- 1670x1113px - 936 Կբ
- 1670x1113px - 931 Կբ
- 1670x1113px - 638 Կբ
- 1670x1113px - 611 Կբ
- 1670x1113px - 702 Կբ
- 1670x1113px - 687 Կբ
- 1670x1113px - 769 Կբ
- 1670x1113px - 559 Կբ
- 1670x1113px - 533 Կբ
- 1670x1113px - 692 Կբ
- 1670x1113px - 786 Կբ
- 1670x1113px - 716 Կբ
- 1670x1113px - 803 Կբ
- 1113x1670px - 499 Կբ
- 1670x1113px - 586 Կբ
- 1670x1113px - 562 Կբ
- 1113x1670px - 440 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1113x1670px - 477 Կբ
- 1670x1113px - 601 Կբ
- 1670x1113px - 674 Կբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 924 Կբ
- 1670x1113px - 873 Կբ
- 1670x1113px - 859 Կբ
- 1670x1113px - 737 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
- 1670x1113px - 525 Կբ
- 1670x1113px - 526 Կբ
- 1670x1113px - 516 Կբ
- 1670x1113px - 854 Կբ
- 1670x1113px - 922 Կբ
- 1670x1113px - 960 Կբ
- 1670x1113px - 753 Կբ
- 1670x1113px - 1023 Կբ
- 1670x1113px - 783 Կբ
ևս 33 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:
Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:
* * *
Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:
* * *
Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:
Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև գրեթե չորս տասնյակ պետությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Գործընկերներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աութրիչ/ԲՐԻԿՍ+ ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտությունս հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և այսօրվա գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը - համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:
Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):
Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։
Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում։
Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ և անդամներ,
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը երեկ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։
Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։ Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական։
Հարգելի գործընկերներ,
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Արդեն լիովին համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, տարածքային փոխադարձ պահանջների բացակայության և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և խաղաղության պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ ձևակերպումները։
Մեր գնահատականը հետևյալն է. արդեն այսօրվա դրությամբ համաձայնեցված բովանդակության մեջ համաձայնագրի նախագիծը ձևակերպում, հասցեագրում և լուծում է բոլոր սկզբունքային հարցերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ամուր հիմքեր ստեղծելու և հարաբերությունները կարգավորելու համար, և մենք առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել այդ համաձայնագիրը:
Շնորհակալություն ուշադրության համար»։
* * *
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։