Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների նկատմամբ. Վարչապետ
ևս 5 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ճեպազրույց է անցկացրել պարետատան նիստից հետո։ Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին և պարետատան նիստում ընդունված որոշմանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաճարակային իրավիճակը Հայաստանում շարունակում է վատանալ։ «Երկու օր առաջ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որի բերած տեղեկատվությունը ցույց է տալիս, թե ինչու է տեղի ունենում այս ամենը։ Պատասխանը միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների զանգվածային չպահպանումն է։ Արդեն հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իմ ֆեյսբուքյան էջում»,- ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ ամենի հետևանքով նկատվում է մի մտահոգիչ միտում։ «Հանրային վերահսկողության հարթակում հրապարակվող տեղեկատվությունը ատելության, քննադատության խոսքի առիթ է դառնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնց մասին կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում։ Սա անընդունելի է մի պարզ պատճառով, որովհետև այս պատմությունը մեր բոլորի մասին է։ Ցավոք, ինքս էլ վարակվել եմ վիրուսով, հետևաբար ինչ որ մի տեղ ինչ որ մի բան այնպես չեմ արել։ Այս հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց մեղադրելու համար է, այլ խնդիրը հնարավորինս խորը հասկանալու»,- շեշտել է վարչապետը։
Անդրադառնալով կորոնավիրուսը որպես հնարավորություն հայեցկարգին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այն բերում է մեր հանրության խորքում կարևոր փոփոխությունների։ «Կարծես դանդաղ սկսում ենք վերանայել մեր վերաբերմունքը հանրային համակեցության կանոնների, օրենքների, մեր սովորույթների նկատմամբ։ Համոզված եմ, որ այս ամենից հետո բոլորվին այլ կերպ կսկսենք վերաբերվել այդ ամենին, լավ իմաստով։ Ցավոք, դա տեղի է ունենում զոհերի գնով, և ես ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որտեղ կորուստ է արձանագրվել վիրուսի պատճառով»։
Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար։ «Նաև քննարկում ենք այդ սցենարների տնտեսական հնարավոր հետևանքները, տնտեսական հնարավոր բեռը և այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ»,- ասալ է կառավարության ղեկավարը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսից այսօր Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել։ Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը։ Ներկայումս ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի։
«Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին, նաև նայենք մեր շուրջբոլորը: Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները կորոնավիրուսի ուղիղ թիրախի տակ են: Մեր ցանկացածի վարքագիծը՝ իրար դրսում բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարն ընդգծել է՝ չեն ակնկալում, որ մեկ ամսից կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնելու է զրոյի, բայց ակնկալում են ունենալ մի վիճակ, երբ բոլորը կարողանալու են ստանալ պատշաճ բուժօգնություն։ Իսկ պատշաճ բուժօգնության ռեսուրսները, ըստ նրա, միշտ էլ սահմանափակ են: Չկա մի երկիր, որտեղ հնարավոր է սպասարկել անհաշվելի թվով քաղաքացիների։
Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը հավելել է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինքը թողել է աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ «Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է։ Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության և ըմբոստության մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե՝ ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- նշել է նա։