Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

08.05.2024 - 08.05.2024

ևս 24 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները:

Նախ տեղի է ունեցել նեղ կազմով նիստը, որից հետո կայացել է պետությունների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը:

Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին` այսօրվա հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Ուրախ եմ նաև ողջունել ԵԱՏՄ դիտորդ երկրների ղեկավարներին և հրավիրված հյուրերին։

Ինչպես արդեն նշել ենք նեղ ձևաչափով քննարկման ժամանակ, այսօրվա հանդիպումը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ։

Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր երկրների տնտեսությունների համար անդամ երկրների միջև սերտ և տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։

Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով։

Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը:

Հանդիպման հարգելի մասնակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Վերադառնալով բուն օրակարգային հարցերին՝ չեմ կարող չմատնանշել, որ էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է։ Հայկական կողմն ըմբռնումով է մոտենում չկատարված միջոցառումների իրականացման ժամկետների հնարավոր վերանայմանը, սակայն կարծում է, որ այդ գործընթացը չի կարող անվերջ տևել և պետք է իրականացվի ողջամիտ ժամկետներում։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ արագ կոնսենսուսի հասնելու և ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկելու նպատակով։

Հատկապես կարևորում ենք իրավական դաշտի ստեղծումը, որն ապահովում է անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։ Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։

Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար։

Հարգելի գործընկերներ,

Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով ծրագրերի ընթացքին, ինչպես նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության զարգացմանը:

* * *

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

ՌԴ նախագահն իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում:

Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: Հայաստանի համար առևտրաշրջանառության ավելացումը ԵԱՏՄ երկրների հետ 2015 թվականից զգալի է եղել` 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ևս զարգանում են հաջողությամբ: Մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը: Նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ձեր կողմից արտահանման աճի հետ մեր երկիր: Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ:

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Շնորհակալություն հարգելի Վլադիմիր Վլադիմիրի: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը:

Ես ևս ուրախ եմ Ձեզ տեսնել»:

← Վերադառնալ