Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Հեղափոխականից` վարչապետ. Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է` ինքը չի փոխվել - Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RTS շվեյցարական ռադիոկայանին

07.02.2019


Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասրակշռություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ: RTS-ը նրան հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:

Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով:

Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով եւ ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին` Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:

Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:

Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»:

Քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն

Նրա առաքելությունը, ինչպես ինքն է անվանում, ի սկզբանե եղել է «Հայաստանը կոռումպացված համակարգից ազատելը»: Այդ նշաձողին հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանը իր երկրի համար պատկերացնում է «տնտեսական հեղափոխություն»:

Ահա հունվարի վերջին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին նրա ներկայության հիմնավորումը, ինչպես նաեւ Շվեյցարիայում, որտեղ նա հանդիպեց շվեյցարացի եւ սփյուռքահայ գործարարների հետ:

Բայց ամեն ինչ միայն կառավարությունից չէ կախված, նախազգուշացնում է վարչապետը: Ինչպես եւ քաղաքական հեղափոխության դեպքում, Նիկոլ Փաշինյանը հույս է դնում իր ժողովրդի մասնակցության վրա: «Քաղաքացիները գիտեն, որ խաղալու հստակ դեր ունեն: Միակ տարբերությունն այժմ այն է, որ կարիք կա ներդրումներ ներգրավելու»:

Հավասարակշռություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ

Բայց նախկին խորհրդային Հայաստանի համար` տեղակայված Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, ինչպե՞ս զարգացնել քաղաքական եւ տնտեսական կապերը Եվրոպայի հետ` առանց վիրավորելու կարեւոր դաշնակից Ռուսաստանին: Թվում է հավասարակշռության հարց է:

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարեւոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաեւ ԵՄ-ի հետ, եւ դա անհամատեղելի չէ:

Մեր կապերը Ռուսաստանի հետ կարեւոր են տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը եւ զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը: Օրինակ` հարց չկա ՆԱՏՕ-ին միանալու:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործոկցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն եւ ավելի կզարգանան, որովհետեւ մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»:

← Վերադառնալ