանցերում խարդախության դեմ պայքարը պահանջում է ինտեգրված մոտեցում, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, իրավապահ մարմիններին, պետությանը և օգտատերերին: Իսկ համապատասխան հուշագրի ստորագրումը պայմաններ կստեղծի միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների շուկայի արդյունավետ գործունեության և զարգացման, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերում խարդախության տարածումը կանխելու համար։

Կարևորելով ԱՊՀ շրջանակներում համագործակցության հումանիտար բաղադրիչը՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունը մշտապես աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի տարբեր ոլորտներին ինտեգրելու, ինչպես նաև նոր սերնդի և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ծրագրերին։

Հայկական կողմը ողջունում է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում ԱՊՀ երկրների Սպարտակիադայի ծրագրի իրականացումը, որի նպատակը նրանց ակտիվ ապրելակերպի մեջ ներգրավելն է։

Հատկապես կնշեմ «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացումը որպես երիտասարդների զարգացման, նրանց ստեղծագործական ներուժին աջակցելու և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության համար պայմաններ ապահովելու արդյունավետ գործիք։ Նման նախաձեռնությունները նպաստում են առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը, որոնք իվիճակի են դիմակայել մեր ժամանակի մարտահրավերներին և նպաստել մեր երկրների զարգացմանը։ Այս տեսանկյունից, ցանկանում եմ հաստատել պատրաստակամությունը, որ Կապան քաղաքը 2026 թ-ին ստանա այս պատվավոր կարգավիճակը։

Ամփոփելով ասվածը՝ ակնհայտ է, որ մեր Համագործակցության հնարավորությունները՝ որպես փոխգործակցության բազմապրոֆիլ հարթակ, դեռ լիովին չեն իրացվել։ Վստահ եմ, որ մեր համատեղ կառուցողական ջանքերը պետք է ուղղված լինեն համագործակցության ողջ ներուժն օգտագործելու գործում զգալի առաջընթացի հասնելուն։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաստատել հայկական կողմի անփոփոխ կառուցողական մտադրությունը խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ Համագործակցությունում այս տարի Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման շրջանակներում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Վարչապետ Փաշինյանը ԱՊՀ գործընկերների հետ շրջայց է կատարել նաև «Եվրասիա. մեր տուն» խորագրով ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ԱՊՀ պետությունների ընկերությունների արտադրությանը` տարբեր ոլորտներում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին հյուրընկալության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և հարակից միջոցառումների կազմակերպման ավանդական բարձր մակարդակի համար։

Այս տարի մենք առաջին անգամ նշեցինք Եվրասիական տնտեսական միության օրը, որը կապված է 2014 թվականի մայիսի 29-ին Միության մասին պայմանագրի ստորագրման օրվա հետ, և, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս նշանակալից իրադարձության առթիվ։

Այս ինը տարիների ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել։

Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առևտրի խթանման և բիզնեսի ու ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, և հասել է զգալի արդյունքների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա։

Վստահ եմ, որ մեր միավորումը կշարունակի ընթանալ իր ստեղծման հիմքում դրված նպատակներին հասնելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ,

Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունն ինտեգրման հիմնական սկզբունքներից մեկն է և մեծապես կանխորոշում է մեր ինտեգրացիոն միավորման ստեղծման և գործունեության իմաստը:

Օրենսդրական դաշտի հետևողական կատարելագործումն այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերի, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, հանդիսանում է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման կարևոր գործոն:

Այս համատեքստում, կարևոր եմ համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը թույլ կտա դրանց կրողներին աշխատանքային միգրացիայի շրջանակներում մասնագիտական գործունեություն ծավալել այն երկրում, որտեղ նա աշխատում է։

Դրական ենք գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունն իր շուկա մուտք գործելու խոչընդոտներ չունի։

Մենք, անշուշտ, աջակցում և շատ պահանջված ենք համարում Միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը։ Հանձնաժողովի խնդիրը չպետք է սահմանափակվի Միության իրավունքի խախտումների պաշտոնական արձանագրմամբ։ Մեր վերազգային մարմինը պետք է ելնի Միության ներքին շուկայի լիարժեք և սահուն գործունեության ապահովման անհրաժեշտությունից՝ մեր վերջնական և կարևորագույն նպատակին՝ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համար։

Ապագայում առևտրի համար նոր խոչընդոտների առաջացումը կանխելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգի անցնելու ուղղությամբ աշխատանքի շարունակությունը:

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կլիմայական ոլորտում պետությունների համակարգված գործողությունների մոտեցումը Փարիզի համաձայնագրի շրջանակներում՝ անդամ երկրների տնտեսությունների ապաածխածնացման պլանների լարվածությունը հավասարեցնելու համար։

Դեկլարատիվից փոխգործակցությունից ավելի գործնական ուղղության անցման համատեքստում կցանկանայի նշել Կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումների առաջին փաթեթի ձևավորումը։ Համաձայնեցված և իրատեսական ծրագրի առկայությունը և դրա ձևավորման ու իրականացման գործնական մոտեցումն իսկապես կարող են բազմապատկել ակնկալվող արդյունքները տեխնոլոգիական զարգացման առումով և ապահովել յուրաքանչյուր անդամ պետության կողմից գործադրվող ջանքերի համախմբումը:

Նշեմ, որ ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ նպատակներին կարելի է հասնել այն պարագայում, եթե ավելացվի վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգաարդյունավետության, կանաչ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքների զարգացումը, անկասկած, կնպաստի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը։

Ակնհայտ է, որ կլիմայական օրակարգն այսօր հիմնված է հարցերի այնպիսի շերտի վրա, ինչպիսիք են` տնտեսության տեխնոլոգիական վերափոխումը և նոր տեխնոլոգիական հարթակի անցումը։

Թվային տնտեսությունն այսօրվա օբյեկտիվ իրականությունն է։ Թվային տեխնոլոգիաները պետությունների համար ստեղծում են մրցակցային առավելությունների աղբյուրներ։

Անդամ երկրներում «Թվային օրակարգի» և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացների ամբողջական իրականացումը հզոր խթան կհանդիսանա թվային տնտեսության զարգացման և մեր երկրների միջև տնտեսական գործընթացների արագ իրականացման համար։

Լոգիստիկան ևս մեկ ոլորտ է, որն էական ազդեցություն ունի վերջնական օգտագործողի համար գնագոյացման վրա և պահանջում է նաև թվային լուծումներ:

Նման լուծումներից է նավիգացիոն կնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել բացարձակ «թափանցիկություն» և «անխափան» փոխադրումներ, այլև հեշտացնում և արագացնում է ապրանքների առաքումը հասցեատիրոջը։

Չնայած արդեն ձեռնարկված քայլերին, մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այս առումով, ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև՝ լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերում փոխգործակցության կարևորությունը:

Եվրասիական տրանսպորտային տարածքի զարգացման, առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ձևավորման ու իրականացման, ինչպես նաև այդ նախագծերի ֆինանսավորման հատուկ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական կառույցների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ռազմավարական ուղղությունների զարգացումը խրախուսելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Զուգահեռաբար, ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Լիարժեք համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրների՝ Իրան արտահանման համար արտոնյալ հասանելիություն նախատեսող համաձայնագրերի փաթեթ։ Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։

Կարծում ենք, որ այս տարի Միության անդամ երկրների աջակցությամբ մենք կկարողանանք ստորագրել այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իրանական կողմն իր հերթին նույն տրամադրվածությունն է ցուցաբերում։

Եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել եվրասիական ինտեգրման առաջնահերթ ոլորտների իրականացման համար։

Օգտվելով առիթից, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, որը նշվելու է հունիսի 12-ին, և բոլոր ռուսաստանցիներին մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Շնորհակալություն ուշադրության համար»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,
Կոնգրեսի հարգելի մասնակիցներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Արդի հարցերի շուրջ բարձր մակարդակով մտքերի փոխանակումը հնարավորություն է տալիս ոչ միայն «ձեռքը զարկերակին պահել» և բացահայտել մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, այլև համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ մեր երկրների կայուն զարգացման։

Վերադառնալով քննարկման անմիջական թեմային՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ։

Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը։

Այս համատեքստում քննարկման հետաքրքիր թեմա եմ համարում նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Գործընկերներ,

Նշեմ, որ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը ։

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ,

Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից:

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։ Շնորհակալություն ուշադրության համար»։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, մենք պարբերաբար հանդիպում ենք, շատ ուրախ եմ այսօրվա միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել ենք նախորդ հանդիպման ընթացքում: Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրվա առիթով և մաղթել լավագույնը Ռուսաստանի Դաշնությանը: Այո, իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:

Տեղի է ունեցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի մասնակիցների հանդիպումը ՌԴ նախագահի հետ:

← Վերադառնալ