Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

«Մենք շարունակում ենք հեղափոխությունը». վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ֆրանսիական միջազգային ռադիոկայանին (RFI)

13.06.2018

Հայաստանում խաղաղ իշխանափոխությունից մեկ ամիս անց 43-ամյա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս հեղափոխականից պետական գործչի անցման ճանապարհը. նա խոստանում է խորհրդարանական ընտրություններ մինչեւ 2019թ եւ սկսում է մեծ բարեփոխումների ձեռնարկումը երկրում, որին փտախտի պես քայքայում էր կոռուպցիան: Այս ամենի մասին նա խոսել է RFI-ի (Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալ) հետ հարցազրույցում։

RFI- Հայաստանում դուք հայտնի էիք որպես նախկին լրագրող, ընդդիմադիր ճամբարի պատգամավոր եւ ակտիվիստ։ Թավշյա հեղափոխությունից հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում պետական գործչի դերում։

Նիկոլ Փաշինյան- Ընդհանուր առմամբ՝ բոլոր հեղափոխություններն արվում են մշտապես երկընտրանիքի հիմքի վրա․ դադարեցնել պայքարը, կամ գնալ ընդդառաջ երազանքին։ Իմ երկրի դեպքում ժողովուրդը կանխորոշեց անելիքներս։ Ես հասկանում էի, որ միայնակ որոշելով գործողություններս՝ գուցե թե դավաճանած կլինեմ ժողովրդիս։ Այսօր մենք հետամուտ ենք հեղափոխության իրականացմանը։ Այդ մենք էինք բոլոր խնդիրները բարձրացնողը եւ այստեղ ենք՝ դրանք լուծելու համար։

RFI- Դատական համակարգում կաշառակերության տարածվածությունը խնդիրներից մեկն էր, որ բարձրացրիք։ Ինչպե՞ս եք փոխելու այդ համակարգը, որ ժառանգություն եք ստացել եւ նախատեսո՞ւմ եք արդյոք շոկային թերապիա, ինչպես եղավ հարեւան Վրաստանում 2003-ի հեղափոխությունից հետո։

Նիկոլ Փաշինյան- Վերջին տարիներին միջազգային եկամուտներից հարյուր հազարավոր դոլարներ ուղղված են եղել դատական համակարգի գործունեության կարգավորմանը։ Այդ թվում՝ Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հատկացրած գումարները։ Բոլոր բարեփոխումները որակապես օգտակար են գնահատվել հենց ֆինանսավորողների կողմից։ Անհրաժեշտ աշխատանքների 90%-ն իրականացվել է։ Միայն մի խնդիր է մնում առկախ եւ ենթակա կարգավորման․ Բաղրամյան 26-ից դատավորների արձակած ուղիղ հրամանները։ Անձնապես ես նման հեռախոսազանգեր չեմ անում։ Եւ ուրեմն, խնդիրը լուծված է։ Նրանք, ովքեր որեւէ առնչություն չունեն կաշառակերության դեպքերի հետ, կշարունակեն աշխատել՝ իրենց ազատությամբ եւ անկախությամբ։ Իսկ շոկային թերապիայի կարիք ամենեւին չկա։

RFI- Կնոջ դերը ներկայիս կառավարության կազմում գրեթե նույնն է, ինչ նախորդում։ 17 նախարարներից միայն 2-ն են կին։ Ինչպե՞ս կբացատրեք սա։

Նիկոլ Փաշինյան- Վերջին երկու օրերին ես նշանակել եմ եւս չորս կին փոխնախարար։ Թավշյա այս հեղափոխության կայացմանը նախկինում խանգարում էր երկու էական ուժերի պասիվությունը․ այդ ուժերն են՝ կանայք եւ երիտասարդությունը։ Կանանց մասնակցությունը քաղաքական այս գրոծընթացին ահռելի էր եւ աննախադեպ։ Դեպքերը շատ արագ զարգացան, որպեսզի ուժային համաչափությունը երեւար նաեւ կառավարության կազմում։ Քաղաքական ակտիվությունը դեռ վեր չի ածվել քաղաքական ակտիվության։ Ես մնում եմ համոզված, որ շատ մոտ ապագայում կնոջ դերն առանձնակի կարեւորություն կստանա քաղաքական գործընթացներում։

RFI- Դուք հայտարարեցիք 7 միլիոն հաշվվող Հայկական սփյուռքի, որից 6 հարյուր հազարը՝ Ֆրանսիայում է, հայրենադարձության մեծ ծրագրի մասին։ Ինչպե՞ս եք այն ի կատար ածելու։ Շատերն են ներդրել տնտեսական եւ մշակութային նախագծերում՝ չապրելով այդտեղ։ Քաղաքականորեն նրանք եւս պարտավոր են ներգրավվել, այնպես չէ՞ ։

Նիկոլ Փաշինյան- Մեծ հայրենադարձությունն իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարական ծրագիրն է։ Ես ենթադրում եմ, որ մեր հայրենակիցների ներուժը կարող է ծառայել ոչ միայն տնտեսական եւ մշակութային բարգավաճմանը, այլեւ կառավարմանն ու հանրային կազմակերպմանը։ Մի շարք սահմանադրական խոչընդոտներ կան այդ մասնակցությունն ապահովելու հարցում, ինչպես օրինակ՝ անհատը կարող է ստանձնել նախարարի պաշտոն, եթե ունի ՀՀ քաղաքացիություն եւ վերջին չորս տարին բնակվել է այստեղ։ Ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի համար դա ոչ արդյունավետ կարգավորում է եւ իրենից ներկայացնում է խանգարող լուրջ գործոն ոչ բռնի եւ ժողովրդավարական թավշյա հեղափոխությունից հետո ազգային համախմբման համար։ Ի վերջո՝ հայկական սփյուռքի ներգրավվածությունն ազգային գործընթացներին կլինի առաջին քայլը ռազմավարական մեր ծրագրի իրականացման ճանապարհին։

RFI- Լինելով Եվրասիական միության անդամ՝ ՀՀ-ն ստորագրել է նաեւ գործընկերության համաձայնագիրը ԵՄ-ի հետ դեռ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, ով հայտարարել էր փոխլրացման քաղաքականության մասին։ Դուք, որ որդեգրել եք ձեզնից առաջ եղող ղեկավարի հետ խզման քաղաքականություն, ի՞նչ ճանապարհով եք տանելու միջազգային քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյան- Քաղաքական գործընթացները, որ բերեցին իշխանափոխության, վերագրվում են միայն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Սա պայմանավորում է մեր որդեգրած արտաքին քաղաքականությունը։ Մենք հաստատում ենք, որ աշխարհաքաղաքական շրջադարձեր չեն լինելու։ Վեկտորները մնում են նույնը, իսկ տարբերություններն ահա կզգացվեն ներքին քաղաքական ոլորտում։ Մեր նպատակը երկրի ինքնավարության, անկախության եւ ազգային հետաքրքրությունների պաշտպանությունն է։ Մեր արտաքին քաղաքականությունը պրո-արեւմտյան, պրո-ռուսական կամ այլ չէ։ Մեր քաղաքականությունը պրո-հայկական է։

RFI- Բայց դուք խոստացել եք պայքարել տնտեսական մոնոպոլիաների եւ օլիգարխիայի դեմ։ Տեսանելիորեն դա հակառակ կլինի այնպիսի ռուսական ընկերությունների հետաքրքրություններին, ինչպիսիք «Գազպրոմը», «Ռոսնեֆտը»։ Ուրեմն Ձեր վարած ներքին քաղաքականությունը ներգործություն կունենա նաեւ արտաքինի վրա։

Նիկոլ Փաշինյան- Հայտնի է, որ «Գազպրոմին» է բնականորեն պատկանում Հայաստան գազի մատակարարման մոնոպոլիան, մինչդեռ, մենք ունենք այնպիսի այլընտրանք, ինչպես իրանական գազը։ Հենց կարողանանք հասնել ավելի մրցունակ գնով ձեռք բերելուն, կսկսենք ներկրել Իրանից։ Ուրեմն որեւէ մենաշնորհ չկա։ Մենք նաեւ մտահոգված ենք գնի ձևավորման մեխանիզմներով, որոնք կուսումնասիրվեն։ Ռուսական գազը հասնում է մեր սահմանին հազար խմ-ի համար 150 դոլարով, մինչդեռ սպառողը ստիպված է վճարել կրկնակին։ Ռուս գործընկերները հասկանում են մեզ եւ բաց են քննարկման համար։ Ինչ վերաբերում է «Ռոսնեֆտի» ներկրած վառելիքին, ապա ես վստահ եմ, որ շուտով այն մենաշնորհային չի լինի։

RFI- Այնուամենայնիվ, այդ ընկերությունն այժմ մենաշնորհ ունի՞։

Նիկոլ Փաշինյան- Ոչ, այլեւս ոչ… Մեր նպատակը ռուսականն այստեղից արմատախիլ անելը չէ։ Ճիշտ հակառակը․ մենք հետաքրքրված ենք ռուսական, ֆրանսիական, եվրոպական, ամերիկյան եւ այլ ներդրումներով։ Այսօր շատ գործարարներ ուզում են ներդրումներ անել Հայաստանում, եւ մենք նրանց կաջակցենք։ Սկսած հեղափոխության առաջին օրից՝ Ռուսաստանը որեւէ կերպ չմիջամտեց մեր ներքաղաքական զարգացումներին, նշանակում է՝ Մոսկվան հարգում է հայկական կողմի ինքնավարությունը։ Այդպես միայն մեր զգացողությամբ չէ։ Սա նաեւ ռուսական իշխանությունների հայտարարությունն է եւ կազմում է մեր հարաբերությունների հիմքը։ Ինչ վերաբերում է մեր երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին, ապա մենք չենք ուզում, որ դրանք որեւէ կերպ պայմանավորված լինեն երրորդ կողմով։ Նույնը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների պարագայում։

RFI- Կարելի է արդյոք սպասել քաղաքականության փոփոխության հարեւան Թուրքիայի նկատմամբ՝ մինչ այժմ բացակայող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում։

Նիկոլ Փաշինյան- Ես չեմ կարծում, թե պետք է փոփոխություններ մտցվեն Հայաստանի վարած քաղաքականության մեջ, քանի որ այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի լինեն Թուրքիայի կողմից։ Հայաստանը միշտ է հայտարարել, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները՝ առանց նախապայմանների։ Այստեղ եւս մենք կարծում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ երկրի հետ հարաբերություններից։ Թուրքիան իր պայմաններն է դնում՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հարաբերությունների հետ։

RFI- Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա հետք ունի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Սկսած 1988 թ․-ից վերջինիս Հայաստանն է ներկայացնում բանակցային գործընթացում։ Իշխանության գալով՝ հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Բաքուն ընդդիմանում է։ Ո՞րն է հակամարտության կարգավորման ձեր կախարդական բանաձեւը՝ ի հակադրություն բոլոր նրանց, որոնք չաշխատեցին 25 տարի ի վեր։

Նիկոլ Փաշինյան- Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, ինչն ամենեւին չի նշանակում, թե Հայաստանն իրավունք ունի բանակցությունների ընթացքում հանդես գալու Արցախի անունից։ 1996 թ․-ի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց հակամարտության լիակատար կողմ։ Լեռնային Ղարաբաղի, ապա եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրեն իրավունք վերապահեց հանդես գալ միաժամանակ ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի անունից։ Ճիշտ նույն կերպ նաեւ Սերժ Սարգսյանը, որը եղել էր Ղարաբաղի ինքնապաշտպանության ակունքներում։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ինձ չի տվել իրավունք՝ իր անունից խոսելու։ Ես ՀՀ վարչապետն եմ եւ կարող եմ արտահայտվել միայն Հայաստանի անունից։ Ղարաբաղի հայերը չեն մասնակցում Հայաստանում ընտրություններին եւ իշխանության ձեւավորմանը։ Եթե մենք ուզում ենք լուծել խնդիրը, ապա հակամարտության բոլոր կողմերը պիտի լինեն ներգրավված։ Ես կարծում եմ, որ խնդրի լուծմանը հասնելու հիմնական խոչընդոտը ոչ թե եղել է կախարդական բանաձեւի, այլ հակամարտության մասնակից անհրաժեշտ կողմի բացակայությունը բանակցային գործընթացում։ Եթե Բաքուն իսկապես հետաքրքրված է խնդրի կարգավորմամբ, ապա շահագրգիռ պիտի լինի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի վերադանա բանակցությունների սեղան։
 

← Վերադառնալ