Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն
- 1670x1113px - 390 Կբ
- 1113x1670px - 496 Կբ
- 1113x1670px - 509 Կբ
- 1670x1113px - 672 Կբ
- 1670x1113px - 615 Կբ
- 1670x1113px - 834 Կբ
- 1670x1113px - 510 Կբ
- 1670x1113px - 508 Կբ
- 1670x1113px - 433 Կբ
- 1670x1113px - 468 Կբ
- 1670x1113px - 905 Կբ
- 1670x1113px - 869 Կբ
- 1670x1113px - 755 Կբ
- 1670x1113px - 800 Կբ
- 1670x1113px - 812 Կբ
- 1113x1670px - 900 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 926 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 926 Կբ
- 1113x1670px - 940 Կբ
- 1670x1113px - 965 Կբ
- 1670x1113px - 887 Կբ
- 1670x1113px - 959 Կբ
- 1670x1113px - 597 Կբ
- 1670x1113px - 493 Կբ
- 1670x1113px - 481 Կբ
- 1670x1113px - 468 Կբ
- 1670x1113px - 559 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 615 Կբ
- 1670x1113px - 706 Կբ
- 1670x1113px - 659 Կբ
- 1670x1113px - 700 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 731 Կբ
- 1670x1113px - 721 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 696 Կբ
- 1670x1113px - 809 Կբ
- 1670x1113px - 540 Կբ
- 1670x1113px - 562 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 713 Կբ
- 1670x1113px - 884 Կբ
- 1670x1113px - 583 Կբ
- 1670x1113px - 747 Կբ
- 1670x1113px - 528 Կբ
- 1670x1113px - 821 Կբ
- 1670x1113px - 690 Կբ
- 1670x1113px - 770 Կբ
- 1670x1113px - 602 Կբ
- 1670x1113px - 581 Կբ
- 1670x1113px - 980 Կբ
- 1670x1113px - 632 Կբ
- 1670x1113px - 789 Կբ
ևս 55 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր Ելիսեյան պալատում նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
* * *
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Կրիտսալինա Գեորգիևան, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան, մի շարք երկրների առաջնորդներ, կառավարությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Մասնակիցներին դիմավորել է «Փարիզի խաղաղության համաժողովի» գլխավոր տնօրեն Անջել Գուրրիան: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հաջորդիվ վարչապետը մասնակցելու է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին:
Վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:
Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարադձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հավելել, որ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրւա:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մասնակցել է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի մոդերատոր,
Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի հարգելի մասնակիցներ,
Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Մակրոնին՝ ֆորումի հրաշալի կազմակերպման, ջերմ հյուրընկալության և հրավերի համար։
Ֆորումի փաստաթղթերի հիմնական արձանագրություններից մեկն այն է, որ աշխարհում 2 միլիարդ մարդ ապրում է հակամարտություններից տուժած շրջաններում: Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ավելի ճշգրիտ կլինի այդ նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ էթնիկ զտումների հետևանքով 500 հազարից ավելի հայեր այլևս հնարավորություն չունեն ապրելու իրենց հայրենիքում։
500 հազարն Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվն է։ Նրանցից մոտ 360 000-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով։ Այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։
Իսկ մինչ այդ, Խորհրդային Միության օրոք, վարչական և հոգեբանական ճնշումների պատճառով հայերը ստիպված էին լքել Նախիջևանը և Ադրբեջանի շատ այլ տարածքներ։
2020 թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 26000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը: Իսկ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 000 հայեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը:
Մենք երկար ժամանակ ահազանգել ենք միջազգային հանրությանը, որ նման հեռանկարը գնալով ավելի ու ավելի իրատեսական է դառնում՝ հատկապես 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումից հետո։
Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ։
Այնուամենայնիվ, հարգելի մասնակիցներ, ես չեմ եկել խաղաղության այս ֆորումի ընթացքում խոսելու պատերազմի մասին։ Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։
Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։
Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա.
Սկզբունք համար 1. Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ քառակուսի, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ քառակուսի տարածք։
Սկզբունք համար 2. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:
Ի գիտություն ձեզ, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրվել է Խորհրդային Միության 12 հանրապետությունների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագրով նախկին ԽՍՀՄ 12 հանրապետությունները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող վարչական սահմանների անձեռնմխելիությունը, հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։
Սկզբունք համար 3. Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները:
Մենք այս սկզբունքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում, և այդ պայմանավորվածություններն արձանագրվեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններում՝ 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի եռակողմ հանդիպումներից հետո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։
Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։
Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ ԵՄ մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին:
Ֆորումի հարգելի մասնակիցներ,
Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։
Առանց տրանսպորտային հաղորդակցությունների վերաբացման՝ նման իրավիճակ ապահովելը շատ դժվար կլինի, և դա հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Սա մեր տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով, էլեկտրահաղորդման գծերով կապելու կամ գոյություն ունեցող կապերն ամրապնդելու ծրագիր է։ Ինչպես գիտեք, մենք ներկայումս չունենք գործող ճանապարհներ, գործող երկաթուղիներ, մալուխներ, խողովակաշարեր կամ էլեկտրահաղորդման գծեր ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ, և առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին, այդ թվում՝ երկկողմանի, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ կապերի ամրապնդման առումով։ Մանրամասները ներկայացված են մեր «Խաղաղության խաչմերուկ» գրքույկում, որը բաժանվել է ձեզ, և հուսով եմ, որ մենք կկարողանանք իրականացնել նախագիծը՝ որպես մեր տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության երաշխիք։
Այս նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար։ Եվ ես աջակցության հույս ունեմ ոչ միայն տարածաշրջանային երկրներից, այլ ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից։ Միանշանակ, մենք շատ կարևոր, կարող ենք ասել պատմական խաչմերուկի առաջ ենք կանգնած։
Եկեք դարձնենք այն խաղաղության խաչմերուկ»։
Այնուհետև վարչապետը պատասխանել է պանելային քննարկման մոդերատորի և հանդիսատեսի հարցերին:
Մոդերատոր, «Մոնտենի ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ - Վարչապետ Փաշինյան, կարծում եմ` Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորությունը Ձեզ հիասթափեցրել է։ Որոշ մարդիկ ասում են, որ Եվրոպական առաջնորդները, այդ թվում իհարկե Ֆրանսիան, սխալ են գործել, օրինակ` Թուրքիային կամ այլոց չհրավիրելով։ Ինչպե՞ս եք գնահատում Գրանադայում տեղի ունեցածը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Գիտեք, փաստն այն է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում։ Հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։
Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում։
Իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։ Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։ Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր։
Մոդերատոր, «Մոնտենի ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ - Ըստ Ձեզ, Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։ Ի դեպ, սրանք այն սկզբունքներն են, որոնց մասին ես նշել եմ իմ ներածական խոսքում։ Եվ այս սկզբունքերին համաձայնություն է տրվել նաև Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։
Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևա - Շնորհակալություն։ Ես Ադրբեջանի դեսպանն եմ Ֆրանսիայում։ Ուզում եմ ողջունել բանախոսներին, և Ձեզ՝ վարողին։ Կցանկանայի անդրադառնալ այն հարցին, ինչին Դուք, հարգելի վարող, անդրադարձաք։ Ֆրանսիան անհանգստացած է այսպես կոչված սպառնալիքից, որ Ադրբեջանը կարող է լարել Հայաստանի դեմ։ Թույլ տվեք շեշտել, որ այս մտավախությունը բացարձակապես անհիմն է, որովհետև այն, ինչ Ադրբեջանն արել է մինչ այժմ, դա իր ինքնիշխանությունը վերահաստատելն է եղել իր տարածքի նկատմամբ, ինչը, ի դեպ, ճանաչված է միջազգային հանրության կողմից։
Այսպիսով, փաստացի, մենք ստացել ենք այն, ինչը պատկանել է Ադրբեջանին միջազգային օրենքի ներքո։ Եվ ինչպես Ադրբեջանն արդեն հայտարարել է և վերահաստատել` մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ։ Մենք ոչ միայն հետաքրքրված ենք, Ադրբեջանը նաև նախաձեռնել է հարաբերությունների կարգավորում Հայաստանի հետ անմիջապես 2020թ.-ի պատերազմի ավարտից հետո։
Եվ իհարկե, Ադրբեջանն աջակցում է ուղղակի երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ես նաև կուզենայի անդրադառնալ Գրանադայի հանդիպմանը և Ադրբեջանի դիրքորոշմանն այդ հանդիպման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ Գրանադայի հանդիպման նախորդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն այցելեց Հայաստան և հայտարարեց Հայաստանին զինելու, զենք ուղարկելու որոշման մասին։ Սա իսկապե՞ս միտված էր խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը։ Զինելով Հայաստանին, զինելով ռևանշիստական գաղափարախոսություն ունեցող երկրին։ Մյուս կողմից, Ֆրանսիան պատրաստվում էր մասնակցել հանդիպմանը որպես միջնորդ։ Այսպիսով, երկիրը, որը հրապարակայնորեն կողմերից մեկին է աջակցում, և հրապարակայնորեն հայտարարում է զենք ուղարկելու որոշման մասին, և պնդում է, որ միջնորդ է։ Մյուս կողմից, առաջնորդները մերժեցին Թուրքիայի նախագահի մասնակցությունը։ Ադրբեջանը հրապարակային տվել է այս բացատրությունը։ Եվ ես կուզենայի կրկնել Ադրբեջանի դիրքորոշումը, որը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հարատև խաղաղության վերականգման մասին է։ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը խաղաղության պայմանագրի մասով այն է, որ այդ պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, միջազգայնորեն ճանաչված սահմանների ճանաչման վրա, և տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության ճանաչման վրա։ Շնորհակալություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք լսեցինք Ադրբեջանի մտադրությունների մասին, ինչը ես դրական եմ համարում։ Բայց մյուս կողմից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից աճող հռետորաբանության վրա, որով Հայաստանի Հանրապետությունն անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա շատ մտահոգիչ ուղերձ է, և շատ կարևոր է, որ այս խոսույթը հովանավորվում է կառավարության կողմից։ Բայց կա մի շատ պարզ հարց` չկա հավելյալ փաստարկների կարիք։ Եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք համաձայնության ենք հասել Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ, դա կնշանակի, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ։
Կուզենայի անդրադառնալ Ֆրանսիայի ու Հայաստանի հետ կապված հարցին։ Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն, և այլն։
Մոդերատոր, «Մոնտենի ինստիտուտ»-ի հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզ -Յուրաքանչյուր երկիր ունի իրեն պաշտպանելու իրավունք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ։ Բայց, ընդհանուր առմամբ, իմ հիմնական ուղերձն այն է, ինչի մասին արդեն ասացի, եթե Ադրբեջանը վերահաստատի այն երեք սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցված են` դա կնշանակի մոտակա ամիսներին խաղաղության պայմանագրի կնքումն Ադրբեջանի հետ առավել քան իրատեսական կլինի։ Եկեք առաջ շարժվենք։
Հարց – Հարցս ուղղում եմ ձեզ երկուսին։ Իսրայելի պատերազմը Համասի դեմ նվազեցնում է ուշադրությունն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, և ընդհանրապես, Արևելյան Եվրոպայի և դրանից անդին տեղի ունեցող զարգացումների նկատմամբ։ Արդյոք մտավախություն ունե՞ք, որ Կովկասում պատերազմներն այդ ուշադրությունից դուրս են մնում և որ ԵՄ ընդլայնման գործընթացը կարող է աստիճանաբար նվազել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։
Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Դժբախտաբար, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ինքներս...: Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար։