Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախի հարցի շուրջ շրջանառվող շահարկումներին
Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ:
Ընդհանուր առմամբ՝ ես գիտեմ, որ շատ կասկածներ կան, թե ինչքանով արժե ընդհանրապես բամբասանքներին անդրադառնալ, բայց, անկեղծ ասած, կարևորը ոչ այնքան բամբասանքներն են և դրանց անդրադառնալը, որքան ես այս շփման հնարավորությունը դիտում եմ՝ որպես մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ զրույց ունենալու հնարավորություն՝ իհարկե, այդ ընթացքում տարածվող, ֆինանսավորվող ապատեղեկատվություններին, շահարկումներին, բամբասանքներին անդրադառնալու համար, բայց ոչ թե բամբասանքներն են գլխավոր թեման, այլ դրանք առիթ են, որպեսզի մենք մի շարք կարևոր հարցեր քննարկենք:
Այսօր խոսք է գնալու Ղարաբաղի հարցում տեղի ունեցող շահարկումների մասին, և այդ շահարկումները վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական հետաքրքիր դինամիկա և պատմություն են արձանագրել: Առաջին փուլում այդ դինամիկան հետևյալն է. ասվում էր, որ ես, մեր կառավարությունը և տվյալ դեպքում, անձամբ ես Ղարաբաղը հանձնում ենք, հանձնում եմ ես Ղարաբաղը: Հետո երբ ժամանակն այդ լուրի անհեթեթությունն ի ցույց դրեց, շրջանառության մեջ դրվեց այն թեզը, թե քանի որ ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ, ահա, ըստ ամենայնի, պայմանավորված պատերազմով, Ղարաբաղը հանձնվելու է: Դա տեղի ունեցավ, եթե հիշում եք, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ես այդ ժամանակ Սյունիքի մարզում էի և մի քանի սուր ելույթներ ունեցա այս կարգի թեզերի և նրանց տարածողների կապակցությամբ, որից հետո նաև հանձնարարեցի, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե այդ ինչ տեղեկությունների հիման վրա են նրանք այդպիսի հայտարարություններ անում: Այն ժամանակ այդպես շահարկումներ արվեցին, թե քաղաքական հետապնդում է և այլն, և այսպես շարունակ: Թվում էր, թե այս երկու թեզերն ավարտվեցին, ամփոփվեցին: Հիմա, սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության է դրվում երրորդ թեզը, որը, կներեք, քանի որ այս խոսակցությունն այսպես շատ ֆորմալ չէ, ուղիղ զրույց է քաղաքացիների հետ, շատ բարդ չձևակերպեմ, ձևակերպեմ դրա բնութագրումը: Բնութագրումը հետևյալն է՝ հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ չենք համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ կներեք, եթե շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և ահա սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում և այլն, և այսպես շարունակ:
Ի՞նչ եմ ուզում ասել այս կապակցությամբ. նախ ուզում եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք հետևյալը, որ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, դրանք իրենց մեջ միշտ էլ վտանգներ պարունակում են, բայց ես ուզում ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են, օրինակ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ և 5 տարի առաջ: Ընդհակառակը, եթե հիմա մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, սահմանային լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք, և այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում - Դուշանբեին հատուկ, առանձին անդրադարձ կունենամ - ինչը չի նշանակում, որ լարվածություն չկա: Լարվածությունն ընդհանուր առմամբ ոչ այնպիսին է, ինչպիսին 3 տարի առաջ, 4 տարի առաջ, 5 տարի առաջ, շատ ավելի ցածր մակարդակի լարվածություն է, լարվածությունն այնուամենայնիվ կա, ներկայում շարունակվում է և, ցավոք սրտի, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր:
Սա ասում եմ ցույց տալու համար, որ ընդհանրապես ոչ ոք չի ասում, թե Ղարաբաղի հարցը կարգավորել ենք, և արդեն վերջ՝ տևական խաղաղ կարգավորումը հասած է: Բայց, մյուս կողմից, ես կարող եմ արձանագրել՝ որքան էլ դա տարօրինակ թվա, կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա, բանակցային գործընթացում կա բավական հետաքրքիր դինամիկա: Այդ դինամիկան, ես լավատես եմ, որ կշարունակվի, կզարգանա: Եվ, ըստ էության, ասել եմ, որ Աշխաբադում նույնպես զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, քննարկում ենք ունեցել, և որոշակի դինամիկա կա, որոշակի մթնոլորտ կա՝ փնտրելու ձգտում, փնտրելու ցանկություն կա:
Հիմա շատ կարևոր է արձանագրել, թե որն է ընդհանրապես մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում: Ես մի քանի անգամ այս առիթով ասել եմ, որ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և իմ հիմնական խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում կունենանք, և որոշումները ինչ-որ առումով պետք է կայացվեն համազգային ֆորմատով: Շատ են հարցնում՝ ո՞նց է լինելու համազգային ֆորմատը: Տարբեր տարբերակներ կան: Եթե անհրաժեշտ լինի, ընդհուպ կարելի է նաև հանրաքվե անցկացնել և այլն: Կարելի է չանցկացնել, բայց այս նրբություններն այս պահին, այս քննարկումներն այնքան էլ պատեհ չեն, որովհետև մենք խոսում ենք ռազմավարության մասին: Այսինքն՝ մեր խնդիրն է բանակցային գործընթացում հասնել մի այնպիսի լուծման, որն առաջինը, մեր կարծիքով, կարող է մեր ժողովրդի համար ընդունելի լինել: Երբ բանակցային սեղանի շուրջ այդպիսի բանաձև ձևակերպվի, այն կներկայացնենք մեր ժողովրդին: Ժողովրդին ներկայացնելուց հետո դրա հետագա քննարկումների, լուծումների համար կլինեն բազմաթիվ ֆորմատներ՝ սկսած խորհրդարանից վերջացրած քաղաքական ուժերի հետ քննարկումներով, վերջացրած ամենատարբեր՝ զինվորական էլիտայի, մտավորական էլիտայի և այդպես շարունակ: Ձևեր շատ կան, բայց այսօր ես այդ ձևերի մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև հիմա, ցավոք սրտի, մենք չունենք սեղանին այդպիսի լուծում, որ մենք ասենք՝ այսպիսի լուծում կա, ժողովուրդ ջան, եկեք մտածենք, թե ինչ ենք ասում:
Ես ուզում եմ շատ կարևոր բան ասել. վերջին շրջանում շատ հաճախ է շահարկվել նաև այն, թե Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության միջև կան հակասություններ, հակադրություններ, և փորձ է արվում ներկայացնել, թե Արցախի հարցում կա այդպիսի իրավիճակ: Ես կարող եմ հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի իշխանության և Արցախի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, սիրելի հայրենակիցներ: Կրկին ուզում եմ արձանագրել՝ Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Եվ սա չափազանց կարևոր արձանագրում է, և այլ կերպ ուղղակի չի կարող լինել: Եվ ես նախկինում էլ ասել եմ՝ աշխատանքային տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Այսօր երբ մեր նախարարությունների, կառավարության որոշումների քննարկումները տեսնենք շրջանառվելիս, տարբեր հարցերի վերաբերյալ կան տարբեր պատկերացումներ: Եվ դա նորմալ է. այդ պատկերացումների քննարկման արդյունքում է, որ պետք է մենք ունենանք որակյալ լուծում: Բայց Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանության և Արցախի իշխանության պատկերացումները նույնական են, և այս թեմայով որևէ շահարկում ուղղակի ծիծաղելի է: Այս թեմայով մենք հաճախ ենք քննարկումներ ունենում Արցախի իշխանության հետ, ես հաճախ եմ քննարկումներ ունենում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, նաև վերջին օրերին ենք այդպիսի քննարկում ունեցել, և սա շատ կարևոր արձանագրում է:
Դուշանբեի հետ կապված մի բան եմ ուզում ասել: Գուցե շատերը կմտածեն, որ չարժե, իզուր եմ դրան անդրադառնում, բայց ես պետք է անդրադառնամ, որովհետև չեմ կարողանում որևէ բան չպարզաբանված թողնել: Ինչպես գիտեք, վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը: Այդ պաշտոնանկության վերաբերյալ մի ինչ-որ ժամանակ շրջանառության մեջ դրվեց այսպիսի թեզ, խնդրում եմ շատ ուշադիր եղեք այս մասի հետ կապված, ասվում է՝ քանի որ Դուշանբեում Ալիևը և Փաշինյանը վերելակով, որ բարձրացել են, ուրեմն այդ վերելակի մեջ ինչ-որ դավադիր պայմանավորվածություններ են եղել, և քանի որ Գրիգորի Հայրապետովն է մեկ էլ երրորդ մարդը, որ այնտեղ ներկա է եղել, և քանի որ լսել է այդ դավադրության մասին, իրեն դրա համար աշխատանքից ազատել են: Հասկանո՞ւմ եք՝ սա շատ լրջորեն դնում են շրջանառության մեջ: Եկեք քննական քննենք ուղղակի այս թեզը: Եթե կա դավադրություն, ուրեմն պատկերացրեք՝ ես այնքան ապաշնորհ, անխելք դավադիր եմ, որ նախ՝ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ: Դուք հասկանո՞ւմ եք սա: Մարդ, որն իմ թիկնազորի ղեկավարն է ընդամենը 4 ամիս, բայց դրանից առաջ 10 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր թիկնապահը, և դրանից հետո՝ 10 տարի Սերժ Սարգսյանի: Հասկանո՞ւմ եք, չէ՞, լավագույն պայմանը՝ հենց Ալիևին տեսա, միանգամից դավադրություն ենք անում, ու դա անում ենք Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ: Բայց եթե նույնիսկ այդպես է, դրանից հետո ոչ թե իրեն պետք է պաշտոնից ազատեի, այլ, ընդհակառակը, պետք է պինդ պահեի, որովհետև երբ ինքը զինվորական սուբորդինացիայի ներքո է, կարող եմ նրա լռությունը ինչ-որ ձևով ապահովել, բայց երբ նա ազատ մարդ է, նա կարող է խոսել երբ ուզենա, որտեղ ուզենա, ինչ ուզենա: Այս քարոզչության հեղինակներն էլ, գիտեք ովքեր են՝ նախկին ձեզ հայտնի շրջանակի ներկայացուցիչներն են: Ուզում եմ ցույց տալ, որ այդ հակաքարոզչության վրա, ըստ մեր ունեցած որոշ տեղեկությունների, միլիոններ են ծախսվում: Հասկանո՞ւմ եք այդ հակաքարոզչության մակարդակը:
Ու այս համատեքստում դրվում է հաջորդ թեզը, որ Փաշինյանը թուլացնում է բանակը և թուլացնում է գեներալիտետը: Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, եթե բացեք իմ վերջին ասուլիսը, «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2»՝ 31-41 կետը նրա մասին է, թե այս ընթացքում ինչ է արել մեր կառավարությունը բանակի համար: Իհարկե չեմ հաշվել, մոտավոր հաշվարկ եմ արել: Եթե դուք գտնեք 6 ամիս, 1 տարի կամ 1.5-անոց մի ժամանակաշրջան, որ Հայաստանի կառավարությունը Զինված ուժերի զարգացման հետ կապված ավելի շատ բան է արել, ես շատ կզարմանամ: Օրինակ՝ ի՞նչ է արել այս ընթացքում մեր կառավարությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար.
Կետ 31. Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թ. ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247.8 մլրդ դրամի դիմաց:
Կետ 32. ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ է տրամադրել զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար: 2019 թ. հունիս-օգոստոսին մոտ 5 տոկոսով ավելացվել է արևային էներգիայով սնուցվող մարտական դիրքերի քանակը: 5-10 տոկոսով ավելացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ խոցման միջոցների քանակը: Շփման գծի 5 ուղղություններում բարելավվել է յուրային զորքերի դիրքերը: Առաջնագծում շուրջ 10 տոկոսով ավելացել են ժամանակակից տեսադիտարկման սարքերի (ցերեկային, ջերմատեսիլ և համակցված տեսախցիկների) քանակները: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 30-35 տոկոսը կապահովվեն խմելու ջրով:
Կետ 33. 2020 թ. պետական բյուջեով ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կավելանա 114 տոկոսով:
Ամենակարևոր ծրագրերից մեկը՝ Կետ 34-ը, որը վերաբերում է զինվորներին սննդով ապահովելու նոր համակարգին: Ես այն կարծիքին եմ և ուրախ եմ, որ զինվորականությունը կիսում է այդ տեսակետը, որ սննդի նոր համակարգը մեր բանակի մարտունակության բարձրացման կարևոր գործոն է: Կարևոր 3 գործոն՝ զինվորը տեսնում է նոր վերաբերմունք իր նկատմամբ, տեսնում է, որ պետությունը, կառավարությունն իր ծառայությունը գնահատում է բոլորովին նոր կերպ, նոր ձևի, նոր որակի: Այն զինվորը, որը որակյալ սնունդ ունի, հետևաբար, որակյալ ինքնազգացողություն, նրա և՛ զգոնություն է մեծանում, և՛ ինքնագնահատականն է մեծանում, և՛ մարտունակություն է մեծանում, և այլն:
Կարևորագույն որոշումներից մեկը՝ մեր սիրելի զինվորականների աշխատավարձերն ենք բարձրացրել: Չեմ թաքցնի՝ դա հպարտություն է մեզ համար, և ես հպարտանում եմ այդ որոշման համար, որովհետև այսպիսի շոշափելի աշխատավարձի բարձրացում Զինված ուժերում շատ վաղուց չի եղել: Որպեսզի չկրկնեմ, բացեք «100 փաստ Նոր Հայաստանի մասին-2» և 31-41 կետերը դիտեք: Բանակի նկատմամբ կառավարության նոր վերաբերմունքի արդյունք է, որ 2019 թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից 15 տոկոսով ավելի քաղաքացի: Չեմ կարծում, թե հաճախ է եղել, երբ կանխատեսվածից ավելի քաղաքացի է զորակոչվում բանակ, և ես հույս ունեմ, որ հետագայում այս ցուցանիշը ավելի կլավանա:
Երրորդ թեզը, որը նույնպես դրվում է շահարկման, ասվում է, որ մեր կառավարությունը գեներալիտետին թուլացնում և վարկաբեկում է: Սա ասվում է այն համատեքստում, որ բոլորիդ հայտնի են, որ կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Այո՛, կան այդպիսի գործեր, և դա գաղտնիք չէ, բայց մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, երբ գեներալական կամ նախարարական որևէ կարգավիճակ մեզ պետք է հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ:
Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս համատեքստում ուզում եմ արձանագրել՝ այս մեկուկես տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևավորվել, կամ ինչ գեներալիտետ է ձևավորվել: Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ էության, դե ֆակտո և դե յուրե իմ նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության մի շարք զինվորականներ ստացել են գեներալական կոչումներ: Օրինակ՝ կապի, զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանն ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում՝ իմ նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով: ՀՀ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանն ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հրթիռային զորքերի և հրետանու պետ Արմեն Հարությունյանն ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն իմ նախաձեռնությամբ ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս որոշման հետ կապված էլ քաղաքական վերլուծություններ արվեցին՝ այն իրավիճակի հետ կապված, որ պարոն Գրիգորի Խաչատուրովի հայրը Յուրի Խաչատուրովն է, գիտեք՝ նա հայտնի գործով անցնում է, և բազմազան վերլուծություններ արվեցին, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ այս որոշումով ընդամենը Գրիգորի Խաչատուրովի աշխատանքն է գնահատվել: Ոչ մի քաղաքական հարց չկա, ուղղակի կորպուսի հրամանատարի աշխատանքն է գնահատվել, և ես որոշում եմ կայացրել այդ կոչումը շնորհելու վերաբերյալ: Էլ չեմ ասում, որ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Զինված ուժերի Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ի վերջո, կրկին իմ նախաձեռնությամբ՝ Վաղարշակ Հարությունյանի զինվորական կոչումը, որից նա զրկվել է մոտ 20 տարի առաջ, ձեզ հայտնի հանգամանքներում, իմ նախաձեռնությամբ և որոշմամբ վերականգնվել է գեներալական կոչումը: Ուզում եմ ասել, որ այս հարցում ընդհանուր պատկերացումներ ունենք Արցախի իշխանության հետ, և ես շատ ուրախ եմ: Այնտեղ էլ գեներալիտետի ձևավորման գործընթաց է տեղի ունենում, և ուզում եմ արձանագրել, որ Պաշտպանության բանակի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջալալ Հարությունյանը, նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ՝ շտաբի պետ, և նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, և ես ուզում եմ ասել, որ ողջունում եմ Արցախի իշխանությունների այդ որոշումը և այդ մոտեցումը:
Ընդհանուր առմամբ, կարծես սա էի ուզում ասել, սիրելի հայրենակիցներ, և նաև ուզում եմ արձանագրել, որ թերևս առիթ կլինի առաջիկայում այդ թեմայով խոսելու: Նաև թերևս արժե մի օր խոսակցություն ունենալ, որովհետև մարդիկ կան, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն Արցախի Հանրապետության նկատմամբ կասկածի տակ դնել: Ես այսօր չեմ խոսի այդ մասին, բայց, կարծում եմ, արժե մի առիթով խոսել այն մասին, թե մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունն ինչպիսի կոնկրետ նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը: Ես միայն հիշեցնեմ, որ մեր կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց, որպեսզի Արցախի կառավարությունը դրանով լուծի զինվորական այն թոշակառուների հարցը, որոնք հերթագրված են բնակարանների հերթացուցակում: 3 մլրդ դրամ այդպիսի ուղիղ օգնություն ցուցաբերվեց հավելյալ: Բայց ես կարծում եմ՝ այս թեման առաջիկայում ավելի մանրամասն կքննարկենք, ավելի դետալացված, որպեսզի մեր հանրությունը կարողանա տարբերակել հստակ այն էժան պրոպագանդան, որի վրա ինչքան էլ միլիոններ են ծախսում՝ չի դադարում էժան մնալ:
Այս հարցերը, եթե շատ անկեղծ ասեմ, ինձ առանձնապես չեն մտահոգում և հուզում. դրանք ավելի շատ առիթ են, որպեսզի ժողովրդի հետ, հանրության հետ այս խոսակցությունը տեղի ունենա, որովհետև, իհարկե, նախկինում էլ խոսել ենք, որ սա շատ կարևոր խոսակցություն է, և ինձ համար է կարևոր խոսակցություն, որ այս կապը չկտրվի: Բայց, համաձայնեք, միշտ պետք է, որպեսզի մի առիթ առաջանա, այդ առիթի շուրջ էներգիա առաջանա, որովհետև աշխատանքային կարգով հիմա, ըստ էության, շատ բաներ ուղիղ եթերում տալիս ենք՝ այցեր, հանդիպումներ, ելույթներ, և ինչ-որ մի առիթ է հարկավոր, որպեսզի կոնկրետ թեմաներով դետալացված խոսակցություն գնա: Եվ այս առումով այն պրոպագանդան, որ ոմանք իրենց կոռուպցիոն միջոցներն օգտագործում են ժողովրդի և ժողովրդի ընտրյալ կառավարության միջև վստահության խնդիր առաջացնելու համար, մենք կօգտագործենք մեր ընդհանուր նպատակների համար՝ ժողովրդի, ժողովրդական, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության շահերի համար կօգտագործենք, մեր միասնությունն ուժեղացնելու համար կօգտագործենք, մեր վստահությունն ուժեղացնելու համար կօգտագործենք, և իհարկե, մենք այս ամենի արդյունքում միայն ու միայն կուժեղանանք:
Գիտեք, բնականաբար, հիմա շատ առատ ինֆորմացիայի ուղիներ կան, շատ մեծ ինֆորմացիա է հայտնվում իմ սեղանին: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանց՝ ձեզ հայտնի ուժերին, ամենաշատը նյարդայնացնում է դա, որ, ըստ էության, այս մեկուկես տարվա ընթացքում ահռելի մեծ միջոցներ են ծախսվել, բայց նրանք չեն կարողացել ոչնչով, պատկերացնում եք, ոչնչով նույնիսկ աննշան վնաս հասցնել ժողովրդի և կառավարության միջև առկա վստահության մթնոլորտին: Նրանք չեն կարողանում վնասել Հայաստանում հաստատված մթնոլորտին, վստահությունը որևէ կերպ չեն կարողանում նսեմացնել: Դա, իհարկե, նրանց շատ նյարդայնացնում է, իսկ մեզ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին, ավելի ու ավելի ուժեղացնում է: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, այսքանով ավարտում եմ իմ խոսքը: