Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Նիկոլ Փաշինյան. «Ես չեմ առաջնորդը» - վարչապետի հարցազրույցը գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին

14.02.2019

Հարցազրույց: Սիլվիա Շթյոբեր

Հեղինակի կողմից. Երբ 2018 թվականի գարնանը Հայաստանում սկսվեց «թավշյա հեղափոխությունը»՝ ընդդեմ կոռումպացված և գնալով ավելի ավտորիտար դարձող իշխանության, բառացիորեն ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացավ Հարավային Կովկասում գտնվող փոքր երկրի վրա: Միլիոնավոր հայեր ապրում են Սփյուռքում և բողոքի շարժման ու դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ միասին բուռն ապրումների մեջ ընկան: Կամ էլ միանգամից նստեցին օդանավ: Ամերիկա-հայկական հանրահայտ Սիսթմ օֆ ա Դաուն ռոք մետալ խմբի երաժիշտները ելույթ ունեցան Երևանում, Շառլ Ազնավուրը և Քիմ Քարդաշյանը աջակցեցին ցուցարարներին: Փաշինյանից՝ նախկին լրագրողից, սպասումներն անհավանական էին թվում:

Մայիսի 8-ին ցույցերի ճնշման տակ Փաշինյանը նշանակվեց վարչապետ, դեկտեմբերին նրա գլխավորած դաշինքը շուրջ 70 տոկոս ձայներով հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Իշխանափոխությունից հետո Փաշինյանի առջև հսկայական մարտահրավերներ են ծառացած՝ օլիգարխիայի հաղթահարում, լավ հարաբերություններ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ հարևան Իրանի, Ռուսաստանի և նաև ԵՄ-ի հետ: Միևնույն ժամանակ դեռ շարունակում է ծխալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Պարոն Փաշինյան, ինչո՞ւ Ձեզ մոտ ստացվեց այն, ինչը նախկինում ուրիշները չեն հաջողել:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանում տեղի ունեցածը եզակի էր, բացառիկ: Հաջողության համար կարևորագույն պատճառն այն էր, որ նախկին իշխանությունը լեգիտիմություն չուներ: Նախորդ տարիներին ընտրությունները մեծամասամբ կեղծվել էին: Մեր ժողովուրդը չէր կարողանում իրացնել իր՝ խորհրդարան և կառավարություն ընտրելու իրավունքը: Ինչ վերաբերում է մեր հեղափոխության մեթոդներին, մեր համոզմունքը եղել և մնում է ոչ բռնությունը, բռնության բացառումը: Մենք ցանկանում ենք Հայաստանը բռնությունից զերծ երկիր դարձնել:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Կարո՞ղ են լինել իրավիճակներ, որոնց պարագայում Դուք կարդարացնեք բռնի դիմադրությունը:

Նիկոլ Փաշինյան - Ոչ, իհարկե ոչ: Բողոքի ցույցերի հենց սկզբից մեր շարժման ամենահայտնի խորհրդանիշը վեր պարզած, բաց ձեռքերն էին, ինչը բնութագրում էր մեր մտադրությունները. անգամ եթե իշխանությունը բռնություն կիրառեր, մենք բռնությամբ չէինք պատասխանի:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Երիտասարդները բողոքի առաջին հաջողված ակցիաներն սկսել էին արդեն 2010 թվականին: Բայց միայն Ձեզ հետ հաջողվեց քաղաքական փոփոխություն իրականացնել: Հաջողության համար շարժումն առաջնորդի՞ կարիք ուներ:

Նիկոլ Փաշինյան - Իմ կարևորագույն ներդրումն առաջնորդելու հարցում այն էր, որ ես հայտարարեցի. ես չեմ առաջնորդը: Այդ ժամանակվանից սկսած՝ մեր հեղափոխությունն ապակենտրոնացավ, շարժումն սկսեց աճել: Գնալով կառավարության և ոստիկանության համար էլ ավելի դժվարացավ մեզ վերահսկելը և կանգնեցնելը: Մենք միայն մի քանի պայման էինք դրել մեր հետևորդների առաջ՝ գործողությունները պետք է շարունակեին մնալ ոչ բռնի, և ոչ մի դեպքում ատելության որևէ դրսևորում չպետք է լիներ: Մենք ցանկանում էինք ցույց տալ աշխարհին, որ հայերը մտածում են իրավիճակի մասին: Մեր հեղափոխության իրական առաջնորդները Հայաստանի քաղաքացիներն էին:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Բայց Դուք կոչ արեցիք ողջ երկրով մեկ համընդհանուր գործադուլ անել, և ամեն ինչ կանգ առավ: Հաջորդ օրը Դուք կոչ արեցիք, որպեսզի բոլորը բնականոն հունով շարունակեն աշխատանքի գնալ, և մարդիկ հետևեցին Ձեզ:

Նիկոլ Փաշինյան - Դա համատեղ գործընթաց էր: Դրան հետևեցին հաջորդ քայլերը, որ պետք է անեինք: Ես ուղղակի խոսնակն էի:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Արևելյան Եվրոպայում տեղի ունեցան այսպես կոչված գունավոր հեղափոխություններ: Սակայն այնպես չէ, որ ամենուրեք, որտեղ հեղափոխականներն իշխանության եկան, իրավիճակն ավելի լավը դարձավ: Հայաստանում ինչո՞ւ պետք է հաջողվի:

Նիկոլ Փաշինյան-
Մեր հեղափոխությունը գունավոր հեղափոխություն չէ: Մեզ մոտ օտարերկրյա որևէ ուժ ներգրավված չէր...

«Die Zeit (Դի Ցայթ)» - ԱՄՆ, ԵՄ, ինչպես սովորաբար բողոքի ցույցերից հետո մշտապես պնդում են ավտորիտար իշխանությունները...

Նիկոլ Փաշինյան -
Դա մաքուր ներքին գործընթաց էր, ոչ մի աշխարհաքաղաքական խաղ: Մեր հեղափոխությունում ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում:

«Քաղաքացիները նույնպես պետք է ջանքեր գործադրեն»

«Die Zeit (Դի Ցայթ)» - Այժմ մարդիկ չափազանց մեծ ակնկալիքներ ունեն Ձեզանից:

Նիկոլ Փաշինյան - Մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն կառավարությունից: Բայց կառավարությունն էլ իր հերթին մեծ սպասումներ ունի մարդկանցից: Ես արդեն ասացի, որ այս հեղափոխությունն առաջնորդում էր ժողովուրդը, և դա առավել ճշմարիտ է հիմա, երբ մենք մտադիր ենք քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածել: Մենք ցանկանում ենք բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծել: Մենք բարեփոխում ենք հարկային օրենսդրությունը, պարզեցնում ենք բյուրոկրատիան, ուզում ենք հնարավոր դարձնել էժան վարկերի տրամադրումը: Մենք վերացրել ենք մենաշնորհները: Ազատ շուկա մուտք գործելու համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Բայց քաղաքացիները նույնպես պետք է ջանքեր գործադրեն:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Ինչպե՞ս եք մտադիր ազատվել օլիգարխներից:

Նիկոլ Փաշինյան - Ես ընտրողներին ասացի, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան: Դա շատերին զարմացրեց, որովհետև այդ մարդիկ դեռ իրենց տեղում են և պետք էլ չէ, որ գնան: Բայց ո՞վ է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար այլ օրենքներ են կիրառվում, նրա համար կառավարությունը հասանելի է, նա ազդեցություն ունի կառավարության վրա: Այժմ պայմանները նույնն են բոլորի համար:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Ձեր տնտեսական ծրագրերից մի քանիսը համարվում են նեոլիբերալ: Բայց շատ մարդիկ նախևառաջ սոցիալական բարելավումներ են պահանջում:

Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, իմ կարծիքով՝ այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են նեոլիբերալիզմը և սոցիալ-դեմոկրատիան, հնացած են: Գոյություն ունի կապիտալիզմի սկանդինավյան մոդելը և գոյություն ունի մասնավոր սեփականություն կոմունիստական Չինաստանում: Բայց դասագրքերում ասվում է, որ մասնավոր սեփականությունը և կոմունիզմը միասին չեն կարող գոյություն ունենալ: Այդ պատճառով այդպիսի հասկացությունները մեզ համար մեծ նշանակություն չունեն:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Դուք ցանկանում էիք մեծացնել կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում: Այժմ Ձեր կառավարությունում միայն մեկ կին նախարար կա: Այդ ինչպե՞ս ստացվեց:

Նիկոլ Փաշինյան - Խորհրդարանական մեր խմբակցության ղեկավարը կին է, խորհրդարանի փոխխոսնակը կին է, ինչպես նաև մի քանի կին փոխնախարարներ ունենք: Մենք ուզում ենք կառավարությունում ավելացնել կանանց թիվը, բայց չենք կարող դա արհեստականորեն անել: Մեր կանայք պետք է ավելի ակտիվ և ավելի նախաձեռնողական լինեն: Այդ միտումը կշարունակվի և կզարգանա, քանի որ կանայք շատ կարևոր և որոշիչ դերակատարություն են ունեցել մեր հեղափոխության մեջ:

«Die Zeit (Դի Ցայթ)» -
Ռուսաստանը Հայաստանի պաշտպանն է: Մյուս կողմից, Դուք ձգտում եք սերտ հարաբերություններ ունենալ ԵՙՄ-ի հետ: Ինչպե՞ս դա կարող է ստացվել:

Նիկոլ Փաշինյան - Մենք ընտրություն կայացնելու պարտավորվածություն չունենք: Եվրոպական միության մեր գործընկերներն իրենք են մեզ ասել, որ մենք պարտավոր չենք ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև: Մենք ակնկալում ենք ԵՄ օժանդակությունը մեր բարեփոխումների գործընթացում: Մեր ռուսաստանցի գործընկերները գիտեն դա:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Իրանը կարևոր հարևան և գործընկեր է ձեզ համար էներգամատակարարման ոլորտում: ԱՄՆ-ն այժմ ճնշում է գործադրում Իրանի հետ հարաբերությունները սահմանափակելու առումով: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս հարցին:

Նիկոլ Փաշինյան -
Այս ամիս ես այցելելու եմ Իրան: Մենք տարածաշրջանում առանձնահատուկ իրավիճակ ունենք. մեր չորս հարևաններից երկուսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են: Մեր բոլոր միջազգային գործընկերները գիտեն, որ մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք, և դրանց պահպանումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի լավ հարաբերություններ հաստատել այլ պետությունների հետ: Բայց ԱՄՆ-ն նույնպես շատ կարևոր գործընկեր է մեզ համար: Մենք չենք պատրաստվում մի պետության հետ հարաբերությունները զարգացնել մեկ այլ գործընկերոջ հետ կապերի հաշվին:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Դուք հիշատակեցիք Թուրքիան: Ցանկանո՞ւմ եք վերսկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունները:

Նիկոլ Փաշինյան - Մենք որևէ նախապայման առաջ չենք քաշում, բայց Թուրքիան հանդես է գալիս որոշ նախապայմաններով: Դա կապված է երրորդ երկրի հետ մեր հարաբերությունների հետ:

«Die Zeit (Դի Ցայթ)» - Դուք նկատի ունեք Ադրբեջանը: Այս հարևանի հետ հակամարտություն ունեք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ:

Նիկոլ Փաշինյան - Դա ցավալի իրավիճակ է: Մենք պատրաստ ենք զարգացնել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները՝ առանց նախապայմանների, եթե Թուրքիան պատրաստ է դրան:

Տես բնօրինակը գերմաներենով

← Վերադառնալ