Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է Տաթև Դանիելյանին տված հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ:

Հանրային հ/ը – Բարի երեկո: Իմ զրուցակիցն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Բարի երեկո պարոն Փաշինյան: Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Պարոն վարչապետ, մեկ օրում ականատես եղանք միանգամից վեց պաշտոնյայի հրաժարականի դիմումին, մեծ մասը՝ իրավապահ համակարգից: Կառավարության նիստում Դուք խոսեցիք, որ դժգոհում եք իրավապահ համակարգից, ասացիք, որ Ձեր համբերության բաժակը լցվել է: Բայց կխնդրեի հասցեական, կոնկրետ նշեք, թե որ պաշտոնյայի աշխատանքի ո՞ր մասից եք դժգոհ, որովհետև ստացվում է, որ լինում են հրաժարականներ, լինում են հեռացումներ, բայց այս առումով կարծես հաշվետվողականություն չկա հանրության առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -
Հաշվետվողականության մասով կարծում եմ՝ պիտի ակնհայտ լինի, որ կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք այսպես թե այնպես հրապարակային քննարկվում են, բայց նաև պարտադիր չէ, որ այդ քննարկումները կապվեն կոնկրետ անձանց հետ, մանավանդ, ինչպես ասել եմ, տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված:

Բայց նաև ուզում եմ ասել, որ կադրային այդ փոփոխություններն իրենք իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային, ես հընթացս կպարզաբանեմ, թե դա ինչ է նշանակում: Պիտի նաև ասեմ, որ մեր բոլոր գործընկերների աշխատանքն, այդ թվում՝ իրենց պաշտոններում, որտեղից հրաժարական են տվել, ես գնահատում եմ, և բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք նաև 2018 թվականից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչև օրս էլ, և այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, ներողություն, որ ասում եք խնդիրը համակարգային է, ոչ թե կադրային, այդ դեպքում ինչո՞ւ եք կադրային փոփոխություններ արել, համակարգային փոփոխություններ կարծես չեն երևում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -
Տեսեք, նախ համակարգային փոփոխությունների մասին ես ուզում եմ ասել, որ բոլոր մեր գործընկերները, ովքեր թողել են իրենց պաշտոնները, իրենց պաշտոններում, առանց բացառությամբ, արել են համակարգային փոփոխություններ: Օրինակ՝ Ներքին գործերի նախարարությունում, Ոստիկանությունում այսօր վիճակը վստահաբար այնպիսին չէ, ինչպիսին եղել է 2020 թվականին, երբ Վահե Ղազարյանը նշանակվեց Ոստիկանության պետ, հետագայում նաև Ներքին գործերի նախարար: Նույնը կարող ենք ասել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, որն, ըստ էության, զրոյից ձևավորված մարմին է: Քննչական կոմիտեն ահռելի համակարգային և կադրային փոփոխություններ է ապրել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը. տեսեք՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում: Պետական եկամուտների կոմիտեն շատ լուրջ բարեփոխումների է ենթարկվել: Եվ հիմա հաջորդ հարցը, այդ դեպքում ի՞նչն է պաշտոնանկությունների պատճառը: Ես խնդրում եմ, բառերը շատ կարևոր են, որովհետև ես ասացի, որ մեր գործընկերները համակարգային շատ լուրջ փոփոխություններ են իրականացրել, և այո, այդ առումով լավ էին աշխատում: Եվ ամեն անգամ, տեսեք, շատ կարևոր նրբություն կա, իմ ընկալումն է գոնե այդպիսին, որ ղեկավարը մի կողմից պետք է համակարգն առաջնորդի և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից և հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել:

Ընդհանրապես, իմ այս փորձը, դիտարկումը ցույց է տալիս, որ այդ թվում՝ պետական կառավարման համակարգում լինում է և գալիս է մի պահ, երբ այդ փոփոխությունները բերող ղեկավարներն, առաջնորդները մի իքս պահից, գուցե նաև անխուսափելիորեն կամ ոչ բոլորին է դա հաջողվում, դառնում են հենց համակարգի մաս, այսինքն՝ երբ նույն տեմպով շարունակելը փոփոխությունների, բարեփոխումների այդ պրոցեսը հնարավոր չի դառնում:

Հանրային հ/ը - Դա ի՞նչ է նշանակում, որ ասում եք դառնա համակարգի մաս, սերտաճում է, սկսվում է հովանավորչությամբ զբաղվել: Ի՞նչ է անում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -
Ոչ, ոչ: Տեսեք, որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք, խորանանք համակարգի թերությունների մեջ: Այսպիսի արտահայտություն կա, որ հայացքի սրությունը պարզապես կարող է կորել և շատ դեպքերում նաև զուտ կազմակերպչական աշխատանքը կազմակերպելու առումով, երբեմն բոլորի հետ է լինում, ինձ հետ էլ է լինում այդպիսի բան, որ թերությունը տեսնելով կամ իմանալով, այնուամենայնիվ, կտրուկ գործողություններից սովորաբար մի իքս պահի սկսում ենք խուսափել: Եվ իմ կարծիքով՝ դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է, որովհետև մենք հենց համակարգերի ներսում հարցադրումները սրելու նաև անընդհատ հնարավորություն պետք է ունենանք, որովհետև դա է, որ փոփոխությունների շարունակականությունը պիտի ապահովի:

Հանրային հ/ը - Լավ, պարոն վարչապետ, այդ դեպքում այդ պաշտոնանկությունների, ավելի շուտ պաշտոնից հեռացման դիմում ներկայացնողների շարքում է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Մի մարմին, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է: Ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես ուզում եմ ասել, որ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք: Դրանք բոլորովին տարբեր բաներ են, և կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն: Ես կարծում եմ՝ այո, ինչո՞ւ, որովհետև ես Կառավարության վերջին նիստում և իմ բազմաթիվ ելույթներում էլ ասել եմ, տեսեք, ընդհանուր առմամբ, ինչո՞ւ դատական համակարգում մենք ունենք այն պրոբլեմները, որոնք մենք ուզում ենք լուծել: Դրա համար կա մի առանցքային պատճառ, այսինքն՝ ինչո՞ւ ունենք այն պրոբլեմը, որի մասին բոլորս գիտենք: Դրա պատճառներից մեկն այն է, որ մենք ուզում ենք իրապես ունենալ անկախ դատական համակարգ: Սա չգիտեմ ինչքանով է հասկանալի հնչում, բայց եթե մենք չուզենանք ունենալ իրապես անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի և ընդհանրապես վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, ներողություն, հենց Կարեն Անդրեասյանի նշանակման ժամանակ էր արդեն քննարկվում, որ կենտրոնական իշխանության կամ գործադիր իշխանության նպատակն անկախ դատական համակարգ ունենալը չէ, այլ իրեն ենթարկեցնելն է՝ հաշվի առնելով, որ Կարեն Անդրեասյանը Ձեր ապարատում աշխատել է, Ձեր թիմակիցն է համարվել, նկարի պատմությունը հիշո՞ւմ եք, հայտնի մեկնաբանությունները, ուզում եմ ասել, անկախ դատական համակարգի մասին գործադիրի հայտարարությունների և գործողությունների մեջ խզում կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ խզում:

Հանրային հ/ը - Ասացի արդեն, թիմակցի, նույն Վահագն Հովակիմյանի մասով էլ քննարկում կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -
Բարձրագույն դատական խորհրդի անդամության համար կան չափանիշներ, ճի՞շտ է: Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է այդ չափանիշներով, պետք է համապատասխանի այդ չափանիշներին: Մնացածը շատ հայեցողական է, որովհետև եթե որևէ մեկը հասել է նրան, որ պետք է առաջադրվի և ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ուրեմն ինքն ինչ-որ մեկն է, այսինքն՝ ինքն ինչ-որ մի տեղ աշխատել է, այսինքն՝ ինքն ինչ-որ մի տեղ եղել է, ինքը գործունեության որոշակի ուղղություն ունի, ինքն ինչ-որ գործունեություն ծավալել է:

Հետևաբար, երբ մենք խոսում ենք նման իրավիճակների մասին, հիմա նույն տրամաբանությամբ ով էլ հետագայում լինի, կարող ենք որոշակի չափանիշներով ասել, որ ինքն այստեղ է աշխատել, որովհետև հենց չափանիշն այնպիսին է, որ ինքը պետք է որևէ տեղ աշխատած լինի: Այլ բան, Բարձրագույն դատական խորհրդում օրենքով սահմանված չափանիշներից շեղվող նշանակում չի էլ կարող լինել, բայց ես ուրիշ միտք էի փորձում զարգացնել, որ նախ այս բոլոր պրոցեսները, որտեղ պրոցես կա, նշանակում է՝ դա նրա համար է, որ մենք իրոք ուզում ենք անկախ դատական համակարգ ունենալ, որովհետև գիտեք ինչ, եթե չգիտեմ ինչքանով լավ կհնչի, բայց եթե մեր խնդիրը լիներ դա ինչ-որ Դուք հիմա մեջբերեցիք, այլ մեղադրանքներ, այդ խնդիրը վաղուց լուծված կլիներ:

Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե իսկ ի՞նչ պրոբլեմ պետք է լիներ այդ խնդրի լուծման ճանապարհին: Ըստ էության, եթե շատ անկեղծ լինենք, այդ համակարգը պատրաստի դրած էր, 2018 թվականի դրությամբ այդ համակարգը պատրաստի դրված էր, պետք էր ընդամենը գալ և այդ համակարգի ղեկը ստանձնել, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով: Եվ այս ամեն ինչը հենց դրա արդյունքն է, որտեղ արդյունք կա, և հետևանքն է, որտեղ հետևանք կա: Եվ հետևաբար, այս խմորումները նշանակում են մի բան, որ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում՝ անկախ դատական համակարգ ունենալու, բայց կա նաև մեդալի հակառակ կողմը, ո՞րն է մեդալի հակառակ կողմը:

Իմիջիայլոց, եթե Դուք հարց տաք, որպեսզի մենք ձևակերպենք հանրության համար, թե ի՞նչ է նշանակում անկախ դատական համակարգ, ես ո՞նց կձևակերպեի: Իմ ընկալմամբ, անկախ դատական համակարգը հետևյալն է, որ անկախ նրանից, թե ինքն ինչ որոշում է կայացրել, պարզ է չէ՞, որ դատական համակարգ է՝ հազարավոր, տասնյակ հազարավոր գործեր, որոշումներից մի մասը մեզ կարող է դուր գալ, որոշումների մյուս մասը մեզ կարող է դուր չգալ: Մեր խնդիրը կամ անկախ դատական համակարգի ինդիկատորը, նշանն այն է, որ դատական համակարգն ինչ որոշում կայացնում է, մենք ասում ենք հա՝ դե որոշումը, եթե նույնիսկ հարցեր ունենք, մենք ասում ենք դե դատարան է, դատարանը եթե որոշել է, ուրեմն ճիշտը դա է:

Մեր պրոբլեմն ի՞նչ է, որ դատարանը շատ դեպքերում կայացնում է որոշումներ, որոնց վերաբերյալ հանրության և ընդհանրապես մեր բոլորի վերաբերմունքը դա չէ, որովհետև և՛ հանրությունը, և՛ քաղաքական ուժերը, ընդ որում, տարբեր կողմերից, անընդհատ փնտրում են ինչ-որ ձեռքեր, որոնք գնացել և ազդեցություն են ունեցել այդ որոշումների վրա: Ընդ որում, այստեղ ամենամեծ պրոբլեմը գիտե՞ք ինձ համար որն է, որ ես համոզված եմ, ես ճիշտը պետք է ասեմ, ես այդքան մանրամասնորեն չեմ հետազոտել և չէի էլ կարող, այսօր հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են և այնպիսին են, որոնք իրենք հենց ինչքան էլ խորանանք, ինչքան էլ հետազոտենք, կգնանք և կտեսնենք, որ դրանք ճշգրիտ, արդար դատական, անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց այն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ աղմուկ և արձագանք են առաջացնում, նեգատիվ են տարածում ամբողջ դատական համակարգի և Հայաստանում արդարության և արդարադատության զգացումի վրա:

Հիմա ի՞նչ կապ ունենք մենք, ես ի՞նչ կապ ունեմ այս պատմության հետ: Իդեալական վիճակն այն կլիներ, որ ես որևէ կապ չունենայի այս պատմության հետ, որովհետև հենց անկախ դատական համակարգի առանցքային իմաստն այն է, որ այս թեմայի հետ վարչապետը կամ չառնչվի, կամ առնչվի այն դեպքերում, որն օրենսդրությամբ ճշգրիտ նկարագրված է, բայց այսօրվա մեր իրականության պրոբլեմն այն է, որ դատական համակարգում ինչ տեղի է ունենում, որի հետ կապված հարց չկա, դրա մասին մենք չենք խոսում, ոչ իմանում ենք, ոչ գիտենք, մարդիկ դիմում են դատարան, կամ քրեական գործեր են հարուցվում, դառնում են դատավճիռ, օրինական մտնում են ուժի մեջ և դրանք, ըստ ամենայնի, 100 տոկոսով համապատասխանում են արդարադատության այդ չափանիշին, և մենք պետք է շնորհակալ լինենք այն բոլոր դատավորներին, ովքեր շատ դժվար, ենթադրում եմ, բայց, այնուամենայնիվ, իրենց կամքով, իրենց լիազորություններով սա իրականություն դարձնում են:

Բայց այն խումբը գործերի, որոնք աղմուկ են առաջացնում, հիմնական մեկնաբանությունը, ես չեմ թաքցնի, այդ թվում՝ քաղաքական շրջանակներում էլ կա այդպիսի ընկալում, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է այս վճիռը: Շատ լավ, դեռ մարդիկ չգիտեն չէ, որ Կառավարությունն էլ է այդպես մտածում կամ կարող է այդպես մտածել, որովհետև մենք այդ մտածումները նաև սահմանափակումների պատճառով շատ հաճախ չենք կիսում, բայց հիմա մարդն ի՞նչ է մտածում, մտածում է, որ այս ամեն ինչը համաձայնեցվում է այս շենքում, այս շենքի հետ, և հետևաբար, այս շենքը կամ կներեք, ինչո՞ւ շենքը, մարդն է պատասխանատու այն բոլոր պրոբլեմների համար, որոնք ինքը տեսնում է, ենթադրում է կամ գիտի:

Եվ քաղաքական առումով, սա ճիշտ է, որովհետև քաղաքական իշխանությունն է, որ խոստանում կամ չի խոստանում, որ Հայաստանում կլինի անկախ դատական համակարգ: Բայց մյուս կողմից, ես Կառավարության նախորդ նիստում էլ ասացի, որ իմ ամենամեծ պրոբլեմն այն է, որ Հայաստանի մարդկանց 90 տոկոսը կամ մի զգալի մասը չի հավատում, որ հենց այդպես էլ կա:

Այսինքն այն, որ գործերը տարիներով ձգվում են, այն, որ գործերով կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ և զգում, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամեն ինչն ինձ հետ համաձայնեցված չէ: Մենք այնպիսի աբսուրդ դեպքեր ենք ունեցել, որ ենթադրենք աղմկոտ քրեական գործով դատավարություն է տեղի ունեցել, ձգվել է, բոլոր հնարավոր միջոցներով ձգվել, ձգվել, ձգվել, ձգձգվել և այն պահին, երբ եկել է, որ պետք է դատավճիռ կայացվի, որևէ դատավճիռ, որևէ, հասկանո՞ւմ եք, ես մեր գործընկերներին ասում եմ՝ ելք է պետք այդ գործերին: Ես դատավոր չեմ, ես ինձ իրավունք էլ չեմ վերապահի՝ ասել այդ դատավճռի մեջ, իրավունք վերապահեմ էլ, ոչ մեկ դա չի անի, բայց գալիս է դատավճիռ կայացնելու պահը և դատավորն ասում է՝ գիտե՞ք՝ դատավորի իմ տարիքը լրացավ, ես գնացի: Հիմա գնացեք այս գործը սկսեք զրոյից, ևս հինգ տարի այս գործը կքննեք:

Հանրային հ/ը - Հիմա անձի փոփոխությունն ի՞նչ կարող է փոխել, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Համակարգը:

Հանրային հ/ը - Եվ երկրորդը՝ նոր ԲԴԽ նախագահը, որ եկավ, արդյոք չի՞ ունենա կաշկանդվածություն, որ վաղն էլ վարչապետը կարող է իրեն զանգել և խնդրել պաշտոնից հեռանալ: Այսինքն՝ արդեն դա կաշկանդվածության մի տարբերակ է չէ՞, որ վարչապետը կարող է իրեն զանգել և խնդրել՝ ինչ անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, խնդրել նշանակում է կա երկու ելք՝ այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանքը չկատարել:

Հանրային հ/ը - Իր բոլոր հետևանքներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ի՞նչ հետևանք, օրինակ:

Հանրային հ/ը - Չգիտեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես էլ չգիտեմ:

Հանրային հ/ը - Պետք է չկատարեր, որ տեսնեինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, տեսեք, ես հիմա ուզում եմ հետևյալ հարցը ձևակերպենք, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և կառավարող կուսակցության վարչության նախագահ, և ընդհանրապես կառավարող, այդ կարգավիճակով, ես պատասխանատվություն ունե՞մ Հայաստանում անկախ դատական համակարգի գոյության համար:

Հանրային հ/ը - Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպե՞ս ես պետք է իրացնեմ այդ պատասխանատվությունն այն պայմաններում, երբ նորից ասում եմ, բոլոր այն նեգատիվ երևույթները մարդիկ համոզված են… Ընդ որում, ես ուզում եմ մի գաղտնիք բացել Ձեզ: Վերջին շրջանում, Դուք գիտեք, որ ես շատ ինտեսիվ եմ մարդկանց հետ շփվում՝ մարզային պաշտոնական, ոչ պաշտոնական այցերի ընթացքում, և շատ հետևություններ և եզրակացություններ կապված են հենց մարդկանց հետ ուղիղ շփումների հետ: Ես շատ ուրախ եմ նաև, որ արագ հետևություններ չեմ արել, բայց նաև կապված են, այսինքն՝ հարցերին և իրադրություններին նաև այդ կողմից՝ գյուղամիջերից, մեր զբոսայգիներից, քաղաքներից նայելու տրամաբանության մեջ, բայց ես ինչպե՞ս պետք է կրեմ այն քաղաքական պատասխանատվությունը, որն այսպես թե այնպես կրում եմ: Կներեք, հիմա, որ Հայաստանում անկախ դատական համակարգ չկա կամ մարդկանց ընկալումն այդպիսին է, որ անկախ դատական, ենթադրենք, արդարության և արդարադատության պակաս կա, հիմա, որ մարդկանց հարցնենք՝ բա ո՞վ է դրա պատասխանատուն ու մեղավորը, քանի՞ ԲԴԽ անդամի անուն, ազգանուն են տալու, քանի՞ դատավորի անուն, ազգանուն են տալու և ո՞ւմ անունն են տալու, կարո՞ղ եք կռահել ո՞ւմ անունն են տալու, իմ անունն են չէ՞ տալու: Իսկ ես այդ պատասխանատվությունը ո՞նց կրեմ, եթե նույնիսկ չխնդրեմ, իսկ ի՞նչ անեմ:

Հաջորդը՝ Դուք ասում եք մարդն ի՞նչ կարող է փոխել, ի՞նչ պետք է փոխի, համակարգը պետք է փոխի մարդը: Ես արդեն ասացի, գիտե՞ք բոլոր այն մարդիկ, ում ես խնդրել եմ թողնել պաշտոնը, իրենք համակարգը փոխել են, որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չունեն, քան հիմա: Բայց նորից եմ ասում՝ գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը նաև օբյեկտիվորեն այնքան շատ է, որովհետև շատ կարևոր է, որ ինքը այսպես, թե այնպես պետք է լինի համակարգի մաս, բայց այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ այլևս այդ հարազատության բերումով համակարգի հետագա դինամիկ փոփոխության պոտենցիալն էականորեն նվազում է: Իմ ընկալմամբ, դա է այն կետը, որտեղ ես պետք է խնդրանքով հանդես գամ:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, ի դեպ, մամուլում շահարկվում էր, որ այդ խնդրանքը Դուք պաշտոնյաներին փոխանցել եք sms հաղորդագրության միջոցով ուշ երեկոյան՝ կիրակի օրը: Այդպե՞ս է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կիրակի օրը՝ այո, ուշ երեկոյան՝ ոչ, այսինքն` գրավոր տեքստո՞վ՝ այո, այդ թվում՝ Ձեր նշած պատճառով, որովհետև այստեղ կան նրբություններ, կան քաղաքական, իրավական, բարոյական նրբություններ, և ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստը, ըստ անհրաժեշտության, նաև եթե այդպիսի հարց կլինի՝ կամ քաղաքական, կամ բարոյական, կամ իրավական հարթության մեջ, այդ տեքստը լինի գրավոր, որպեսզի մենք կարողանանք այսպես խոսել, որովհետև բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել շատ լայն մեկնաբանություններ, տարընթերցումներ և այլն: Եվ ես կարծում եմ, ընդհանրապես, իմ փորձը նաև այդ է ցույց տալիս, որ այնտեղ, որտեղ խոսակցությունը գրավոր է, այդ խոսակցությունն ավելի արդյունավետ է և հետագա տարընթերցումների տարածքն ավելի քիչ:

Հանրային հ/ը - Իսկ սա միանձնյա՞ որոշում էր, թե Ձեր թիմակիցների հետ քննարկում ունեցել եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը: Ես ասեմ Ձեզ, ես շատ հարցերում եմ թիմակիցների հետ քննարկումներ ունենում, ընդհուպ՝ լինում են դեպքեր, երբ շատ ընդլայնված քննարկումներ եմ ունենում, և դա նորմալ է, բայց նաև Կառավարության և պետության ղեկավարի դերն այն է, նաև գործառույթը, որ կան պահեր, որ ինքը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու: Հենց դա է իմաստը:

Հանրային հ/ը -
Մամուլում հրապարակում եղավ, որ դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին եք որոշակի պաշտոնի նշանակելու, և նրա անունը շրջանառվում է ինչ-որ կոռուպցիոն հնարավոր գործարքների մեջ: Ի՞նչ կասեք այս մասով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ հաստատել, որ պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում: Եվ ուզում եմ ասել Ձեզ նաև, որ եթե չեմ սխալվում՝ 2020 թվականին կամ գուցե ավելի ուշ, Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերն այն ժամանակ ես ստացել եմ, և շատ խորն ուսումնասիրություն է իրականացվել, և այդ ահազանգերը, որ այսօր հրապարակային վերակենդանացրել են՝ հերքվել են և հիմնավոր ձևով են հերքվել: Հետագայում Արթուր Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ, և իհարկե, որոշ ժամանակ առաջ այդ մասին արդեն քննարկումներ եղել են, և այդ ահազանգերը նորից վերակենդանացել են, և ևս մեկ անգամ ստուգվել են ու ևս մեկ անգամ հերքվել:

Հիմա այդ ահազանգերը ես տեսա, որ հրապարակային էլի կան, այդ ահազանգերը ևս մեկ անգամ կստուգվեն, քանի որ երկու անգամ շատ խորն ուսումնասիրության արդյունքում հերքվել են, հավանականությունը մեծ է, որ դրանք այս անգամ էլ կհերքվեն: Երբ հերքվեն՝ իմ այդ նպատակադրումը՝ նրան առաջադրելու Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում, կդառնա իրականություն:

Հանրային հ/ը - Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ունե՞ք թեկնածու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, իհարկե, ունեմ: Բայց այս պահին դեռ պատրաստ չեմ: Թեկնածուներ ունեմ, առաջիկա օրերին ես թեկնածուների հետ մի քիչ ավելի մանրամասն կշփվեմ, որոշ հարցերի շուրջ քննարկումներ կունենամ և որոշում կկայացնեմ, թե ում եմ առաջադրում:

Հանրային հ/ը – Մի քանի ներքաղաքական հարցեր ունեմ, վերջացնենք և արտաքին քաղաքականությունից խոսենք: Գիտեք, որ Գյումրիում կոլապսային իրավիճակ է ստեղծվել, «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դրեց, հիմա քաղաքը խնդրի առաջ է կանգնած: Կենտրոնական իշխանությունը լուծման ի՞նչ տարբերակներ է մտածում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կենտրոնական իշխանությունը լուծման իր տարբերակները, այն հարցերը, որոնք հրատապ կան, ըստ հնարավորության, մենք լուծել ենք և կլուծենք: Ինչ վերաբերում է ավելի ընդհանրական հարցին, դրա ճանապարհը ընտրություններ անցկացնելն է, բայց հիմա պարզվում է իրավական առումով դրա հետ էլ խնդիր կա, և որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է տեղի ունենան: Եվ մեծ հաշվով, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք, որ ինքը քաղաքապետին ընտրի:

Բայց մյուս կողմից էլ նորից ես ուզում եմ հետևյալն ասել, որ այն ինչ տեղի է ունեցել, ես չեմ կարող դա այլ կերպ գնահատել, անպատասխանատվության բացառիկ դրսևորում է, և բոլոր այն շահարկումները, թե Կառավարությունը որևէ մեկին որևէ ձևով ճնշել է, որ նա ինչ-որ գործողություն անի կամ ինչ-որ գործողություն չանի, դա բացարձակ անհեթեթություն է, այդպիսի բան ուղղակի չէր կարող լինել և չի կարող լինել: Ինչ վերաբերում է քրեական գործերին, քրեական գործերի հետ Կառավարությունը որևէ կապ չունի և չի կարող ունենալ: Այսինքն՝ եթե կա փաստ, ուրեմն կա քրեական գործ, կլինի և պետք է լինի, եթե չկա փաստ, քրեական գործ չի կարող լինել:

Հանրային հ/ը - Նոր Դուք էիք ասում, որ ընկալումը բոլոր դեպքերում այն է՝ ով է պատասխանատուն, և ակնկալիքներ ու նաև կասկածներ կան, որ իշխանությունը կարող է ճնշումներ գործադրել այդ ինստիտուտին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ հենց դա է, այդ թեմաները պարզաբանելու նկատառումն այն է, որ ես այստեղ եմ խոսում, Կառավարության նիստում եմ խոսում, խորհրդարանում եմ խոսում, գյուղում եմ խոսում, քաղաքում եմ խոսում, սոցիալական ցանցերում եմ խոսում, որպեսզի պարզ լինի ամեն ինչ, որովհետև դա ամենակարևոր պրոբլեմն է: Այսինքն՝ այդ սոցիալ-հոգեբանական ընկալումը, դա նաև միջավայր և մթնոլորտ է ստեղծում:

Հանրային հ/ը - Խորհրդարանից խոսեցիք պարոն վարչապետ, բյուջեի քննարկման ժամանակ ծառայողական մեքենաների մասին բարձրաձայնեցիք, նշեցիք, որ այս ընթացքում Կառավարության ծառայողական մեքենանները 20 տոկոսով կրճատվել են, բայց Դուք էլ ասացիք, որ դա բավարար չէ: Չե՞ք կարծում, որ Ձեր կառավարման 6 տարիները լիովին բավարար էին այս խնդիրը լուծելու համար՝ ծառայողական մեքենաներն այնքան կրճատել, որ գոնե Ձեզ համար դա բավարար լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
– Կարծում եմ: Եվ ես հիմա Ձեզ կպատմեմ Կառավարության երեկվա նիստի դռնփակ մասի վերաբերյալ: Բայց որպեսզի մեր նախորդ քննարկման նյութը կիսատ չմնա, պիտի նաև ուղիղ խոստովանեմ և ասեմ նաև, որովհետև խորհրդարանական քննարկումները հիշեցիք և հիշատակեցիք, որ պաշտոնանկությունների կամ խնդրանքների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն խորհրդարանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են եղել և որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել խորհրդարանական լսումների ընթացքում: Եվ այստեղ էլ ես կարծում եմ, որ իրոք համակարգային առումով անթույլատրելի է խորհրդարանում տեղի ունեցածը: Եվ կարծում եմ, որ մեր ինստիտուտների համարումը պահպանելու առումով նաև դա ճիշտ չէր լինի անարձագանք թողնել, ինչքան էլ բոլոր գործընկերները, ովքեր ներգրավված են եղել այդ պրոցեսների մեջ, իմ մեծ հարգանքն են վայելում և գնահատանքը:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, ներողություն, այս թեմայով՝ կարելի՞ է ասել, այսինքն՝ Նարեկ Զեյնալյանը և՞ս Ձեր խնդրանքով է մանդատը վայր դրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ այո՛, նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին:

Հանրային հ/ը - Հովիկ Աղազարյանը մանդատը դեռ վայր չի դրել: Այսինքն՝ նա Ձեր խնդրանքը մերժել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե հիմա տեսնում եք, որ փաստորեն, այն ինչ քիչ առաջ ասում էի, տեսական պնդում չէ միայն, նաև գործնական գոնե այս պահին իրագործում կա, բայց ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա, որովհետև, նորից եմ ասում, այստեղ էլ անձնավորված չէ խնդիրը: Խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր ընկալումները, վերաբերմունքները, մոտեցումները մեր պետության և նրա ինստիտուտների նկատմամբ որոշակի վերանայենք, և դա վերաբերում է բոլորիս:

Վերադառնալով ծառայողական ավտոմեքենաներին՝ Դուք հարցրեցիք արդյոք բավարար չէր, ես ասացի՝ այո, բավարար է: Ես հիմա ուզում եմ Ձեզ պատմել Կառավարության երեկվա նիստի դռնփակ մասի վերաբերյալ: Ես ի՞նչ ասացի մեր հարգելի գործընկերներին: Ասացի՝ հարգելի գործընկերներ, ես խորհրդարանում ընդդիմությանը շնորհակալություն հայտնեցի իմ նախկին ասածները կարդալու և բարձրաձայնելու համար, հետո ասացի, որ լավ կլիներ, որ մեր Կառավարության անդամներն էլ կարդային: Ծիծաղեցինք բոլորս, բայց եթե դա հումոր էր, հումոր էր միայն մասամբ:

Հանրային հ/ը - Բաց մասում էլ եք ասել: Ասացիք՝ մեկը չեղավ, գա մի օր ասի, որ քո այս խոստացածը կատարել եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո՞, ասե՞լ եմ: Մոռացել եմ: Տեսեք, այդ պրոբլեմն իմիջիայլոց կա, որ շատ ծավալի պրոցեսների մեջ կարելի է որոշ դրվագների մասին այդքան լավ չհիշել: Եվ ասացի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվել այդ գործով և այստեղ էլ ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է: Եվ այն թիվը, որ ես ուղղակի անկեղծ պետք է ասեմ, որ ինձ թվում էր, թե մենք այդ հարցերը էականորեն առնվազն շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100 տոկոսով, գոնե 60, 70 տոկոսով, բայց իրականությունը մի փոքր այլ է: Ես ինչո՞ւ եմ նախկինում նման կերպ մոտեցել հարցին, որովհետև հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն:

Եվ ես երեկ, այն ինչ Դուք ինձ եք ասում, ես երեկ մեր գործընկերներին ասացի: Ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով: Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ, առավոտյան էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես՝ գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է...

Հանրային հ/ը -Հիմա քանի՞ տոկոսն եք այդ կացինով կտրելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ մեծ տոկոսը, շատ մեծ տոկոսը:

Հանրային հ/ը - 80, 90, 70, 40 ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մոտավորապես այդքան, բայց ես ուզում եմ ասել հետևյալը, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքներին: Այսինքն՝ ավտոմեքենաների պարկ կա: Ամենաբացահայտ օրինակը՝ օպերատիվ աշխատանքի համար ակնհայտ է, որ շատ մեծ թվով մեքենաներ կան, այդ մեքենաների թիվն ընդհանրապես չի կրճատվի: Հնարավոր է՝ նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին:

Նորից ասում եմ, քանի որ նաև մեր գործընկերներն են լսում, հանրությունն է լսում: Եվ այն ժամանակ էլ, հասկանո՞ւմ եք չէ այդ հոգեբանական պահը շատ կարևոր է՝ հեղափոխություն, հեղափոխությունից այստեղ հայտնված մարդ: Ես նաև երբեք չեմ ուզել և չեմ ուզենա, որ սպոնտան որոշումների տրամաբանություն գործի, բայց երբ համակարգային հանձնարարականները չեն կատարվում՝ քաղաքական հայտարարություններին համապատասխան, որովհետև, իսկապես, ինչի՞ պետք է ընդդիմությունը բացի կարդա՝ ես ինչ եմ ասել, որ գա դրանով հարվածի, չէ՞: Մեր Կառավարությունն էլ պետք է կարդա, լուծի, որպեսզի դրանով մեզ չկարողանան հարվածել:

Հանրային հ/ը -
Հիմա Ձեզ հարվածելու ամենապոպուլյար թեմաներից մեկի մասին. 2015-ին Դուք՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովում ելույթ էիք ունենում, նշում էիք, որ արագաչափերից վթարները չեն նվազել, անվտանգության առումով ոչինչ չի փոխվել: Ես մեջբերեմ. «Մենք վերջերս ՔՊ վարչության նիստում քննարկել ենք այս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության: Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը պետք է հանվեն, և այս հարցը մենք դնելու ենք մեր նախընտրական ծրագրերի հիմքում»: Հիմա, ինչո՞ւ չկատարեցիք Ձեր այդ խոստումը, և ավելին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում արագաչափերն ավելացել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
– Շատ կարևոր հարց եք առաջ քաշում: Եվ այո, ինչ-որ ասացիք՝ այդպես է: 2018 թվականի հեղափոխությունից հետո ես սկսեցի արդեն այդ հարցի մասին բարձրաձայնել և խոսել: Եվ հենց այդ ժամանակ ես նկատեցի, որ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, որոշակի հոռետեսություն կա այս խնդրի վերաբերյալ: Եթե մենք հիշենք, սոցիալական ցանցերում սրա դեմ նաև ակնհայտորեն հեղափոխությանը լայնորեն մասնակցած շրջանակների կողմից կար շատ լուրջ դիմադրություն, բայց այդ դիմադրությունը միայն սոցիալական ցանցերով չէր: Երբ որպես վարչապետ, պաշտոնապես և ոչ պաշտոնապես սկսեցի շփվել մեր քաղաքացիների հետ, ահավոր մեծ թիվ էին կազմում այն դեպքերը, երբ բնակիչները, հատկապես տատիկներն ու մայրիկները, խնդրում էին, ասում էին՝ մեր փողոցում մի հատ արագաչափ դրեք: Ես ասում էի՝ ի՞նչ արագաչափ դնենք, մարդիկ ասում էին, որ մտավախություն ունենք երեխաները և այլն, երբ արագաչափ դնեք, այստեղ ավելի լավ կլինի: Եվ, ըստ էության, դրա հետ կապված ես որոշակի հանրային հոռետեսություն և դիմադրություն տեսա և զգացի, նաև՝ վթարների թվի աճի հետ կապված և այլն:

Հանրային հ/ը - Բայց Դուք էիք ասում, որ վթարները չեն նվազում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նաև այդ ընթացքում ավտոմեքենաների թվի շատ մեծ աճ տեղի ունեցավ: Բայց նաև այս ընթացքում մենք արեցինք հետևյալ գործողությունները: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ արեցինք, և այս հարցի կարևոր ենթատեքստերից և համատեքստերից մեկը հետևյալն էր, որ, ըստ էության, այդ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն արտապատվիրակված էր մասնավորին, և ինչպես տեղյակ եք, այն ամբողջությամբ ներկայումս պետական ընկերություն է և ամբողջությամբ գտնվում է պետական վերահսկողության ներքո: Եվ նաև տեղյակ եք, որ վարորդական իրավունքների, տուգանքների հետ կապված համակարգը մենք ընդհանրապես փոխեցինք, և բալային համակարգ մտցրեցինք, որպեսզի անընդհատ խախտումներ իրականացնող վարորդները զրկվեն վարորդական իրավունքից: Բայց ես նաև հիմա, ինչպես այն ժամանակ, զգում էի և տեսնում էի, դա ակնհայտ էր... Իմիջիայլոց, նաև Կառավարության ներսում դա կար, որովհետև 2018 թվականին նաև դրա հետ էր կապված այդ հանգամանքը, և այսօր էլ կա այդ հանգամանքը, 2018 թվականին համաձայնության Կառավարություն էր, մի քանի կուսակցություններ էին ներգրավված, և նրանք էլ որոշակի հոռետեսություն ունեին այդ թեմայով, և այսօրվա քաղաքական թիմում էլ այնպես չէ, որ դրա վերաբերյալ միանշանակ կարծիք կա: Բայց ես, մյուս կողմից, հիմա տեսնում եմ և զգում, որ իրոք այդտեղ մենք խնդիր ունենք, և այդ խնդիրը որևէ ձևով պետք է հասցեագրել:

Եթե անկեղծ ասեմ, ես ժամանակին և հիմա էլ, մտածում եմ՝ սա հաշվի առնելով… Հասկանո՞ւմ եք, շատ կարևոր է, որ երկրի ղեկավարի և ընդհանրապես ղեկավարների որոշումները բալանսներից զրկված չլինեն: Այսինքն՝ դե հիմա ասել ենք, ուրեմն վերջ, էլ ոչ մի փաստարկ հաշվի չենք առնում: Ակնհայտ է, որ այդտեղ կան փաստարկներ, բայց ինձ համար կարևոր է, որ այս խնդիրը հասցեագրվի:

Եվ ես մտածել եմ և մտածում եմ, որ ճիշտ կլինի, ինչքան էլ սա կարող է թվալ ոչ այդքան ծանրակշիռ հարց, բայց հաշվի առնելով հարցի հանրային լայն հետաքրքրությունը և հարցի վերաբերյալ, ըստ էության, տեսակետների մեծ բախումը, որովհետև ես գիտեմ դա 100 տոկոսով, այսինքն՝ ես մի քանի անգամ դա փորձել եմ և տեսել եմ, երբ ես ասեմ՝ հիմա վերջ՝ հանում ենք տեսախցիկները և արագաչափերը, նույն ձևի հանրային դիմադրություն է առաջանալու, ես դա գիտեմ: Եվ հաշվի առնելով դա, կարծում եմ, ճիշտ կլինի, որ ձև գտնենք այդ հարցը լուծելու հանրաքվեի միջոցով:

Հանրային հ/ը - Բայց եթե չեմ սխալվում հարկերի հավաքագրման մասով...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներողություն, դա հարկերի հետ ընդհանրապես կապ չունի: Բայց ես այդ հարցն ուսումնասիրել եմ նաև, և հիմա մենք ունենք օրենքի որոշակի սահմանափակում, որը մի կողմից էլ լավ է: Ինչո՞ւ, որովհետև հիմա Կառավարությունը չի կարող որոշում կայացնել այդ հարցը հանրաքվեի դնել, որովհետև, ինչքան մեր մասնագետները բացատրել են, մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի:

Բայց հիմա ի՞նչ անել, ես հարցը տանում եմ նորից փակուղի՞, թե՞ ուզում եմ լուծում առաջարկել: Իրականում լուծումը հետևյալն է՝ մեր օրենսդրությունը նախատեսում է, որ մենք կարող ենք հանրային նախաձեռնությամբ իրականացնել հանրաքվե, և քանի որ կան շատ մարդիկ, ովքեր դեմ են հանելուն, և շատ մեծ թվով մարդիկ են դեմ, ես համոզված եմ՝ տատիկներն ու մայրիկները հաստատ դեմ են, իմ շփումը այդ է ցույց տվել... Եվ իմիջիայլոց, մինչև այսօր էլ շարունակվում է, մինչև այսօր: Ես վերջին այցը հիշում եմ, օրինակ՝ Դիլիջանում, ի՞նչ տեղի ունեցավ, երբ մենք դեպի Վանաձոր գնացող ճանապարհը պիտի նորոգեինք, իմիջիայլոց արդեն ավարտվել է, մի քանի օր առաջ ենք գոնե առաջին շերտն ասֆալտի, և պետք է նորոգենք, այնտեղ ճանապարհը շատ վատ վիճակում էր, և հիշում եմ՝ մեկ, երկու կանայք, մոտեցան ինձ, ասացին՝ շատ լավ է, որ ճանապարհը կառուցում եք, բայց խնդրում ենք՝ արագաչափ դրեք այստեղ: Ասացի՝ ինչի՞, ասում են` հիմա գոնե վատ է ճանապարհը, դանդաղ են քշում, իսկ որ ճանապարհը լավացավ՝ արագ են քշելու, գոնե այդ արագաչափը կամ այն անհարթությունները, դրանք կարող են հարցը լուծել: Հիմա ի՞նչն է իմ պատկերացումը, և ես ի՞նչ եմ մտածել և ի՞նչ եմ ուզում առաջարկել, որ մեր հանրային այն խումբը, ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այդ խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերելու Ազգայի ժողով:

Բայց մենք այս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, եթե իրենք 50 հազար ստորագրություն հավաքեցին, կգա Ազգային ժողով, մենք կպայմանավորվենք, գիտեն, որ կոնսենսուս չի լինելու, Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո մենք կանցնենք 300 հազար ստորագրության, և եթե հաջողվի 300 հազար ստորագրություն հավաքել, ընդ որում՝ մենք հարցը դուրս բերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով, որովհետև սա ամեն ընտանիքի հետ առնչվող հարց է:

Ես նաև ուզում եմ հետևյալն ասել, որ ինքս այս գործընթացին կաջակցեմ կազմակերպչական մասով, բայց իմ դիրքորոշումը ես չեմ քարոզի ո՛չ «այո»-ի, ոչ՛ «ոչ»-ի օգտին, որովհետև այն շփումները, որ ես ունեմ, ունեցել եմ այս ընթացքում, ինձ թույլ չեն տալիս, որպեսզի ես միակողմանի դիրքորոշմամբ հանդես գամ: Ես այս պլանն եմ առաջարկում:

Իհարկե, ես պիտի ինչ-որ առումով ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ովքեր մտածում են, որ ես պիտի դա անեի կառավարչական որոշմամբ և դա չեմ արել, բայց նաև ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից, ովքեր պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չէ անել, այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել: Այստեղ իրավիճակն այսպիսին է, որ այո, պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ արտահայտվեն, եթե կհասնի հանրաքվեի:

Տեսեք, ինչի՞ համար եմ սա առաջարկում՝ շատ կարևոր է չափել հանրային պահանջը: Եթե 50 հազար հավաքվեց, ուրեմն նախնական, ինչ-որ առնվազն թեմա կա, 50 հազարը եկավ խորհրդարան, պարզ է այդ ընթացքում մեծ հանրային քննարկում է ծավալվելու՝ առանց մեր մասնակցության: Հիմա այս հարցազրույցից հետո մեծ հանրային քննարկում է ծավալվելու և հնչելու են կողմ և դեմ բազմաթիվ տեսակետներ:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, ներողություն թեմայից շեղվելու համար, քանի որ հանրաքվեից խոսեցիք, «Եվրաքվեի» նախագիծն էլ ե՞ք այս տրամաբանությամբ անելու: Հիմա, որ մտնի խորհրդարան, Ձեր թիմակիցներին հորդորելու եք դեմ քվեարկել և սպասել 300 հազար ստորագրությա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այստեղ մի նրբություն կա, որը մի քիչ որոշակիորեն փոխում է իրավիճակը: Ո՞րն է այդ նրբությունը, որ եթե այն դեպքում ասացի, որ այդ հայտարարությունից հետո օր առ օր ես տեսա և զգացի այդ դիմադրությունը և մինչև այսօր էլ տեսնում եմ՝ արագաչափերի և տեսախցիկների: Ընդ որում, երկուսն էլ տեսնում եմ: Մեր հարգելի վարորդները, ովքեր այդ տեսախցիկներով տուգանվում են, ես գիտեմ, որ շատ նեգատիվ տրամադրված, համոզված եմ՝ նեղված պահին նույնիսկ հայհոյում են: Ես ինչու այդ օրինակը բերեցի, որովհետև մեկ ամիս առաջվա կամ երկու ամիս առաջվա օրինակ է: Մինչև այսօր մարդիկ ասում են՝ պահանջում ենք... Ընդ որում, եթե չեմ սխալվում մեր հարգելի կանանց խնդրանքը բավարարվել ենք՝ տեսախցիկ ենք տեղադրել կամ անհարթություն, որևէ ձևով այդ հարցը բավարարվել է, հույս ունեմ: Ինձ զեկուցվել է, գոնե այդպես է: Կգնամ Դիլիջան, այս վերջին օրերին բարձրացա, իջա, մոռացա նայել՝ տեղադրվել է, թե ոչ:

«Եվրաքվեի» դեպքում մի հանգամանք կա, որ ճիշտն ասած, մի քիչ ինձ համար անսպասելի էր: Ի՞նչն էր ինձ համար անսպասելի: Երբ ես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցա, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթի հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Եվ գիտե՞ք, ինչը ինձ զարմացրեց շատ մեծ չափով: Իմ այդ ելույթը սոցիալական ցանցերում, եթե չսխալվեմ, երբևէ ունեցած ամենամեծ տարածումն ու արձագանքը ստացած ելույթն է: Եթե իմանայի, որ այդ հարցին անդրադարձ ենք ունենալու, գուցե հետազոտեի: Բայց նույնիսկ հեղափոխության ժամանակների, այսպես ասած, վիճակագրություններին ավելի ....

Հանրային հ/ը - Այսինքն՝ ուզում եք ասել, որ այս հարցում հանրային կոնսենսուս կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա, որովհետև, այնուամենայնիվ, այդպիսի բան ասելու համար պետք է վիճակագրություն լինի դրա տակ դրված: Բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա: Եվ ստացվում է, որ ըստ էության, ես եմ այդ օրակարգն առաջարկել Հայաստանի Հանրապետությանը և Եվրոպական միությանը: Եվ այդ օրակարգն առաջարկելուց հետո, այդտեղ էլ կարող էր, իմիջիայլոց, լինել նման բան, որ այդ օրակարգն առաջարկելուց հետո այնպիսի մեծ հանրային դիմադրություն լիներ, որ ես, այնուամենայնիվ, մտածեի, որ պետք է շարունակել դեռ թեման հասկանալ: Բայց հանրային արձագանքն այնքան պոզիտիվ էր, այսինքն՝ պոզիտիվ չասենք, քաջալերող և համաձայնության տրամաբանությամբ, որ մենք առնվազն պետք է շատ լուրջ մտածենք: Ես Ձեզ ասեմ՝ 50 հազար ստորագրություն հավաքելը, ես գիտեի, որ կհավաքվի 50 հազար ստորագրություն այդ թեմայով: Վստահ եմ: Շատ մեծ զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի:

Հանրային հ/ը – Իմ հարցն այդ մասին էր, այսինքն՝ Ազգային ժողովը չի ընդունի, կգնան 300 հազար ստորագրության: Ունե՞ք որոշում, դեռ չունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք այդպիսի որոշում չունենք, խմբակցության մակարդակով չենք քննարկել, բայց Ձեզ մի բան ասեմ, այստեղ պետք է մի քիչ քաղաքական տրամաբանության մեջ նայել: Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան, ասել եմ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննարկումներն ակտիվացել են, այդ ակտիվ քննարկումները բերել են պրոցեսի, ստորագրահավաքի, որ նախագիծ է մտնում Ազգային ժողով: Ձևակերպումների շուրջ դեռ, ինչքան գիտեմ, կա աշխատելու հնարավորություն, բայց այդ տրամաբանությանն այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև հենց նույն եվրոպական հանրության, նաև շատ դժվար կլինի բացատրել, կասեն՝ մի րոպե, Դուք եկաք այսպիսի բան ասացիք, Դուք էիք չէ՞ այստեղից ասում: Այո, մենք էինք ասում, գնացիք, Ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա Դուք դրան դե՞մ եք: Պատկերացրեք՝ պատասխանն այո, չկա այդտեղ քաղաքական տրամաբանություն:

Հանրային հ/ը – Այսի՞նքն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ կքննարկենք: Ես իմ դիրքորոշումն արտահայտեցի:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, Դուք բազմիցս քննադատել եք պետական աջակցության տրամադրման մեխանիզմը, որ աշխատունակ քաղաքացին չի աշխատում և ստանում է որոշակի սոցիալական աջակցություն, և վերջին նիստերի ընթացքում էլ խոսում էիք, որ պետք է վերանայել նպաստների սոցիալական աջակցության ծրագրերը: Արդյոք Դուք դա կանե՞ք մինչև ընտրությունը, որովհետև նորից սոցիալական մեծ դժգոհություն կբարձրանա Կառավարության դեմ, եթե այդ ծրագրերում նվազումներ լինեն: Իսկ դա ենթադրում է նվազում, ոչ թե ավելացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - 2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստներ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է: Իհարկե, դա կապված է նաև աշխատատեղերի թվի աճի հետ: Իմիջիայլոց, ենթադրում եմ՝ այսօր կհրապարակվի Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը, որը նորից հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանում: Եթե չեմ սխալվում՝ 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված: Մենք այս ենք հաշվում, որովհետև վիճակագրությունը մի քիչ բարդ գիտություն է, այնտեղ կա, որ նաև զրոյական աշխատավարձով աշխատատեղեր են հաշվառվում: Մենք այդ հաշվառումից դուրս ենք հանել, և միայն ռեալ աշխատող, աշխատավարձ ստացողների մասին է: Ինչ վերաբերում է ծրագրին՝ այն մտնելու է 2025 թվականի հունվարի 1-ից: Եվ այս պահին, երեկ էլ նախարարը Կառավարության նիստում ասաց, պիլոտային մենք դա կկիրառենք երկու մարզում: Հնարավոր է Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ինչո՞ւ Սյունիքի և Կոտայքի մարզերում, որովհետև, ըստ վիճակագրության, Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրում ենք, որ այդ առումով հարմար է, որովհետև եթե հանկարծ...

Հանրային հ/ը
- Չստացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ թե որ չստացվի, այլ այդտեղ նախնական լարվածություն ավելի քիչ կլինի: Բայց, այո, գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման այդ ամբողջ համակարգը փոխենք: Այստեղ մի նրբություն կա ուղղակի: Դուք ասացիք, որ նրանք, ովքեր չեն աշխատում՝ նրանց աջակցություն չտալ:

Հանրային հ/ը - Չեն աշխատում, բայց աշխատունակ են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Աշխատունակ են: Գաղափարն ամենևին այդպիսին չէ: Այն ծրագիրը, որ մենք ուզում ենք իրագործել՝ տրամաբանությունը հետևյալն է, որ մենք նախ մարդուն ուղեկցում ենք և նրան պատրաստում աշխատանքի: Չգիտեմ դա հրապարակային ասել եմ, թե չէ, բայց աշխատանքային քննարկումներում, նաև փորձագետների հետ մեր քննարկումները հաստատում են իմ այս ընկալումը, որ չաշխատելը նաև հոգեբանական որոշակի շերտ ունի, որովհետև մարդը եթե 15 տարի ենթադրենք չի աշխատել, այստեղ միայն այն չէ, որ իրեն պետք է ասենք՝ այս է, աշխատանք կա, գնա աշխատի, որովհետև դա մարդու կյանքում, ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է… Այսինքն՝ պարապ մնալն աշխատողի համար սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար աշխատելը, այսինքն՝ աշխատանքի ժամ ունենալ, այս ունենալ, այն ունենալ, դա էլ է մեծ սթրես:

Մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը: Այդ կետում ի՞նչ է տեղի ունենալու, մենք մարդուն պետք է առաջարկենք կոնկրետ աշխատանք, ընդ որում, եթե չեմ սխալվում՝ մեկ, երկու, երեք անգամ աշխատանք է առաջարկվում, եթե երեք դեպքում էլ մարդը հրաժարվում է աշխատելուց, այդ դեպքում ուղղակի մենք ասում ենք՝ դադարեցվում է աջակցությունը: Բայց եթե մարդը համաձայնվում է աշխատել՝ այդ պահից այդ աջակցությունը չի դադարում, այլ որոշակի ժամանակ, որոշակի մեթոդաբանությամբ շարունակվում է մինչև այն պահը, երբ մարդն արդեն որոշակի վերադարձել է լիարժեք աշխատանքի շուկա և վերականգնել աշխատելու այդ մենթալիտետն ամբողջությամբ: Ինքը շատ կոմպոնենտներ ունի, բայց ընդհանուր գաղափարաբանությունը սա է:

Հանրային հ/ը - Դուք շատ եք խոսում նաև այն մասին, որ Հայաստանը պետք է դարձնել այնպիսի երկիր, որտեղից մարդիկ չուզենան հեռանալ և այստեղ կառուցեն իրենց բարեկեցությունը: Բայց քաղաքացիները որոշակի սպասելիքներ են ունենում Կառավարությունից, և դրանցից մեկն առողջական ապահովագրության սպասելիքն էր, որը խոստացվել էր, որ այս տարվա հուլիսից պետք է ներդրվեր, հիմա պարզվում է՝ 2025-ի բյուջեով էլ գումար հատկացված չէ դրա համար, խոսվում է 2026-ին գուցե արվի: Քաղաքացին այս առումով իրեն խաբված է զգում, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քաղաքացին չպիտի խաբված զգա իրեն, որովհետև մենք պետք է երկու բան տարբերենք: Առաջինը, արդյոք Կառավարությունը հրաժարվո՞ւմ է այդ գաղափարից՝ ոչ: Արդյոք Կառավարությունը շարունակո՞ւմ է աշխատել այդ գաղափարի վրա՝ այո: Ինչո՞ւ ոչ հիմա, որովհետև երբ քաղաքական խնդիրը դրվում է՝ քաղաքական խնդիրը դնելու կետից սկսվում է իրագործումը, և դա ճանապարհ է, որը դու անցնում ես: Այդ ճանապարհին ի հայտ են գալիս նոր տեղեկություններ, որոնց մասին դու ճանապարհի մեկնարկի պահին չգիտեիր, որովհետև ճանապարհն ունի շրջադարձեր, տեսադաշտեր, և մինչև դու այս կետին չհասնես՝ այս խոչընդոտով, սարով, շենքով փակված, իրադրությունը չես տեսնի:

Ես անձամբ ինքս տասնյակին մոտ քննարկումների եմ մասնակցել առողջապահության ապահովագրության հետ կապված, նաև վերջին շրջանում մարզային այցերի… Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ այդ մարզային այցերը շատ մեծ նշանակություն են ինձ համար ձեռք բերել, որովհետև այնտեղից ես ստանում եմ տպավորություններ, տեղեկություններ, տեսնում եմ իրադրություններ, որ վարչապետի աշխատասենյակից, սովորական աշխատանքային գրաֆիկում երբեք չես տեսնի: Այդ թվում՝ մարզային այցելությունների ընթացքում ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են: Իմ գնահատականն այն էր, որ մենք այսօր պատրաստ չենք դեռևս այդ մեծ քայլն անելու: Բայց, հիասթափության մասին: 2018 թվականից ի վեր մինչև այսօր և 2025 թվականը Հայաստանի Հանրապետությունում առողջապահական բյուջեն կրկնապատկվել է: Իսկ դեպքերի թիվը, որ պետական բյուջեի հաշվին սպասարկվում է՝ կրկնապատիկից ավելիով ավելացել է: Օրինակ, եթե այն ժամանակ՝ 2018 թվականին, ընդ որում 2018 թվականին արդեն մենք լավարկումներ ունեցել ենք, սպասարկվել է մոտավորապես 430 հազար դեպք, արդեն մեր վերջին տվյալով, ամփոփ 930 հազարից ավելի դեպք ենք մենք սպասարկել: Բայց մյուս կողմից, գիտեք, ինձ ի՞նչն է զարմացնում, դեպքերի թիվը կրկնակի ավելացել է, բայց ես չեմ զգում, որ մարդկանց գոհունակության մակարդակն ավելացել է: Սա մի ֆենոմեն է, որն ինձ համար կոնկրետ բացում է անորոշություններ, և ես մինչև այդ անորոշությունների հարցերի պատասխանը չստանամ՝ ինքս որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար, որովհետև կարող է պարզվի, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք այսօր չենք տեսնում, և կարող է ուղղակի մեծ ձախողում և մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի:

Ես ուղիղ ուզում եմ ասել, որ դրա պատճառը, և խոսքն ընդ որում, միայն իմ մասին չէ, խոսքը Կառավարության մասին է, Առողջապահության նախարարությունն էլ իր աշխատանքի բերումով, նորից՝ քանի առաջ ես գնում, նոր հարցեր են ի հայտ գալիս: Եվ այո, կա երկու մոտեցում: Իմիջիայլոց, ուզում եմ Ձեզ մի բան ասել, օրինակ, Պարեկային ոստիկանության դեպքում այն պահին, երբ մենք որոշումը կայացրեցինք, բազմաթիվ հարցեր անորոշ էին, և մենք խնդիր ունեինք այդ անորոշությունները հաղթահարել, պարզել՝ նո՞ր գնալ, թե՞ գնալ՝ հընթացս կերևա: Այն դեպքում մենք կայացրինք այն որոշումը, որ չէ, մենք գնում ենք՝ հընթացս կերևա, և դա արդարացված որոշում էր: Բայց այս դեպքում առողջապահության մասին է խոսքը:

Ինչպես արդեն ասացի՝ արդեն 900 հազար դեպքից ավելի, ընդ որում 900 հազար դեպքը նշանակում է մոտավորապես առնվազն 600-650 հազար մարդ, որովհետև հաշվառվում է դեպքը, մի մարդը կարող է միաժամանակ մի քանի ծառայություն ունենալ: Եթե մենք այդտեղ փակուղի մտանք, դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, և հետևաբար, մենք շարունակում ենք գնալ այդ ճանապարհով և գնալու ենք այդ ճանապարհով:

Բայց մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների մի զգալի այնքան մասի պատասխանը կունենանք, երբ գոնե տեսանելի տեսադաշտը, պատկերավոր ասած, մի քանի կիլոմետր դիմացներս տեսանելի տեսադաշտ լինի: Անկեղծ ասած, այս բանն էլ մենք պետք է ընկալենք, որ պրոցեսն ինքն արդյունք շատ կարևոր մասն է: Այսինքն՝ այո, երբ դու գնում ես բախվում խնդրի, հիմա նույն տեսախցիկների հարցով: Այո, պարզ է չէ՞, ես ինքս էլ անձնական ընտրության առաջ էի՝ ի՞նչ անեմ, այսքան մարդիկ ինձ ասում են՝ խնդրում ենք, հորդորում ենք, պահանջում ենք, սոցիալական ցանցերում, բակերում և այլն, մարդիկ, ըստ էության, ասում են՝ մի արա: Հա, լավ, ասել ես՝ մի արա:

Այո, կարող ես ասել՝ չէ որ չէ, ես անելու եմ, բայց նաև այստեղ խնդիր կա, որ նաև առաջնորդությունն այդ հատկությունն էլ ունի, որ դու ունես շատ պինդ քո կարծիքները և համոզմունքները, բայց դու պետք է կարողանաս նաև լսել, դու պետք է կարողանաս տեսնել այն, ինչ-որ երկու օր առաջ չէիր տեսնում: Եվ դա ոչ միայն ամոթ չէ, այլ ընդհակառակը, ամոթ է չափից ավելի համառությունը, ինքը կարող է պրոբլեմ բերի, չնայած առանց որոշակի համառության էլ առաջ գնալ հնարավոր չէ:

Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այն աշխատանքը, որ հիմա կատարվում է առողջապահության ապահովագրությունը ներդնելու ուղղությամբ՝ դա շատ կարևոր աշխատանք է: Ես, ճիշտն ասած, խորհրդարանի վերջին ելույթում ուզում էի մի օրինակ բերել, որը վստահ չէի, որ պատեհ օրինակ է, բայց այնուամենայնիվ, դա շատ հզոր օրինակ է: Գիտեք, որ տիեզերական աստղադիտակ կա «Ջեյս Վեպ» անունով, որը 2022 թվականին բաց թողնվեց ուղեծիր կամ տիեզերք, երբ այդ աստղադիտակի նախագծման աշխատանքներն սկսել են, ժամկետ է սահմանվել և բյուջե, 500 մլն դոլարի բյուջե է սահմանվել ԱՄՆ-ում, և ժամկետ մինչև 2011 թվականը, 2004 թվականին է սկսվել: Արդյունքում՝ աստղադիտակը տիեզերք է թռչել 2022 թվականին, եթե չեմ սխալվում, և 10 մլրդ բյուջեով: Ընդ որում, Կոնգրեսը մի քանի անգամ դադարեցրել է բյուջետավորումը որպես անարդյունավետ ծախս, որպես խայտառակ վատնում, բայց հիմա այդ նախագիծը երևի տիեզերագիտության մեջ համարվում է բոլոր ժամանակների լավագույն նախագիծը: Եվ եթե այդ ստանդարտով գնային, դա իրոք կլիներ ձախողված նախագիծ, բայց իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր դեպքերում այդպես պետք է լինի, բայց լինում է նաև այսպես: Ես՝ օրինակ, առողջապահության ապահովագրությունն այդպես եմ պատկերացնում, որ մենք դա այնքան մանրամասն նախագծենք, որովհետև մարդկանց կյանքերի հետ է կապված և առողջության, որ ինքն իր նպատակին ծառայի: Այդ բացերն ու անորոշությունները դեռ բավարար չափով պարզաբանված չեն:

Հանրային հ/ը - Հիմա անցնենք արտաքին քաղաքականությանը: Ադրբեջանցի պաշտոնյաններից մեկը գաղտնազերծեց այն երեք բաց մնացած կետերը, որոնք Հայաստանի կողմից համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Ադրբեջանը պահանջում է մեր Սահմանադրության փոփոխություն, միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցեր չներկայացնել և Եվրամիության քաղաքացիական դիտորդների հեռացում Հայաստանից: Խնդրում եմ՝ յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին, Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ գաղտնազերծած բառն այդտեղ տեղին չէ, որովհետև ի՞նչը գաղտնազերծեց:

Հանրային հ/ը - Դե հրապարակումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե ասում ենք գաղտնազերծեց, նշանակում է՝ ինչ-որ մի գաղտնիք է բացվել: Իսկ գաղտնիքը ո՞րն է, որը բացվել է: Մենք ասել ենք, որ բանակցային սեղանի շուրջ այդ օրակարգերից, առնվազն Սահմանադրության հետ կապված օրակարգը մենք չենք քննարկել և չենք ներառել օրակարգում: Այդ առումով՝ գաղտնազերծել բառն այդքան էլ տեղին չէ, բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, դա հայտնի փաստ է:

Բայց ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշմանը մեր արձագանքը: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, և դա հիմնավորելու համար մեջբերվում է, հղում է արվում Սահմանադրության նախաբանին, որն իր հերթին հղում է անում Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում 1988 թվականի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին այդ հայտնի որոշմանը:

Ո՞րն է սրան մեր արձագանքը: Նախ մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով այդքան կարևոր չէ, որովհետև այս ընթացքում տեղի է ունեցել իրադարձություն, Սահմանադրական դատարանն է հարցին անդրադարձել, իհարկե, Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի քննարկման համատեքստում: Սահմանադրական դատարանն, ըստ էության, ի՞նչ է ասել, ասել է, որ Սահմանադրության մեջ, ըստ էության, Սահմանադրական ուժ ունեն Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք բառացիորեն արտահայտված են Սահմանադրության հոդվածների մեջ:

Հանրային հ/ը – Բայց դրանից Ադրբեջանի պահանջը չի փոխվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Սա փաստարկ մեկ, և այս փաստարկից հետո մեզ համար շատ կարևոր է հասկանալ, և մենք փաստարկներին պետք է նայենք։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա. Ադրբեջանն այդ հարցն ինչի՞ համար է բարձրացնում, որովհետև իրո՞ք ունի մտավախություններ և մտահոգություններ, թե՞ դա բարձրացնում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար։ Մենք ելնում ենք այն կանխավարկածից կամ մեր ընկալումը, նաև հաշվի առնելով բանակցությունները, բանակցություններում առկա որոշակի առաջընթացը, մենք չենք ուզում առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում։ Դրա համար մենք ի՞նչ ենք անում, մենք հետևողականորեն փաստարկներով փորձում ենք այդ մտավախությունը փարատել։ Փաստարկ մեկը ես արդեն հնչեցրի:

Երկրորդ փաստարկը հետևյալն է. մենք տեսնում ենք և մենք էլ մտահոգություններ ունենք, և ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ինչպես ես խորհրդարանական վերջին հարցուպատասխանի ընթացքում մանրամասն շարադրել եմ, հիմա չծանրաբեռնեմ։ Այստեղ հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հարց։ Երկու պատճառով, որովհետև առաջին՝ դա կնշանակեր իրոք խաղաղության գործընթացը մտցնել փակուղի և երկրորդը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում արդեն իսկ մենք ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է․ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար», իսկ այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ։ Հետևաբար, մենք այս հարցն այս պայմանագրային համակարգում համարում ենք լուծված։

Բայց կա նաև երրորդ փաստարկը, որը կարող եմ ասել Հայաստանի համար, բայց մեծ հաշվով, ճիշտ է նաև Ադրբեջանի պարագայում։ Հայաստանի Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ։ Ենթադրենք, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են խաղաղության պայմանագիր, մենք ի՞նչ պետք է անենք․ Կառավարությունն անխուսափելիորեն այդ պայմանագիրը պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։ Իհարկե, Սահմանադրական դատարանի իմ մեջբերած որոշումից հետո հավանականությունը քիչ է, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ պայմանագիրը մեր Սահմանադրությանը հակասում է, դա կլինի կոնկրետ իրադրություն, որ մենք ստիպված կլինենք և՛ որպես Կառավարություն, և՛ որպես հանրություն կատարել ընտրություն` ի՞նչ անել, փոխել Սահմանադրությունը, թե հրաժարվել պայմանագրից։

Եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը կորոշի, որ այդ պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա, որ պայմանագիրը գնա Ազգային ժողով և վավերացվի։ Երբ վավերացվեց, այդ պահից պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանում է գերակա իրավական ուժ, հետևաբար, Ադրբեջանի որևէ մտավախություն այսպիսով հասցեագրվում և լուծվում է, և իհարկե, հայելային ձևով նաև Հայաստանի մտավախությունները հասցեագրվում և լուծվում են։

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, լավ եք ասում, բայց ասում եք՝ համարում ենք լուծված է այս խնդիրը, բայց որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի, երկու կողմերի համար պետք է համարվի լուծված խնդիրը, իսկ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ պահանջում է Սահմանադրության փոփոխություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հենց դա եմ ասում: Հիմա մենք ի՞նչ ենք ասում, այսինքն՝ Սահմանադրության փոփոխություն...

Հանրային հ/ը - Դա կհամոզի՞ Ադրբեջանին...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա եկեք փորձեմ համակարգված ասել: Այսինքն՝ դա Ադրբեջանի համար քմահաճու՞յք է, թե որոշակի մտավախությունների արտահայտություն: Եթե դա մտավախությունների արտահայտություն է, մենք ի՞նչ պետք է անենք՝ մենք հետևողական փաստարկված ձևով պետք է այդ մտավախություններին արձագանքենք, միևնույն ժամանակ՝ մեր մտահոգությունները նույնպես շարադրելով, և փորձելով ձևակերպել փաստարկների այնպիսի խումբ, որը և՛ մեր մտահոգությունները կհասցեագրի, և՛ Ադրբեջանինը:

Հանրային հ/ը – Հիմա երկրորդը՝ միջազգային իրավական ատյաններում հայցեր ներկայացնելուց հրաժարում. ես հիշում եմ, որ Հռոմի ստատուտը վավերացնելու ժամանակ լայն քննարկում կար, որ այսպիսով՝ Հայաստանը կարող է միջազգային քրեական դատարան Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնել: Հիմա ստացվում է, որ մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք իրար դեմ հայցեր ներկայացնելուց, որը խաղաղության տրամաբանության մեջ է, բայց սա Ադրբեջանի պահանջն է, և վերջերս նորից՝ 2023-ին ներկայացրած հայցին հավելումներ արեցին իրենք: Այսինքն՝ մի կողմից պահանջում են, որ Հայաստանը չանի նման բաներ և մյուս կողմից՝ Ադրբեջանը հիմա շարունակում է դա անել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, քանի դեռ չկա պայմանավորվածություն, մենք էլ ենք անում հավելումներ, իրենք էլ են անում հավելումներ: Բայց եթե այս սկզբունքի տեսակետից մոտենանք հարցին, իմ մոտեցումը հետևյալն է՝ եթե մենք տեսնում ենք, որ իրական ռեալ հասնում ենք խաղաղության և հաստատում ենք խաղաղություն, այսինքն՝ կնքում ենք պայմանագիր: Ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է, որ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, պետք է չներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, ապագայում էլ նախորդի հետ կապված հայցեր չներկայացնենք և հույս ունենալ, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի: Բայց տրամաբանությունը կլինի այն, որ եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, դա ո՛չ իրենց, ո՛չ մեզ ապագայի հետ կապված հարցերի վերաբերյալ չի սահմանափակելու, որպեսզի մենք դա անենք:

Ինչ վերաբերում է դիտորդների վերաբերյալ երրորդ կետին, հետևյալը ես Ձեզ ասեմ. մենք ունենք հետևյալ մոտեցումը, որ Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես:

Հանրային հ/ը - Ի դեպ, սահմանազատումն ո՞ւր է հասել, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, և սահմանազատման հանձնաժողովները հետևյալն են արել՝ փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը, Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր մոտեցումը: Հիմա հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք: Գիտեք, որ Ադրբեջանում մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում, և, ակնհայտորեն, Կառավարության անդամները կենտրոնացած են, ենթադրում եմ, գոնե ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն:

Հանրային հ/ը - Նախորդ հարցին անդրադառնալով, Անկախության հռչակագրի վերաբերյալ, մենք թեև նշում ենք, որ այս հարցը խաղաղության պայմանագրի տրամաբանության մեջ լուծված ենք համարում, բայց Դուք այսպիսի հայտարարություն եք արել, որ Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Պարզաբանեք, խնդրում եմ, ի՞նչ նկատի ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, դա մեր քննարկվող նախորդ թեմայի հետ կապ չունի, որովհետև մենք մի դեպքում քննարկում ենք իրավաքաղաքական հարց, իսկ իմ հայտարարությունը քաղաքական է: Իսկ ինչի՞ մասին է այդ քաղաքական հայտարարությունը: Հետևյալի մասին է, որ մենք, ըստ էության, մի շարք օբյեկտիվ, իհարկե, նաև սուբյեկտիվ հանգամանքների բերումով, Անկախության հռչակագրում դրել ենք մի տրամաբանություն, որը ենթադրում է երկար և խորը կոնֆլիկտներ մեր միջավայրի հետ: Իսկ այդ երկար և խորը կոնֆլիկտային տրամաբանությունը մեր միջավայրի հետ հետևյալի մասին է, որ կամ այդ կոնֆլիկտների բերումով Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող, հասկանալի տրամաբանությամբ, որովհետև պատկերացրեք՝ մենք ստեղծում ենք նորանկախ պետություն և դնում ենք կոնֆլիկտային տրամաբանություն Ադրբեջանի, Թուրքիայի, եթե շատ նախանձախնդիր լինեն ոմանք և ուզենան մեղադրել՝ ավելի լայն համատեքստում: Բայց ժողովուրդ, եկեք հասկանանք, ո՞նց ենք մենք այստեղ ասում պետություն ենք ստեղծում և ամեն կողմ պտտվում ենք, սենց ենք անում:

Հաջորդ տրամաբանությունն այն է, որ մենք այս միջավայրում այս հարաբերությունն ունենալով՝ հիմա ո՞նց պետք է դիմանանք այս միջավայրում, այս պայմաններում: Դրա համար մեզ պետք է սուպեր հովանավոր: Ուրիշ տարբերակ չկա: Եթե չենք կարողանում պայմանավորվել մեր միջավայրի հետ համակեցության և գոյակցության մասին, հաջորդը ո՞րն է, որ պետք է ապահովի մեր այսպես, թե այնպես լինելիությունը: Դա սուպեր հովանավոր ունենալու մասին է, որի բռունցքն ավելի մեծ է, և ինքն իբր մեր թիկունքին կանգնում է և ինքն է մեր տեղը սենց անում բոլորին: Հիմա այստեղ գալիս է երկրորդ ռիսկը, երկրորդ իրականությունը՝ կամ ինքն այնքան բռունցքը կթափահարի այն մյուսները կվախենան, կգնան իր հետ կպայմանավորվեն՝ ոնց անեն, որ ինքն էլ բռունցքը չթափահարի: Եթե շարունակի թափահարել, այդ բռունցքն ինչքան նրանց ուղղությամբ է թափահարվում, այնքան էլ մեր ուղղությամբ է թափահարվում, որովհետև մեզ էլ ասում է՝ տես, հա, քեզ խելոք չպահես, բռունցքս հետ կքաշեմ ու քեզ հետ տեղի կունենա, այն, ինչ տեղի կունենա, ինչը և տեղի ունեցավ: Ընդ որում, պարտադիր չէ, որ մի բռունցքի մասին խոսքը լինի, բռունցքները կարող են լինել մի քանի: Եվ այստեղ տրամաբանությունը դրա մասին է:

Հանրային հ/ը - Սա նշանակո՞ւմ է, պարոն վարչապետ, որ առաջիկայում Դուք կդիմեք հանրությանը Սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկով և Անկախության հռչակագիրը Սահմանադրությամբ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եկեք այդ հարցերը չկապենք իրար հետ, որովհետև այս խոսակցությունը սոցիալ-հոգեբանական մակարդակի խոսակցություն է:

Հանրային հ/ը – Եթե մեր անկախությանը վտանգող է Անկախության հռչակագիրը, հետևաբար՝ սա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ներողություն, բայց մեր Սահմանադրական դատարանն արդեն ասել է, որ մեր Անկախության հռչակագիրն այսօրվա համար դե յուրե իրավական ուժի ունի միայն այն հատվածով, որոնք Սահմանադրության մեջ բառացի արտահայտված են: Իմ ասած մասերը Սահմանադրության մեջ ոչ մեկը բառացի արտահայտված չէ: Բայց այդ սոցիալ-հոգեբանությունը, դա թուղթ է, չէ՞, որը կա, որի մասին մենք ամեն տարի խոսում ենք, նշում ենք, հղում ենք անում քաղաքական մակարդակով, որն, ըստ էության, ես ինչ եմ ասում, ես ասում եմ՝ մենք այս հոգեբանությամբ ենք պետություն ստեղծել, իսկ այդ հոգեբանությամբ պետություն ստեղծել ենք, և պետություն ստեղծելու պահից ասել ենք, որ այս պետության գոյությունը հնարավոր չէ հենց իմ նշած փաստերի բերումով:

Հանրային հ/ը - Այսինքն՝ հոգեբանությունը փոխե՞լ, Սահմանադրությունը չփոխե՞լ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, շատ կարևոր է հարցերը ճիշտ դարակների մեջ դնել: Ես խոսել եմ, իմ համոզմունքն եմ ասել, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք: Եվ ասել եմ մի քանի պատճառներով: Պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդն իրոք պետք է ընդունի այդ Սահմանադրությունը: Բայց ես նորից եմ ասում՝ եկեք հարցերը ճիշտ դարակների մեջ դասավորենք:

Մեր այս վերջին հարցուպատասխանը և Անկախության հռչակագրի մասին իմ խոսելը վերաբերում է մեր ներքին ըմբռնմանը, մեր սոցիալ-հոգեբանությանը, և սա ես չեմ ասում նույնիսկ որպես քննադատություն, որովհետև ես հիշում եմ, երբ Անկախության հռչակագիրն ընդունվեց, ես այդ ժամանակ 9-րդ կամ 10-րդ դասարանում էի, ես երջանիկ էի, ես ինձ երջանիկ էի զգում, որ մեր երկրում Անկախության հռչակագիր է ընդունվել: Բայց ես նախորդ տարի առաջին անգամ հրապարակային այդ թեմայով խոսեցի… Ընդ որում, մի շատ կարևոր բան եմ նորից ուզում ընդգծել, որն ինչ-որ առումով կարող է վատ է, որովհետև այնպես չէ, որ ես միշտ այս ամեն ինչն իմացել եմ, գլխի եմ ընկել և թաքցրել եմ, չեմ ասել: Չնայած լավ կլիներ, որ այս խոսույթը շուտ ձևավորվեր իմ մոտ, բայց մյուս կողմից էլ՝ խոսույթը երևի թե ձևավորվում է այն ժամանակ, երբ դրա ձևավորման համար ինչ-որ նախադրյալներ են լինում:

Բայց առաջին անգամ ես հարցին այս շեշտադրմամբ նայել եմ երևի 2023 թվականի Հռչակագրի օրվա կապակցությամբ իմ ուղերձում: Եվ այո, ես հիմա ավելի պարզաբանեցի, հիմա ես այնքան խորն եմ համոզված դրա մեջ, որ մինչև փաստարկ չհնչի, որը կփլուզի իմ այս ընկալումը... Մի բան էլ ասեմ, լավ չասեմ:

Հանրային հ/ը - Լավ, ասեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լավ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպես ... Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ:

Հանրային հ/ը - Ազգային ժողովում ուշագրավ հայտարարություն արեցիք, պարոն վարչապետ, ԲՐԻԿՍ-ի հանդիպումների մասին խոսելիս, նշեցիք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք: Խնդրեմ, կպարզաբանե՞ք ռազմավարական գործարքն ի՞նչ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռազմավարական գործարքը հետևյալն է, կարճ ասեմ, որ այն շատ շերտեր ունեցող թեմա է: Մի մասի մասին այն երեք կետերի համատեքստում խոսեցինք: Ռազմավարական գործարքը հետևյալն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո սոցիալ-հոգեբանական և բոլոր մակարդակներում ընդունեն, որ Խորհրդային Ադրբեջանն իր տարածքով անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանն իր տարածքով անկախ Հայաստանն է: Պետք է ֆիքսեն այս իրականությունը և քաղաքական ու մի շարք մեզ հայտնի առումներով հանգիստ թողնեն իրար, չքչփորեն իրար, ժողովրդական լեզվով ասած՝ չբզբզեն իրար, սկսեն կամաց-կամաց կոմունիկացիաների բացումով՝ տնտեսական կապեր հաստատել և այլն, շատ թույլ, շատ զգույշ:

Ես համոզված եմ, որ շատ թույլ, շատ զգույշ սկսենք, ինքը հետո շատ մեծ տեմպերով աճելու է բնականոն ձևով, ոչ արհեստական: Եվ մտածեն հետևյալի մասին, ընդ որում՝ Վրաստանն էլ այս առումով որոշակի կապ ունի, որ, այնուամենայնիվ, Հարավկովկասյան երեք պետություններն ունեն ընդհանուր շահեր և կարող են ունենալ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ: Սա է ռազմավարական գործարքի վերնագիրը կամ նախաբանը, մնացածի մեջ շատ շերտեր կան, այդ շերտերի մի մասի մասին ես խաղաղության պայմանագրի համատեքստում խոսեցի:

Հանրային հ/ը - Պարոն վարչապետ, Դուք հույս էիք հայտնել, որ տարեվերջին կուզեիք, որ խաղաղության պայմանագիրը կնքվեր: Հիմա կա՞ նման ակնկալիք: Ե՞րբ կկնքվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես մի բան կարող եմ ասել, որ ես իմ բաժին աշխատանքը հանուն նրա, որ դա տեղի ունենա, 100 տոկոսով և մի բան էլ ավելի, կանեմ:

Հանրային հ/ը - Նոյեմբերի 16-ին Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ էիք հեռախոսազրույց ունեցել, հաղորդագրությունը շատ հակիրճ էր, եթե կարելի է, հնարավոր է բացել՝ ինչի՞ց եք խոսել, որովհետև Միացյալ Նահանգների ընտրությունը խիստ կապվում էր տարածաշրջանի հետագա զարգացումների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարող եմ նորից իմ մասով ներկայացնել, չնայած նախագահ Թրամփը նույնպես հետաքրքրված էր այդ թեմայով: Գիտեք, որ իմ վարչապետության շրջանը որոշակի համընկել է նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման հետ, հետո Միացյալ Նահանգներում նախագահ է փոխվել, իմ հիմնական խնդիրն էր ներկայացնել, թե այս ընթացքում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ինչ զարգացումներ են տեղի ունեցել և խաղաղության գործընթացում, տարածաշրջանում ինչ զարգացումներ են տեղի ունեցել: Եթե կարճ, կարող ենք ասել, որ, ըստ էության, հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ էր:

Հանրային հ/ը - Եվ վերջին հարցը, եթե թույլ կտաք, անձնական բնույթի՝ հեղափոխության մեկնարկից մոտ յոթ տարի անց որոշեցիք սափրել Ձեր մորուքը: Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ էի հարցազրույց անում: Սոցիալական ցանցերում ամենատարբեր մեկնաբանություններ եղան այս մասով: Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ, որովհետև ինձ համար մի քիչ էլ անսպասելի էր, որ այդ հարցն այդքան լայն արձագանք ստացավ, որովհետև իմ նպատակադրումը.... Այսինքն՝ պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում, պետք է ինչ-որ ձևով, որ Կառավարությունում ինձ ճանաչեին, որ ես գայի: Բայց հետո ես հասկացա, որ ամենատարբեր քննարկումներ կան, և ես ինչ-որ ձևով դա պետք է բացատրեմ:

Բայց նաև ուզում եմ անկեղծ ասել, հիմա այն, ինչ կասեմ, ինչ-որ առումով գիտակցական, ենթագիտակցական, որը նախապես էր ձևակերպված, որը հետո ձևակերպվեց կամ արձանագրվեց, այսինքն՝ դա էլ է շատ կարևոր, որ այս նրբությունը հաշվի առնենք: Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի:

Տեսեք, 2018 թվականին, երբ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հենց առաջին վայրկյանից կամ գուցե դրանից մի քիչ էլ առաջ, երբ արդեն պարզ է, որ ես վարչապետ եմ ընտրվելու, և արդեն տեղեկատվական հոսքերը սկսեցին գալ, այդ տեղեկատվական հոսքերն իրենց հետ բերում էին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ: Եվ հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի, և ակնհայտ էր ինձ համար, որ ես շատ դժվարություններ եմ ունենալու այդ հարցերի պատասխանն ինքս ինձ, ուշադրություն դարձրեք, խոսքը «ինքս ինձ» մասին է, սա ուրիշների հետ հարաբերությունների մասին չէ: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո, անցել է ուղիղ 4 տարի, և ես չգիտեմ, թե դա ինչքանով է լավ, ինչքանով է վատ, ես պատերազմի մեկնարկից և ավարտից հետո գործնականում ամեն օր, պատկերացրեք՝ 4 տարի ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով: Եվ հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ, այսինքն՝ հազարից ավելի օրերի ընթացքում հազարավոր անգամներ հնչել են, և եթե ինքս ինձ ուզում եմ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ես ինչի այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ՝ ես այդ որոշումը կայացնելու պահին՝ ինքս ինձ հարցեր այլևս չունեմ և այդ որոշումը կայացնելու պահին իմ բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ:

Հանրային հ/ը - Դա լավ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, լավ է:

Հանրային հ/ը - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես էլ եմ շնորհակալ:

 

 

 

← Վերադառնալ