Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին

11.10.2018

«Ֆրանս-24» հ/ը - Ողջույն և բարի գալուստ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք (հարգելի հեռուստադիտողներ)։ Մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Շնորհակալություն, պարոն Վարչապետ մեզ հյուրընկալելու համար։ Սա կարևոր պահ է ձեր երկրի համար, որ հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովը կարևոր է նաև, քանի որ մի քանի ամիս է, ինչ դուք եկել եք իշխանության՝ Թավշյա հեղափոխության արդյունքում։ Ձեզ համար էական կարևորություն ուներ ցույց տալը, որ ձեր իշխանության ներքո Հայաստանն ի վիճակի է կազմակերպել նման կազմակերպչական տեսանկյունից բավականին բարդ գագաթնաժողով։

Նիկոլ Փաշինյան - Իրականում Հայաստանի Հանրապետությունն իմ իշխանության ներքո չէ, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանության ներքո է և սա է հիմնական քաղաքական փոփոխությունը, որ իր հետ բերել է մեր ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխությունը: Եվ այդ առումով մեզ համար շատ կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեսնեն և զգան այն ոգին և մթնոլորտը, որ այսօր առկա է Հայաստանում և դա սիրո և համերաշխության մթնոլորտն է, որը ձևավորվել է մի կառավարման համակարգի պայմաններում, որը մենք անվանում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչու եմ ասում Հայաստանը ժողովրդի իշխանության ներքո է, ես ուզում եմ պարզաբանել. 1994 թվականից սկսած, այսինքն անկախության հռչակումից և հաստատումից 3-4 տարի անց, ահա այդ ժամանակներից սկսած, ոչ թե ժողովուրդն է որոշել, թե ով լինի իշխանության, այլ իշխող էլիտան է որոշել, թե ով լինի իշխանության: Երբ ես Ազգային Ժողովում ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ և վերադարձա հրապարակ՝ ժողովրդի մոտ, ես հայտարարեցի հետևյալը. դիմելով ժողովրդին ես ասեցի, որ սիրելի ժողովուրդ, այսօր դուք հաղթեցիք, բայց հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ կամ դարձել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ և սրանից հետո միայն ու միայն դուք եք որոշելու, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով լինի պատգամավոր, ով լինի քաղաքապետ և այդպես շարունակ:

«Ֆրանս-24» հ/ը - Նախքան ստեղծված քաղաքական իրավիճակին անդրադառնալը՝ ես կուզեի վերադառնալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Այն անցնում է, կարելի է ասել, Շառլ Ազնավուրի շուքի ներքո։ Նա պետք է գար, դուք պետք է նրան հանդիպեիք առաջին անգամ։ Նա կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին։ Դուք մեկնեցիք՝ Ինվալիդների պալատի բակում մասնակցելու հրաժեշտի արարողությանը։ Նա ձեզ գրել էր մահից առաջ։ Դուք, անկասկած, հուզված էիք, որ այդպես էլ չկարողացաք նրան հանդիպել։ Բայց Ձեզ համար ո՞րը կարող էր լինել Շառլ Ազնավուրի ուղերձն այս գագաթնաժողովի առիթով, եթե անգամ նա այստեղ չէ։

Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես ուզում եմ ասել, որ այն, ինչի մասին ես խոսում էի Հայաստանում առկա իրավիճակի մասին, Շառլ Ազնավուրը մի քանի հարցազրույցներում անդրադարձ է ունեցել հենց այն հարցերին, որոնց մասին ես խոսում էի: Շառլ Ազնավուրը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, երջանիկ կլիներ այսօր ներկա գտնվել Հայաստանում և ողջունել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը Երևանում:

«Ֆրանս-24» հ/ը - Վերադառնալով քաղաքական իրավիճակին, իրադարձություններին, վերջին շաբաթներին տեղի ունեցան բազմաթիվ առճակատումներ ձեր և Խորհրդարանի միջև, որտեղ գերակշռում է ընդդիմությունը։ Դուք ասել էիք, որ պատրաստվում եք հրաժարական տալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու համար։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այսօր հաղթել եք այդ բանավեճերում, արդյո՞ք մնացյալ կուսակցություններն ընդունել են իրողությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են կացվելու մինչև տարեվերջ՝ մինչև դեկտեմբեր։


Նիկոլ Փաշինյան – Խորհրդարանի չորս խմբակցություններից երեքը, ըստ էության, հայտարարել են, որ իրենք համաձայն են և չեն խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրա պատճառն այն է, որ բոլորը հասկանում են, որ դա ժողովրդի համատարած և միանշանակ պահանջն է: Ես ուզում եմ ասել, որ ընդդիմությունը չէ, որ մեր գործող խորհրդարանում ունի մեծամասնություն, այլ նախկին իշխանությունն է, որ խորհրդարանում ունի մեծամասնություն: Դրանք բացարձակապես տարբեր բաներ են: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նախկին ոչ միայն իշխանության, այլև նախկին իրականության ներկայացուցիչներին տեսնելով Ազգային Ժողովում, նրանք չեն կարողանում համակերպվել այդ իրավիճակի հետ: Կարող եմ վստահաբար ասել, որ այո, մենք դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ֆրանս-24» հ/ը – Արդյո՞ք հստակ որոշված է արտահերթ խորհրդարանական ընտորւթյունների օրը, ինչպես և օրը, թե երբ պետք է հայտարարեք ձեր հրաժարականի մասին։

Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, ընտրությունները նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան և սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում:

«Ֆրանս-24» հ/ը - Շատ լավ։ Հիմա կուզեի անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտությանը, որտեղ կարծես արդեն երկար ժամանակ տեղաշարժ չկա։ Առկա է միջնորդությունը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) շրջանակներում։ Դուք ինքներդ արել եք մի շարք հայտարարություններ, հանդիպել եք Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին։ Արդյո՞ք դուք տեսնում եք բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու թեկուզ աննշան հույս, քանի որ երբ մենք լսում ենք Հայաստան և Ադրբեջան, տպավորություն է, թե շատ հեռու ենք դրանից։


Նիկոլ Փաշինյան –
Այն, ինչ մենք խոսել ենք պարոն Ալիևի հետ, ոչ թե հարցի կարգավորմանն էր վերաբերվում, այլ վերաբերվում էր հարցի կարգավորման մասին խոսելու համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելուն, որովհետև անհնար է խոսել հարցի կարգավորման մասին՝ չունենալով հարցի կարգավորման մթնոլորտ:

«Ֆրանս-24» հ/ը - Բայց այդ մթնոլորտը չկա։ Այդ մթնոլորտը շատ լարված է, երբ լսում ենք կողմերին։


Նիկոլ Փաշինյան – Հենց այդ նկատառումով մեր խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի մնալ այդքան լարված, ըստ էության, հնարավոր չի լինի խոսել կարգավորման մասին: Եվ մենք, ըստ էության, պայմանավորվեցինք մի քանի կետերի շուրջ, որոնց հիմնական նպատակը Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությունը նվազեցնելն էր:

«Ֆրանս-24» հ/ը - Արդյո՞ք հնարավոր է բանակցությունների անցկացումն այլ ձևաչափով, քանի որ տեսնում ենք, որ այժմյան բանակցային գործընթացն առաջ չի շարժվում։


Նիկոլ Փաշինյան – Մենք կարգավորման բանակցային գործընթացի ֆորմատի փոփոխության հարց չենք դրել և չենք դնում, և մենք կարծում ենք, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց ասում է ես հրաժարվում եմ Ղարաբաղի հետ խոսել, Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խոսել, ինչպես է հնարավոր, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, եթե Ադրբեջանը չի ուզում խոսել ընդհանրապես նրա հետ, Ղարաբաղում ապրող մարդկանց հետ: Սա բացահայտում է Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի հետ կապված. նրան պետք է տարածքը և ոչ մարդիկ, և ուրեմն նրա քաղաքական թիվ մեկ խնդիրը տարածքը մաքրելն է մարդկանցից:

«Ֆրանս-24» հ/ը - Ուզում եմ անդրադառնալ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը կարևոր դերակատար է՝ ունենալով ռազմաբազա Հայաստանի տարածքում։ Դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին բազմաթիվ անգամներ, նույնիսկ հեռախոսազանգով շնորհավորել էիք վերջինիս տարեդարձը։ Դուք նաև ասել էիք, որ կարևոր է պետության ինքնիշխանությունը հարգելու, չմիջամտելու սկզբունքը։ Ակնհայտորեն արևմտյան երկրներում շատ են խոսում ռուսական միջամտության մասին, դա կլինի Ուկրաինայի, ամերիկյան ընտրությունների կամ այլ դեպքում։ Հաշվի առնելով փաստը, որ Դուք սկսել եք պայքար կոռուպցիայի դեմ, որն ինչ-որ կերպ կարող է վնասել պռո-ռուսական հետաքրքրությունները՝ արդյո՞ք դուք չունեք մտավախություն, որ Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանի գործերին։


Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես շատ են խոսում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար, թե Հայաստանը ինքնիշխանության ինչ սահմանափակումներ ունի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պակաս անկախ չէ, քան Ֆրանսիայի Հանրապետությունը: Եվ ես ինձ համարում եմ, այո այս կարգավիճակում, Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերները, այդ թվում և Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը:

«Ֆրանս-24» հ/ը - Բայց ամեն դեպքում, Դուք մտավախություն չունե՞ք։ Մենք գիտենք, որ Վլադիմիր Պուտինը ծանր տարավ Սովետական միության փլուզումը, Ուկրաինայի հեղափոխությունը, ձեր իշխանության գալուց հետո սկսած պայքարը կոռուպցիայի դեմ, ինչը երբեմն դիպչում է Մոսկվայի շահերին։

Նիկոլ Փաշինյան – Եվ, իմիջիայլոց, ասեմ, որ կան հետաքննություններ, որոնք առնչվում են Հայաստանում ռուսական ընկերություններին, կան հետաքննություններ, որ առնչվում են Հայաստանում ֆրանսիական ընկերություններին, կան հետաքննություններ, որոնք առնչվում են Հայատանում գերմանական ընկերություններին, ես կարող եմ միանշանակ ասել, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները և նախագահը լիովին աջակցում են հակակոռուպցիոն մեր պայքարին:

«Ֆրանս-24» հ/ը - Հարցազրույցի ավարտին կուզեի հարցնել՝ արդյո՞ք հզոր հետաքրքրությունների դեմ պայքարելով, հզոր և քաղաքական առումով, և տնտեսական, դուք չե՞ք մտահոգվում, որ կլինեն ուժեր, որ որևէ կերպ կվնասեն երկրին։ Քանի որ սա երկիր է, որ հայտնի է շարժումներով։ Արդյո՞ք մտածել եք այս մասին այդ պայքարը սկսելիս։


Նիկոլ Փաշինյան – Մենք հեղափոխությունն արել ենք մի պայմաններում, երբ ոչ մի ուժային լծակ չենք ունեցել, և մենք մեր հեղափոխությունն արել ենք բաց ձեռքերով: Իշխանությունն ունեցել է ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, օլիգարխների թիկնազորները, մաֆիոզ կառույցները և բոլոր հնարավոր ուժային լծակները, և այն ժամանակ մենք ժողովրդի այս աստիճան վստահությունը չենք ունեցել: Ինչպես կարելի է հեղաշրջում անել մի երկրում, որի կառավարությունը վայելում է 92 տոկոս քաղաքացիների վստահությունը: Այդ հեղաշրջման գործիքները, եթե նույնիսկ դրանք լինեն ծանր զինտեխնիկա, մարդիկ իրենց ուսերի վրա կտանեն և կշպրտեն ձորերը: Բայց ես նույնիսկ անիմաստ եմ համարում այդ թեմայի քննարկումը, որովհետև զինված ուժերը լիարժեք գտնվում են իմ վերահսկողության ներքո և որևէ մեկը չի համարձակվի չենթարկվել իմ հրամանին:

«Ֆրանս-24» հ/ը - Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Կուզեի միայն ճշգրտել, որ այս հարցազրույցն անցկացվեց հայերենով, որպեսզի դուք կարողանայիք ամենայն հստակությամբ խոսել քննարկվող հարցերի մասին։ Բայց դուք ակնհայտորեն ֆրանսախոս եք և դրա համար է նաև, որ Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն վարչապետ։

Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ։ Ինձ համար շատ հաճելի էր այս հարցազրույցին մասնակցելը։ Ես ձեզ մաղթում եմ բարի գալուստ եւ մեծ հույս ունեմ, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցնի շատ լավ և կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գաղափարախոսության տարածման ուժեղ առիթ։


 

← Վերադառնալ