Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Այս իրավիճակում Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ ճանաչում հանուն փրկության. Վարչապետի հարցազրույցը Libération-ին

16.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև.


Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք:

Libération
– Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:

Libération – Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամավորներին միանալ ճակատին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Որովհետև սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ ճանաչում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո:

Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան:

Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:

Libération – Հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք ենք բերել, և այնտեղ հստակ նկարագրված է: Իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների: Եվ եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում:

 

← Վերադառնալ