Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
- 1670x1113px - 710 Կբ
- 1670x1113px - 597 Կբ
- 1670x1113px - 676 Կբ
- 1670x1113px - 744 Կբ
- 1670x1113px - 988 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 722 Կբ
- 1670x1113px - 809 Կբ
- 1670x1113px - 645 Կբ
- 1670x1113px - 604 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 594 Կբ
- 1670x1113px - 630 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 452 Կբ
- 1670x1113px - 658 Կբ
- 1670x1113px - 534 Կբ
ևս 14 լուսանկար
Հուլիսի 25-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ժողովուրդ,
Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական: Իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական:
Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և «Արևելեք-Արևմուտք» մեզ համար ավանդական բանաձևերը բավարար չափով չեն գործում:
Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի Հանրապետության տեղի և դերի հստակեցումը: Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում: Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ:
Այսօրվա ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել: Ու չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին:
Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում եմ և անդրադարձել եմ կառավարության նիստերում ունեցած ելույթներում: Ուստի, այդ թեմայով այսօր կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերի մի զգալի հատվածը նվիրված կլինի այդ խնդրին:
Հարգելի ներկաներ,
Վիճակագրության կոմիտեն այսօր հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը, և ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում:
Շարունակվում է նոր աշխատատեղերի ստեղծումը, և հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719.224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171.000 նոր աշխատատեղ:
Շարունակում են աճել աշխատավարձերը: Այս տարվա հունիսին, օրինակ, նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34.469 դրամով: Աշխատավարձերի բարձրացման գծով էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման գործընթացը: Այսօր Հայաստանում 507.000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստանում են ավելի քան 400.000 դրամ ամսական աշխատավարձ:
Կամավոր ատեստավորման արդյունքում մենք բանակում ունենք շարքային պայմանագրային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599.000 դրամ աշխատավարձ: Վերը հիշատակված աշխատավարձերը ներառում են հարկերը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա նախկինի համեմատ աշխատավարձերի առավել քան կրկնապատիկի չափով բարձրացում է:
2023 թվականի առաջին եռամսյակում մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարել մոտ 50 մլրդ դրամով:
2023 թվականի հուլիսի 1-ից բարձրացել են կենսաթոշակները: Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին: Իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ ետվճարի համակարգի հաշվառումով թոշակառուների փաստացի նվազագույն եկամուտը գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի շեմը: Սա պատմական ցուցանիշ է:
Քաջալերող են զարգացումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս տարվա առաջին կիսամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 90 տոկոսով, աշխատողների թիվը՝ շուրջ 40 տոկոսով, ընկերությունների թիվը՝ շուրջ 70 տոկոսվ:
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,
Կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացման և մրցունակության նպաստելուն ուղղված բարեփոխումների իրագործումը՝ դա համարելով Հայաստանի Հանրապետության պետական շահի սպասարկման կարևոր ուղղություններից մեկը:
Այժմ պատրաստ եմ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Շնորհակալություն»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: