Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Ունենք կայուն իրավիճակ, սակայն ոչ մի երաշխիք չունենք, որ այն կպահպանվի. վարչապետը պարետատան նիստից հետո ճեպազրույց է անցկացրել
- 1670x1113px - 406 Կբ
- 1670x1113px - 315 Կբ
- 1670x1113px - 375 Կբ
- 1670x1113px - 532 Կբ
- 1670x1113px - 558 Կբ
- 1670x1113px - 600 Կբ
- 1670x1113px - 488 Կբ
- 1670x1113px - 366 Կբ
- 1670x1113px - 385 Կբ
- 1670x1113px - 368 Կբ
- 1670x1113px - 419 Կբ
- 1670x1113px - 378 Կբ
- 1670x1113px - 473 Կբ
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 430 Կբ
ևս 12 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակամարաճարակային կանոնները», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն արձանագրել է՝ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի: Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունն առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրել է, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն: «Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: «Արմենիա» բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,- ասել է Թորոսյանն ու նշել, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: Նախարարը շեշտել է՝ առողջապահական ռեսուրսների սա աննախադեպ մոբիլիզացիա է՝ թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումների, թե՛ ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը: Նախարարը նշել է, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին:
Միաժամանակ, նախարարն ասել է, որ Հայաստանում հունիսի 21-ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը: «Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200-ի շրջանակում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում: Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,- ասել է Թորոսյանը:
Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: «Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,- տեղեկացրել է նախարարը:
Իր հերթին, Ալեքսանդր Մինյոնը նշել է, որ արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, որոնց թվում կլինեն նաև սփյուռքահայ բժիշկներ։ «Այս անգամ այս առաքելության թիմում ներգրավված կլինեն նաև սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ։ Նրանք շատ ուրախ կլինեն այստեղ օգնություն ցուցաբերել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։
«100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում և որոնցից 2-ն անպայման կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին Հայաստան ժամանելու և մեր բժշկական համակարգին օժանդակություն ցուցաբերելու համար: