Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հայաստան-Իրան համագործակցության բոլոր ոլորտներում մեծ ներուժ կա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Իռնա» իրանական լրատվական գործակալությանը
1. Այս տարի լրանում է Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերու-թյունների հաստատման 28-րդ տարին: Ինչպե՞ս եք գնահատում երկու բարեկամ երկրների միջև ներկայիս կապերը:
Միանշանակ դրական: Ավելին, մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը տարբեր կրոնների և քաղաքակրթությունների միջև միջմշակութային երկխոսության և համակեցության լավ օրինակ է, որը նաև հանդիսանում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող կարևոր գործոն: Հենց այս դարավոր ամուր կապերի վրա է խարսխված փոխըմբռնման և փոխշահավետության սկզբունքներով առաջնորդվող մեր համագործակցությունը:
Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության մասն են, և մենք հանձնառու ենք առավել զարգացնելու մեր բարիդրացիական հարաբերությունները:
Միաժամանակ պետք է արձանագրենք, որ առկա է դեռևս չօգտագործված ներուժ, հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Վստահ եմ, որ տարբեր մակարդակում տեղի ունեցող շփումները և երկխոսությունը նպաստում են նաև այդ ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերի ուղենշմանը:
2. Ո՞րն է առաջիկայում Թեհրան կատարելիք Ձեր այցի օրակարգի կարևոր հարցը: Արդյո՞ք ստորագրվելու է որևէ հուշագիր երկու երկրների միջև այս այցի շրջանակներում:
Հայ-իրանական հարաբերություններն ունեն հարուստ և ընդգրկուն օրակարգ, և իմ այցի նպատակն է առաջ մղել այն: Այս այցը կարելի է համարել մեր երկու երկրների միջև առկա կանոնավոր երկխոսության հերթական հանգրվանը, որի ժամանակ քննարկելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ շրջանակը:
Անդրադառնալով օրակարգի կարևոր հարցերին, հարկ է նշել, որ մեր հարաբերություններում ի հայտ է եկել մի նոր բաղադրիչ: Այն առնչվում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրին, որը մասնակից երկրների համար առևտրային և ներդրումային ոլորտներում նոր հեռանկարներ կբացի: Ինչպես գիտեք, այն գտնվում է վավերացման փուլում: Հուսով եմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի և գործնական արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:
Ինչ վերաբերում է ստորագրվելիք փաստաթղթերին՝ կողմերը ներկայումս աշխատում են մի շարք փաստաթղթի վրա՝ նպատակ ունենալով դրանք նախապատրաստել ստորագրման այցի ընթացքում։ Միևնույն ժամանակ նշեմ, որ հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններն այսօր համակարգվում են արդեն իսկ ստորագրված ավելի քան 180 փաստաթղթով: Այսինքն, առկա է համագործակցության զարգացման համար հարուստ իրավապայմանագրային դաշտ:
3. Որոնք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները (տնտեսական, մշակութային, արդյունաբերական, քաղաքական և այլն):
Մեր համագործակցության բոլոր ոլորտներում էլ մեծ ներուժ կա և դրանք պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել:
Մասնավորապես, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Էներգետիկայի ոլորտն, անշուշտ, զարգացման մեծ ներուժ անի: Այս ոլորտում մենք ունենք համատեղ լուրջ ծրագրեր, ինչպես օրինակ գազ/ էլեկտրաէներգիա փոխանակում, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում:
Շարունակվում են բանակցությունները Մեղրի ՀԷԿ-ի նախագծի շուրջ,որը վերջերս վավերացվեց նաև Իրանի Մեջլիսի կողմից։ Քննարկվում են մի շարք այլ ծրագրեր ևս:
Ինչպես արդեն նշեցի, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում առևտրատնտեսական համագործակցության համար: Առաջիկա ամիսներին այս իմաստով անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական միջոցառումներ իրականացնել:
Որպես կարևոր բնագավառ՝ կցանկանայի առանձնացնել մշակութային ոլորտում համագործակցությունը: Երկու երկրների համապատասխան գերատեսչու-թյունների ուշադրության կենտրոնում են գրահրատարակչության, կինոյի, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման բնագավառները, թանգարանային և գրադարանային գործը: Համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները:
Հայաստանը պատրաստել է ամբողջական փաթեթ՝ Երևանի «Կապույտ Մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար: Ներկայումս իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և որոշ շտկումներից հետո, այն պատշաճ կերպով կներկայացվի:
Կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում կայացած «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ:
Դուք գիտեք, որ Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և պետք է ուրախությամբ նշեմ, որ փառատոնին որպես կանոն ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը: Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցավարական խումբը, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում:
Վերոնշյալ և համանման այլ ծրագրերը լավ հնարավորություն են հայ և իրանցի ժողովուրդների համար միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից:
4. Իրանը տարածաշրջանի որոշ երկրներ է արտահանում մեքենաներ, ինժեներական ծառայություններ և արդյունաբերական այլ արտադրանք: Նմանապես, կան մի քանի մեքենաշինական համատեղ ծրագրեր տարածաշրջանի որոշ երկրների հետ: Այսպիսով, ի՞նչ եք կարծում, կարող են Իրանն ու Հայաստանը համագործակցել մեքենաշինության կամ արդյունաբերական այլ բնագավառներում:
Պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանն, անշուշտ, ունի տեխնիկա-տնտեսական և մասնագիտական բավականաչափ ներուժ հիշյալ ոլորտներում համագործակցելու համար:
Վերջերս՝ 2018թ. դեկտեմբերին, Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում բացվեց պլաստմասե հիմքի վրա արտադրվող գազաբալոնների հայ-իրանական համատեղ գործարան: Գործարանի հիմնադիրները վստահեցնում են, որ մոտ ապագայում կսկսվի արտադրանքի թողարկումը:
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ ՀՀ պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:
5. Ինչպե՞ս եք գնահատում երկկողմ համագործակցության ապագան՝ կապված զբոսաշրջության հետ:
Գիտեք, յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով։ Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը նպաստում է մեր ժողովուրդներին՝ ծանոթանալու միմյանց պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին, գիտատեխնիկական նվաճումներին: Զբոսաշրջության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:
2016 թվականին մուտքի արտոնագրի վերացումից հետո, զգալիորեն աճել են է ՀՀ ժամանող իրանցի զբոսաշրջիկների քանակը, որոնց թիվը հատկապես ավելանում է իրանական ամանորի՝ Նովրուզի օրերին: Այդ օրերին հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրանցի զբոսաշրջիների անվտանգության, տեղեկացվածության ապահովման ուղղությամբ, շուրջօրյա գործում է 911 ծառայությունը՝ պարսկերենով: Կարծում եմ, որ զբոսաշրջությունը հեռանկարային բնագավառ է, և ցուցանիշներն այդ բնագավառում աճելու միտում ունեն:
6. Մեծ քանակությամբ հայեր են ապրում Իրանի տարբեր քաղաքներում և օգտվում են հավասար իրավունքներից, ինչպես ԻԻՀ քաղաքացիները: Ինչպե՞ս եք Դուք գնահատում ԻԻՀ կառավարության վերաբերմունքը հայկական համայնքի հանդեպ:
Գիտեք՝ ուժեղ և կենսունակ սփյուռքը հադիսանում է Հայաստանի զարգացման հիմնասյուներից մեկը: Աշխարհի տարբեր երկրներում ապրող և տվյալ երկրի կյանքի բոլոր ոլոտների անքակտելի մասնիկը դարձած հայ համայնքները յուրատեսակ կամրջի դեր են կատարում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Բացառություն չի կազմում նաև դարավոր պատմություն ունեցող իրանահայ համայնքը: Այն գործնական ներդրում է ունեցել ինչպես Իրանի սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործում, այնպես էլ՝ Հայաստանի անկախության վերականգնման առաջին իսկ օրվանից հանդիսանցել է մեր երկկողմ հարաբերությունները խթանող գործոն:
Մենք բարձր ենք գնահատում իրանահայ համայնքի նկատմամբ ԻԻՀ իշխանությունների ցուցաբերած ավանդական ջերմ և հոգատար վերաբերմունքը: Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հայկական մշակութային արժեքների նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:
7. Ո՞րն է Հայաստանի կառավարության դիրքորոշումը Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ:
Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Ինչպես տեղյակ եք՝ 2015թ. Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանը շարժվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում ինչպես տարածաշրջանի կայունացման, այնպես էլ տարածաշրջանում համագործակցության առումով: Բնականաբար, Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները մտահոգիչ են նաև մեզ համար: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է սերտորեն համակարգված աշխատել, բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներգրավված մյուս բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, մեր մտահոգությունները և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կառուցողական վերաբերմունքը կարող է դրական գործոն լինել առաջացած հիմնախնդիրների համար լուծումներ գտնելու առումով: