Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ի HARDTalk հաղորդաշարին

14.08.2020


Ոչ պաշտոնական թարգմանություն

Սթիվըն Սակուր (նախաբան)- Բարի գալուստ HARDTalk: Ես Սթիվըն Սակուրն եմ:

Աշխարհի ամենազգայուն հակամարտության գոտիներից մեկը կրկին թեժանում է: Անցած ամիս հայկական և ադրբեջանական ուժերը բախվեցին, ինչի արդյունքում առնվազն 17 մարդ զոհվեց: Դա ամենավերջին կտրուկ շրջադարձն էր Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարամյա հակամարտության մեջ:

Եվ իմ հյուրն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Մի՞թե Հայաստանը ներքաշված է հին մարտեր մղելու մեջ:

Սթիվըն Սակուր - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանում է Երևանից, բարի գալուստ HARDTalk:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, բարև ձեզ:

Սթիվըն Սակուր – Երկու տարի է անցել այն օրվանից, երբ Դուք իշխանության եկաք այսպես կոչված Թավշյա հեղափոխության շատ մեծ սպասելիքներով։ Երբ նայում եմ Հայաստանին այսօր, ինձ թվում է, թե շատ հայեր կարծում են, որ այդ հույսերն ի չիք են դարձել։ Ի՞նչն է սխալ ընթացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
- Ես չէի համաձայնի Ձեր տպավորության հետ: Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսնում են, որ ապրում են ժողովրդավարական երկրում. 2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ, մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։

Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին։

Սթիվըն Սակուր - Մենք դեռ կխոսենք համավարակի մասին, քանի որ ինձ հայտնի է, որ Հայաստանի համար դժվար է եղել լուծել այդ խնդիրը։ Բայց մինչ այդ ես կուզենայի անդրադառնալ ձեր վարչակազմի գործունեության մեկ այլ ասպեկտի, որը հավանաբար չի կրել այն փոփոխությունը, որ որոշ մարդիկ սպասում էին։ Դուք իշխանության եկաք խոսելով այն մասին, որ պետք է Ադրբեջանի հետ խաղաղության ուղի գտնել, սակայն անցյալ ամիս մենք Լեռնային Ղարաբաղում նոր բախումների, նոր հակամարտության ականատեսը եղանք, որոնց արդյունքում երկու կողմից տասնյոթ զինծառայող զոհվեց։ Տպավորությունն այնպիսին է, կարծես թե իրադարձություններն ընթանում են արդեն սովորական դարձած տրամաբանությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի միակողմանի ջանքերով խաղաղության չենք կարող հասնել, իրական խաղաղության կարող ենք հասնել, եթե Ադրբեջանը նույն կերպ պատասխանի Հայաստանի գործողություններին։

Դառնալով Հայաստանի վարչապետ՝ ես առաջարկեցի խաղաղության նոր բանաձև, այն է` ղարաբաղյան հակամարտության որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։

Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ հայտարարում եմ, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց, ցավոք, Ադրբեջանի նախագահը չարձագանքեց իմ առաջարկությանը։

Սթիվըն Սակուր - Թույլ տվեք նկատել, որ գործերն ավելի պերճախոս են, քան խոսքերը։ Մենք տեսանք, որ հուլիսի կեսին հայկական ուժերը հրետակոծում էին գյուղերը՝ բախման սահմանից անդին և ադրբեջանական աղբյուրների համաձայն 76-ամյա խաղաղ բնակիչ զոհվեց, ինչը հետո փոխադարձ արձագանքի բերեց և երկարացրեց ռազմական բախումը։ Կրկին ձեր ուշադրությանն եմ բերում այն հարցը, որ կարծես Ձեր քաղաքականությունը այնքան էլ միտված չէ խաղաղության հաստատմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Հայաստանի նկատմամբ, ըստ որում դա առանձին գործողություն չէր։ Ադրբեջանի նախագահը շարունակաբար դիմում է ռազմատենչ հռետորաբանության` ասելով, որ նա պատրաստվում է Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ուժի միջոցով։

Որպես ռազմական հռետորաբանության արդյունք՝ Ադրբեջանի կառավարության առջև ծառացած է մի կարևորագույն մարտահրավեր, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու իրենք չկարողացան ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի միջոցով։

Սթիվըն Սակուր - Կներեք, երկուստեք մեղադրանքներ են հնչում հակառակորդի կողմից ռազմական գործողություններն սկսելու մասին։ Բայց մեկ բան պարզ է. բախումներին նախորդած ամիսների ընթացքում Դուք Ձեր հայտարարություններով էապես նպաստեցիք լարվածության մեծացմանը։ Օրինակ, ինչո՞ւ անցյալ տարվա օգոստոսին Ստեփանակերտում Ձեր ելույթի ժամանակ Դուք հայտարարեցիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Մենք գիտենք, որ Դուք Արցախ անվանում եք Լեռնային Ղարաբաղը։ Իսկ հետո Դուք հավաքվածների հետ միասին սկսեցիք վանկարկել ազգայնական կոչեր, ինչը կարելի է դիտել որպես Ադրբեջանի նկատմամբ ուղղակի սադրանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Առաջին, ես կարող եմ հասկանալ միջազգային հանրության վիճակը, որն ամեն անգամ ստիպված է լսել կողմերի փոխադարձ մեղադրանքներն առ այն, թե ով սկսեց կամ ով առաջինը խախտեց զինադադարը։ Եվ կրկին ու կրկին դրա ականատեսն ենք լինում արդեն բավականին ժամանակ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Եվ սա միանգամայն հիմնավորված առաջարկություն է Հայաստանի կողմից։

Երկրորդ, ինչո՞ւ եմ ես ասել, որ Արցախը Հայաստան է։ Նախևառաջ, հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել բնիկ հայ ազգաբնակչությամբ։ Ի դեպ, Արցախ անվանումն ունի հազարամյակների պատմություն։ Երկրորդ....

Սթիվըն Սակուր - Կներեք, պարոն վարչապետ, մենք չենք կարող հետ գնալ ձեր պատմության հազարամյակները, այն՝ ինչ կարող ենք անել՝ խոսելն է այսօրվա իրողություններից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով «Հայաստանին կոչ է անում գրավյալ տարածքներից անհապաղ և անվերապահորեն դուրս բերել բոլոր հայկական զինված ուժերը։ Միջազգային իրավունքի համաձայն` այնտեղ առկա Ձեր զորքերը օկուպացիոն ուժեր են»։ Մինչդեռ Դուք գնում եք Ղարաբաղ և հայտարարում, որ այդ տարածքը ձերն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթում չի նշվում Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Այնտեղ նշված է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժեր։

Երկրորդ, Դուք առաջարկում եք առերեսվել իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ նախքան հակամարտության սկիզբը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության 80-90%-ը հայեր էին։ Եվ փորձելով երկրամասը մաքրել հայերից` Ադրբեջանը սկիզբ դրեց հակամարտությանը։

Սթիվըն Սակուր - Պարոն վարչապետ, բայց իմ հարցը վերաբերում է նրան, թե Ձեր կառավարությունը կոնկրետ ինչ է անում իրագործելու համար խաղաղության մասին Ձեր նախընտրական խոստումը։ Օրինակ, ինձ հայտնի է, որ Ձեր կառավարությունը պատրաստվում է նոր ճանապարհ կառուցել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, որն անցնելու է բուն ադրբեջանական տարածքների միջով։ Բրյուսելում մի խումբ եվրապատգամավորներ, որոնք մասնագիտացած են կովկասյան քաղաքականության մեջ, համարում են, որ այդ «ճանապարհի կառուցումը միջազգային իրավունքի խախտում է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիան խորացնելու խորհրդանշական քայլ։ Մենք ափսոսանք ենք հայտնում այդ նախաձեռնության կապակցությամբ», և ես կցանկանայի իմանալ, թե արդյո՞ք Դուք կհրաժարվեք դրանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի կառավարությունը չի, որ Լեռնային Ղարաբաղում ճանապարհ է կառուցում. Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է, որ գործում է իր իսկ ազգաբնակչության շահերի շրջանակից ելնելով: Գիտեք, Ղարաբաղում մարդիկ են ապրում և նրանք ունեն կարիք մատակարարումների, սննդի, տեղաշարժվելու և այլն: Ադրբեջանն, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն է վարում, և ի դեպ նաև Հայաստանի նկատմամբ:

Սթիվըն Սակուր - Պարոն վարչապետ, հարցազրույցի սկզբում ես նշեցի, որ հեղափոխությունը Ձեզ իշխանության բերեց բարեփոխումներ իրականացնելու և, ի վերջո, խաղաղության հասնելու ակնկալիքով։ Բայց անկեղծ ասած, Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ազգայնական մոտեցումը, որին Դուք շարունակում եք հետևել, որևիցե խաղաղության տարր չի պարունակում իր մեջ։ Այս կարևորագույն հարցում Դուք նմանվում եք Ձեր նախորդներին: Ո՞րն է մոտեցումների այն էական տարբերությունը, որ դրվում է բանակցությունների սեղանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես համաձայն չեմ Ձեր այն կարծիքի հետ, որ մեր կեցվածքն ազգայնական է, քանզի Լեռնային Ղարաբաղում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև: Եվ ի՞նչ ենք մենք առաջարկում: Մենք Ադրբեջանին առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հրաժարվել ուժի գործադրման որևէ հնարավորությունից: Մենք պետք է պայմանավորվենք մի շատ պարզ բանաձևի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չկա: Եվ…

Սթիվըն Սակուր - Շատ լավ, ես Ձեզ հասկացա։ Թույլ տվեք նկատել, որ Դուք իշխանության էիք գալիս որպես նախկին լրագրող և մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաև որպես նախկին քաղաքական բանտարկյալ։ Մարդու իրավունքները ձեզ համար կարևոր են։ Ադրբեջանին ձեր մոտեցումները հասցնելու և նախորդներից այդ առումով իրապես տարբերվելու համար, արդյո՞ք Դուք պատրաստ եք հայտարարել, որ նախկինում` նախորդ դարի 80-ականների վերջի և 90-ականների սկզբին, հայկական ուժերը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են թույլ տվել և պատերազմական հանցագործություններ են կատարել Լեռնային Ղարաբաղի ներսում։ Դրանք արձանագրվել են մի շարք անկախ դիտորդների կողմից և արդյո՞ք Դուք պատրաստվում եք ընդունել դրանք և ներողություն խնդրել նախկինում կատարվածի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է. այդ իսկ պատճառով մենք ասում ենք՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման ցանկացած հնարավորությունից: Ցանկացած խաղաղություն ենթադրում է փոխզիջում: Եվ Հայաստանը միշտ պատրաստ էր և պատրաստ է փոխզիջման: Բայց, մյուս կողմից, մենք կարող ենք ասել…

Սթիվըն Սակուր - Կներեք, պարոն վարչապետ, բայց ես ցանկանում եմ կոնկրետ հարց ուղղել Ձեզ և ակնկալում եմ հստակ պատասխան՝ արդյո՞ք Դուք պատրաստ եք հաշտեցման ոգուն համահունչ, օրինակ, ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դասակարգված փաստերը հայկական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և ներողամտություն հայցել: Արդյո՞ք դուք կասեք ներողություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվրադատարանը հայերի նկատմամբ ադրբեջանցիների կատարած ոճրագործությունների վերաբերյալ նմանատիպ դասակարգում էլ ունի...

Սթիվըն Սակուր – Բայց ես չեմ խոսում ադրբեջանցիների հետ, ես խոսում եմ Ձեզ հետ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրում եմ, թույլ տվեք պատասխանել Ձեր հարցին: Այստեղ հարկ է նշել սումգայիթյան իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 1980-ականների վերջին, երբ Ադրբեջանի կառավարությունը, ադրբեջանցիները ջարդեր նախաձեռնեցին հայերի դեմ Սումգայիթում և Ադրբեջանի մայրաքաղաքում: Եվ սա առանցքային կետ է այս հարցում:

Սթիվըն Սակուր – Ես պարզապես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք Դուք պատրաստ եք ստանձնել պատասխանատվություն և ներողություն խնդրել հայկական ուժերի կողմից կատարված բռնությունների և հանցագործությունների համար: Այո՞, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դեռ հարկավոր է ապացուցել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերը վայրագության զոհն են, և մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի:

Սթիվըն Սակուր - Լավ, պարոն վարչապետ, թերևս չեք պատրաստվում ներողություն հայցել կատարվածի համար: Բայց եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին, չե՞ք կարծում, որ հակամարտության շուրջ լարվածության սաստկացումը ձեռնտու է Ձեր կառավարությանը հանրության ուշադրությունն ու ճնշումը համավարակի դեմ պայքարում արձանագրված անհաջողություններից շեղելու իմաստով։ Քանի որ, անկեղծ ասած, համավարակի դեմ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերն այնքան էլ հաջող չէին։ Իրականում դա ձեր կառավարության իրական տապալումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, որ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն: Եվ այդ ռազմավարությունը համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը աշխարհում հաղթահարելուց հետո:

Սթիվըն Սակուր - Թույլ տվեք նկատել, որ կորոնավիրուսից մահացության Ձեր ցուցանիշը վեց անգամ ավելի բարձր է, քան Վրաստանի ցուցանիշը և զգալիորեն բարձր է Ադրբեջանի ցուցանիշից: Տարածաշրջանի կտրվածքով Հայաստանը շատ ավելի խիստ է տուժել, քան մյուսները, ինչը ենթադրում է, որ Ձեր կառավարությունը պատշաճ կերպով չի վերահսկել իրավիճակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք համավարակի հաղթահարման գործընթացում ենք: Եվ, ինչպես ասացի, այդ մասին եզրակացություններ անելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Բայց այժմ Հայաստանը գտնվում է…

Սթիվըն Սակուր - Բայց պարոն վարչապետ, մարդիկ դատողություններ են անում կոնկրետ գործողությունների հիման վրա։ Օրինակ, մայիսի վերջին Դուք մասնակցեցիք Լեռնային Ղարաբաղի առաջնորդ-նախագահի երդմնակալության առիթով կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որի ժամանակ Դուք շփվում էիք մասնակիցների հետ առանց դիմակի։ Եվ ընդամենը մի քանի շաբաթ անց, արդեն հունիսի սկզբին Ձեր երկիրը հայտնվեց սարսափելի ճգնաժամի մեջ` օրական 600 և ավելի հիվանդացության դեպքերով։ Դուք նախատում էիք ժողովրդին դիմակ չկրելու համար, այնինչ Դուք ինքներդ էիք մինչ այդ խախտել անվտանգության այդ կանոնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք այդ ժամանակ գործում էինք ըստ այն իրավական կարգավորումների, որոնք առկա էին Լեռնային Ղարաբաղում: Եվ մենք շարունակում ենք հետևել այն կարգավորումներին, որոնք գործում են մեր երկրում, Լեռնային Ղարաբաղում կամ այլուր:

Սթիվըն Սակուր - Պարոն վարչապետ, վերը նշված փաստերը Ձեր ընդդիմադիրներին և հատկապես Հանրապետական կուսակցությանը թույլ տվեցին հայտարարել, որ «անհնար է հաղթահարել համավարակը այս վարչապետի հետ, ով միայն լայվ-ուղերձներ է հղում, սելֆիներ է անում և վազում այս ու այն կողմ։ Ուստի, ներկայիս ծանրագույն իրավիճակի համար ամբողջապես պատասխանատու է կառավարությունը», և որ Դուք այնքան շատ սխալներ եք գործել, որ պետք է հրաժարական տաք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունը կարող է ազատ արտահայտել իր տեսակետները: Եվ ես շատ ուրախ եմ, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ:

Սթիվըն Սակուր - Դուք խոսում եք Ձեր կառավարման օրոք ամրապնդված ժողովրդավարության մասին և ես հարցը տալիս եմ՝ հաշվի առնելով ձեր անցյալը որպես անկախ լրագրող և քաղբանտարկյալ։ Այդուհանդերձ, Human Rights Watch կազմակերպությունը 2020 թ. ձեր երկրի մասին իր զեկույցում եզրակացնում է «նախկինում իրավապահների կողմից կատարված բռնարարքների անհամաչափ ուժի կիրառության վերաբերյալ հետաքննությունները կրում են սահմանափակ բնույթ։ Առկա է բռնությունը և խտրականությունը հիմնված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա, առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ»։ Այս ամենն առկա է Հայաստանում այսօր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Freedom House հայտնի միջազգային կազմակերպությունն Հայաստանին վերաբերող իր զեկույցների պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանն ամենամեծ երկամյա առաջընթացն է արձանագրել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:

Սթիվըն Սակուր - Կներեք, պարոն վարչապետ, Ձեր երկրում կարծիքներ են հնչում, որ կառավարության օրակարգը միտված է ոչ այնքան կոռուպցիան արմատախիլ անելուն, որքան ձեր ընդդիմադիրների խոսքը ճնշելուն։ Մասնավորապես, նրանք մատնացույց են անում Սահմանադրական դատարանի երեք դատավորների պաշտոնավարման կասեցման մասին Ձեր որոշումը։ Ձեր ընդդիմադիրները քաղաքական շարժառիթներ են տեսնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա պետք է շեշտեմ, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր Սահմանադրության տառին և ոգուն: ՀՀ գործող Սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը, բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը:

Ինչ վերաբերում է քրեական գործերին և ձերբակալություններին, ապա պետք է շեշտեմ, որ մենք ունենք դատարաններ, քննչական մարմիններ և դատախազություններ: Ես չէ, որ պետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով պետք է ազատ արձակվի: Մեր նպատակն է` ապահովել օրենքի գերակայությունը, ստեղծել անկախ դատական համակարգ և վարել հստակ հակակոռուպցիոն քաղաքականություն: Միջազգային հանրությունը արձանագրել է այդ բոլոր ոլորտներում մեր հսկայական առաջընթացը:

Սթիվըն Սակուր - Պարոն վարչապետ, թույլ տվեք ավարտել ռազմավարական հարցով։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ միջավայրում։ Դուք, ըստ էության, պետք է ռազմավարական ընտրություն կատարեք․ դուք կարող եք համարել Մոսկվան ձեր հիմնական գործընկերն ու դաշնակիցը, կամ նայել դեպի Եվրամիության ու ՆԱՏՕ։ Դուք պետք է ընտրեք, թե ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկեր է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։

Մենք բավականին արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի այդ, մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում։

Սթիվըն Սակուր - Թույլ տվեք ընդհատել Ձեզ, պարոն վարչապետ։ Աշխարհաքաղաքականությունը ենթադրում է ծանր ընտրություն: Եթե դուք իրոք ցանկանում եք ԵՄ-ին ևՆԱՏՕ-ին մոտ լինել, ապա խնդիր ունեք, քանզի այժմ Թուրքիայի հետ թունավոր հաբերությունների մեջ եք։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ ևս Ձեր հարաբերությունները խնդրահարույց կլինեն, քանի որ պնդում եք Իրանի հետ առևտրատնտեսական կապեր ունենալու վրա, մինչդեռ ամերիկացիները խնդրել են ձեզ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչը Դուք մերժել եք։ Դուք ընտրություն ունեք կատարելու։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ կրկին հարցնել, որ Դուք հստակ ասեք, թե արդյո՞ք վերջնական է Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու Ձեր որոշումը, թե՞ Դուք կարող եք ընտրել նաև այլ ճանապարհ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն։ Սակայն մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների հետ մեր լավ հարաբերությունները պահպանելու համար և, միևնույն ժամանակ, ամբողջությամբ հավատարիմ ենք մեր միջազգային պարտավորություններին։

Սթիվըն Սակուր – Բարի, պարոն վարչապետ, շնորհակալ եմ ինձ ժամանակ տրամադրելու համար: Շնորհակալություն HardTalk-ին հյուրընկալվելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նույնպես շնորհակալ եմ:

← Վերադառնալ