Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում. վարչապետի հարցազրույցը՝ «Կորիերե դելլա Սերա»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից՝ «Կորիերե դելլա Սերա»-ին: Հարցազրույցի հիմքով պատրաստված հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Փաշինյանը մատնանշում է. «Էրդողանը զինում է ադրբեջանցիներին, քանի որ ևս մեկ ցեղասպանություն է ցանկանում», այնուհետև շարունակում է. «Նա սիրիացի ջիհադիստների է ուղարկել այստեղ կռվելու, մենք ապացույցներ ունենք»:
«Թուրքերը Վիեննայո՞ւմ: Դա կարող է նորից տեղի ունենալ»: Մինչ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված Ադրբեջանի հետ հրադադարը «մեծ աղմուկով» դոփում է տեղում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիպերբոլ է օգտագործում, բայց անմիջապես անցնում է իր ասելիքին: Նախկինում լրագրող և խարիզմատիկ ընդդիմադիր գործիչը վարչապետ է ընտրվել երկու տարի առաջ՝ փողոցները ողողած բողոքի ցույցերից հետո:
Փաշինյանը նոր է վերադարձել ռազմաճակատից, որտեղ այցելել է զինվորներին: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերը չեն դադարել և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում շարունակ հնչում են հակաօդային ազդանշաններ: Մեկ շաբաթ առաջ շատ փխրուն հրադադար կնքվեց, որը սակայն չկանգնեցրեց ռումբերն ու անօդաչու թռչող սարքերը և չլռեցրեց պատերազմի հռետորաբանությունը:
Հայկական կողմից զինվորականների և քաղաքացիականների շարքում կան 660-ից ավելի զոհեր:
Կորիերե դելլա Սերա - Բաքուն ձեզ մեղադրում է Գյանջային նորից հարված հասցնելու մեջ, դուք մեղադրում եք ադրբեջանցիներին Ստեփանակերտը և մերձակա գյուղերը ռմբակոծելու մեջ: Երկու կողմերն էլ խոսում են մարդկության դեմ հանցագործությունների մասին: Որտե՞ղ է ճշմարտությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարավային Կովկասում Թուրքիան առաջ է տանում նույն ռազմավարությունը, որ որդեգրել է Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա ծավալապաշտական քաղաքականություն է: Հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասաց՝ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը: Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են:
Կորիերե դելլա Սերա - Դուք ունե՞ք այդ զինյալների օգտագործման մասին ապացույցներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, մենք ունենք ջիհադիստական քարոզչական տեսահոլովակներ` մարտական գործողությունների վայրերում գեոլոկացիայով: Ինչպես նաև նրանցից մի քանիսի մարմինները: Որևէ կասկած չկա դրանում: Ապացույցներն արդեն հրապարակվել են: Հատուկ ծրագրի միջոցով հնարավոր է եղել վերլուծել տեսանյութերի կադրերը և բացահայտել, թե որ վայրերում են կատարվել այդ նկարահանումները: Այժմ արդեն հաստատված փաստ է, որ նրանք բերվել են առաջին գիծ մարտական գործողությունների ընթացքում: Սիրիացի ահաբեկիչներն իրենք են նկարահանել այն տեսանյութերը, որոնք հետագայում հայտնվել են համացանցում և տարածվել: Այս ապացույցը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կողմից: Եվ նպատակը պարզ է. թուրքերը հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն են ցանկանում: Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը. ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում:
Կորիերե դելլա Սերա - Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Եվրամիությունը հակամարտությունը դադարեցնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռազմական գործողություններին վերջ տալու համար կա միայն մեկ միջոց, այն է` Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար:
Կորիերե դելլա Սերա - Իտալիայում մի խումբ մտավորականներ, մարզիկներ և քաղաքական գործիչներ ստորագրեցին Հայաստանի հետ համերաշխության հռչակագիր: Դա բավակա՞ն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի շարք արտասահմանցի լրագրողներ եկան այստեղ, բայց մենք չտեսանք արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների: Իտալիայից ես ակնկալում եմ, որ նա ճանաչի, որ Թուրքիան վարձկաններ ու զորքեր է տեղափոխել Ադրբեջան: Բայց ոչ միայն դա: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մարդասիրական լուրջ ճգնաժամի զոհ է, ինչը միջազգային հանրությունը և Իտալիան պետք է հաշվի առնեն։ Որովհետև եթե ադրբեջանական բանակը վերադառնա տարածաշրջան, ոչ մի հայ չի փրկվի»: