Պատմություն


Վարչապետի նստավայրը գտնվում է Հանրապետության հրապարակում: Հեղինակն է ճարտարապետության ակադեմիկոս, ՀՍՍՀ ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1878-1936թթ.) :

Ի սկզբանե նախագծվել (1926-1928թթ.) և կառուցվել է ներկայիս շինության հյուսիս-արևմտյան հատվածը, որպես Հողժողկոմատի առանձին շենք, որի շինարարությունն ավարտվել է 1929թ.-ին:

1932-1936թթ. նույն տեղում նախագծվել է Կառավարական տան մի ամբողջ թաղամասի տարածք զբաղեցնող համալիրը, որն իր մեջ ներդաշնակ կերպով ընդգրկել է նաև Հողժողկոմատի շենքը: Ըստ այդ նախագծի, անկանոն հնգանկյուն պարագիծ ունեցող շենքի կենտրոնական մասում՝ ներքին բակում, կառուցվելու էր առավել բարձր, գլանաձև մի ծավալ, որը կատարելու էր համալիրի տարբեր մասերը միմյանց հետ հաղորդակցող ճեմասրահի դեր: Քաղաքաշինական առումով այն՝ Ժողտան /Օպերային թատրոնի շենքի/ հետ միասին դառնալու էր նախագծվող Հյուսիսային պողոտայի առանցքային դոմինանտը: 1941թ., սակայն, ընդհատվել է շինարարությունը և չեն իրականացել համալիրի կենտրոնական և արևելյան հատվածների նախագծերը:

Կառավարական տան շինարարությունը 1952թ. ավարտել է հեղինակի որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը, իր նոր նախագծով՝ արդեն առանց կենտրոնական բարձրադիր ծավալի, արևելյան մասում հավելելով նաև նիստերի ընդարձակ դահլիճ:

Կառավարական տունն առաջին շենքն է, որ կառուցվել է Ալ. Թամանյանի՝ 1924թ. քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կենտրոնական օվալաձև հրապարակում, և դրանով իսկ իրենով պայմանավորել է հետագայում կառուցված շենքերի բարձրությունը, հորիզոնական ջլատումները, մասշտաբը, ռիթմը և ոճական առանձնահատկությունները:

Շենքի հատակագծային-հորինվածքային սկզբունքը պարզ է, գործառնական առումով՝ նպատակահարմար, կենտրոնական առանցքային միջանցքների երկու կողմերում տեղադրված աշխատասենյակներ՝ նիստերի մեծ ու փոքր դահլիճների, ճեմասրահների և աստիճանավանդակների հարմոնիկ համադրությամբ: Ճակատների մշակումները տարբեր են՝ համաձայնեցված դրանց քաղաքաշինական դերին և շրջակա կառուցապատմանը: Կորագիծ հատակագծով հրապարակահայաց գլխավոր ճակատը մշակված է մոնումենտալ սյունափնջերի վրա հենվող հինգ կամարների ռիթմով, որի վրայով ձգվում է բաց սյունասրահի գոտին: Հյուսիսային կողմում այն հարում է ուղղանկյուն ռոտոնդայով պսակված աշտարակին: Հրապարակին հարող փողոցներում ճակատների մշակումն ավելի պարզ է և զուսպ, սակայն այս տարբերությունը չի ենթադրում հակադրություն: Շնորհիվ անկյունային աստիճանական և սահուն անցումների, կառույցի ողջ հորինվածքը ընկալվում է միասնական և հարմոնիկ: Դեկորատիվ մշակումներով հեղինակը ստեղծագործաբար օգտագործվել է հայկական միջնադարյան ճարտարապետության (Տեկոր, Դվին) և մոնումենտալ քանդակագործության տարրեր:

Շենքը կառուցված է վարդագույն ֆելզիտային տուֆով՝ բազալտե գետնախարիսխի վրա:

Կառավարական տան համար 1942թ. Ալ. Թամանյանին շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ, իսկ Հանրապետության հրապարակի համակառույցի հեղինակները 1970թ. արժանացել են ՀՍՍՀ պետական մրցանակի: