Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

05.03.2024 - 06.03.2024

ևս 154 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:

Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Այսօր վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:

* * *

Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է հայ և եգիպտացի ժողովուրդների բազմադարյա սերտ կապերի փաստը` հավելելով, որ Եգիպտոսի հայ համայնքն իր ուրույն դերն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանը Եգիպտոսի գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ և անդրադարձել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Հարգելի ներկաներ և հյուրեր,

Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին:

Հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։ Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը:

Հարգարժան պարոնայք և հյուրեր,

Ես մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին:

Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի,

Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:

Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար:

Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։

Պարոն նախագահ,

Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ:

Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։

Մեծարգո նախագահ,

Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին:

Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։

Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։

Մեծարգո նախագահ աս-Սիսի,

Ամփոփելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ընդգծել վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և մեր պետություններին մաղթել ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ»:

* * *

Կահիրեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ:

Վերջինս կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար:

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդունիների ապաշրջափակմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

* * *

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբբասիայի Սուրբ Մարկոսի ուղղափառ տաճարի պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ Թավադրոս Երկրորդի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը պատրիարքարան և ընդգծել հայ համայնքի կարևորագույն դերը Եգիպտոսի հասարակական, քաղաքական կյանքում: Թավադրոս Երկրորդն ընդգծել է Ղպտի ուղղափառ եկեղեցու և Հայ առաքելական եկեղեցու միջև սերտ կապն ու համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ մեր երկրում ջերմությամբ են հիշում Թավադրոս Երկրորդի Հայաստան կատարած այցը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Եգիպտոսի նախագահի հանդիպման արդյունքներին, երկու երկրների կապերի հետագա ամրապնդմանը վերաբերող հարցերի:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

Ֆեդերացիայի նախագահ Ահմադ Ալ-Վաքիլին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման կարևորությունը: Նա շեշտել է, որ եգիպտական կողմը շահագրգիռ է քննարկել ներդրումային ծրագրերի իրականացման ու փոխգործակցության խորացման հնարավորություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տարբեր ոլորտներում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մեր երկրում ներդրումների իրականացման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերին ու բարեփոխումներին:

Ելույթով հանդես է եկել նաև Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նախարար Ահմեդ Սամիրը և ընդգծել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժի իրացման կարևորությունը:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական թիվ մեկ բնորոշիչը` բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, և՛ 2022-ին, և՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք: Եվ սա չնայած, ցավոք, մեր տարածաշրջանի և ընդհանրապես գլոբալ անկայունության և մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է Կառավարության հետևյալ մոտեցման և կարգախոսի շնորհիվ, երբ մենք՝ դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»»:

Վարչապետի խոսքով` վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 92 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարվա արդյունքներով պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատիկով կաճեն:

«Ներդրողների համար հետաքրքրության մի ուղղությունը կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը և, ընդհանրապես, պետական ներդրումների ոլորտը: Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես 1 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ և բարձր ցուցանիշ է, որը վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:

Մենք նաև ունենք ծրագրեր, որոնցով պիտի աջակցենք պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող: Ունենք տնտեսական արդիականացման ծրագիր, որտեղ, օրինակ՝ շինարարական ոլորտի ընկերությունները կարող են Կառավարության սուբսիդավորմամբ ձեռք բերել բարձրակարգ շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և արտադրական սարքավորումներ:

Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն:

Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք:

Հաջորդը՝ շինարարության ուղղությունն է մասնավոր հատվածում, որը վերջին տարիներին մեր տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է: Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 000 բնակարան գտնվում է կառուցման գործընթացում: Անշարժ գույքի ներդրումները կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ:

Հաջորդ ուղղությունը՝ տեխնոլոգիական ոլորտն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա և այն տնտեսության հիմնական ճյուղերից է:

Չեմ կարող չնշել մեր տնտեսության հաջորդ կարևորագույն ճյուղը, որը վերջին տարիներին տպավորիչ զարգացում է ցույց տալիս: Խոսքը ֆինանսական հատվածի մասին է: Բանկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ցույց է տալիս էական զարգացումներ և այն և՛ կորոնավիրուսի, և 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը:

Մենք, իհարկե, ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, և հետևողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` «Ակադեմիական քաղաքը» կառուցելիս Կառավարությունը նաև հնարավորություն կտա ներդրումներ կատարել մասնավոր հատվածին: «Այդ հատվածում նախատեսվում է նաև ազգային նոր ստադիոնի կառուցումը: Գյուղատնտեսական ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու համար նախատեսում ենք միջին չափերի 15 ջրամբար կառուցել:

Կրթության և գիտության ոլորտում մեր քաղաքականությունը խոշոր ներդրումներ անելն է, և մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր, որի հիմնական կարգախոսը գիտելիքն է, գիտելիքահենք տնտեսությունը, գիտելիքահենք կառավարումը: Եվ այս գիտելիքահենք կառավարումը պիտի ստեղծի մի դաշտ, որտեղ ներդրողները վստահ կարող են ներդրումներ անել, որտեղ ներդրողները կարող են վստահ լինել, որ իրենց օրինական, արդար աշխատանքի միջոցով կարող են հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նոր վարչական քաղաքում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլիի հետ:

Վերջինս ողջունել է վարչապետի այցը նոր կառուցվող վարչական քաղաք և ընդգծել Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության կարևորությունը: Մոսթաֆա Մադբուլին շեշտել է երկու երկրների միջև առկա բազմադարյա խորը պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Եգիպտոսի հայ համայնքը համախմբված կերպով ապրում է եգիպտական հասարակության մեջ՝ առանց որևէ խնդրի: Պարոն Մադբուլին նշել է ՀՀ վարչապետի արդյունավետ հանդիպումները երկրի նախագահի, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ` տնտեսական կապերի ամրապնդման ու առաջմղման նպատակով: Միաժամանակ, Մոսթաֆա Մադբուլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Եգիպտոս-ԵԱՏՄ համագործակցության զարգացմանը նպաստելու գործում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Եգիպտոսի նախագահի հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնական այցի արդյունքներով երկկողմ գերազանց քաղաքական հարաբերություններին զուգահեռ կխորանա նաև տնտեսական փոխգործակցությունը: Այս առումով, վարչապետը կարևորել է նաև գործարարների հետ ունեցած հանդիպումը: Միաժամանակ, ընդգծվել է առաջիկայում Հայաստան-Եգիպտոս միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի ու դրան զուգահեռ գործարար համաժողովի անցկացումը, որի ընթացքում կներկայացվեն նաև ներդրումային տարբեր առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եգիպտոսի աջակցությունը լոգիստիկ հարցերում` Հայաստանից Գազա հումանիտար օգնություն ուղարկելու հարցում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Մոսթաֆա Մադբուլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի հրապարակներից մեկը Եգիպտոսի անունով անվանակոչելու համար և հավելել, որ եգիպտական կողմը մայրաքաղաքի հրապարակներից մեկը կանվանակոչի Հայաստանի անունով:

Մտքեր են փոխանակվել նաև Եգիպտոսի նոր վարչական քաղաքի, ինչպես նաև Հայաստանում Ակադեմիական քաղաքի շինարարական գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար ֆորումն անցկացնել առաջիկա ամիսների ընթացքում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ:

Վարչապետը կարևորել է Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը և ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը ցավով է նշել, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով` հավելելով, որ դրա պատճառներից է նաև այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին: Այս առումով, վարչապետը կարևորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը և իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը:

Նիկոլ Փաշինյանն Ալ-Ազհարի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719 թվականի Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը:

Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար և կարևորել հանդուրժողականության ու խաղաղության ամրապնդումը նաև կրոնների միջոցով: Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Մատենադարանում պահվող արաբատառ ձեռագրերի ցուցահանդես` հավելելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են նաև հասարակությունների միջև խաղաղ գոյակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի այցը կնպաստի Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանն ու առաջընթացին, այդ թվում` կրոնական կրթության և մշակույթի ոլորտներում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Վարչապետին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:

* * *

Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան:

Վարչապետը թանգարանի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ահմեդ Ֆարուկ Հոնեյմի ուղեկցությամբ շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում:

← Վերադառնալ