Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

31.01.2025

ևս 22 լուսանկար



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են ավելի քան երեք տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որդեգրված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար: Այդ գաղափարախոսության համաձայն, բարեկեցությունը կարող է կառուցվել միայն աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, ինչպես նաև անհատական ջանքի միջոցով: Եվ մեր քաղաքականություններն ուղղված են գաղափարական այս թեզի իրագործմանը:

Այս թեզը լրացուցիչ պարզաբանելով՝ ուզում եմ ընդգծել հետևյալը, որ բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են: Դրանցից մեկն աշխատանքն է, մյուսը կրթությունն է, հաջորդն անհատական ջանքն է և մյուսը պետական քաղաքականություններն են: Այսինքն՝ մեր տեսությունն այն է, որ երբ այս չորս գործոնները կհամընկնեն և կփոխգործակցեն, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն: Սա տեսությունն է: Եկեք, տեսնենք, թե ինչ է իրականացվում գործնականում:

2024թ. դեկտեմբերի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 778 094 աշխատատեղ: Այս ցուցանիշը 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ ավելի է 189 000-ով, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ 36 368-ով կամ 4.9 տոկոսով: Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում մարդ կա աշխատող և որն ապահովված է աշխատավարձով:

2024թ. միջին աշխատավարձը եղել է 306 754 դրամ, 2018թ. դեկտեմբերի համեմատ միջին աշխատավարձn աճել է 127 000 դրամով կամ 71 տոկոսով, իսկ 2023թ. համեմատ 18 699 դրամով կամ 6.5 տոկոսով: Սրանք տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշներն են: Աշխատավարձերն աճում են ինչպես կայուն տնտեսական աճի, այնպես էլ Կառավարության կայացրած որոշումների արդյունքում:

Հայաստանում ներդրված ուսուցիչների և զինվորականների կամավոր ատեստավորման համակարգ, որն ատեստավորման արդյունքներից կախված՝ աշխատավարձերն ընդհուպ կրկնապատկելու հնարավորություն է տալիս: Ուսուցիչների պարագայում գործում է նաև տարակարգի ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների, ինչպես նաև գյուղական վայրերում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների համար նախատեսված հավելավճարների համակարգը, որn աշխատավարձերի ևս մինչև 50 տոկոս հավելման հնարավորություն է տալիս, բացի կամավոր ատեստավորումից: Այսինքն՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները կարող են նաև այս գործոններով պայմանավորված՝ բարձրացնել իրենց աշխատավարձը:

Կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձերն ավելացնելու հնարավորություն են ստացել նաև արտադպրոցական կրթության մանկավարժները, 12 մարզաձևերի մարզիչներ, մասնավորապես և մշակույթի ոլորտի 8 ուղղությունների դասատուներ: Իհարկե, մենք սա սկսել ենք նվազագույնից և ժամանակի ընթացքում մարզաձևերը և մշակութային կրթության ոլորտներն ավելացնում ենք: Տարակարգի միջոցով աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն են ստացել նաև մանկապարտեզների դաստիարակները: Ատեստավորման համակարգով Հայաստանի գիտաշխատողների աշխատավարձերը 2025թ. հունվարի դրությամբ 2021թ. համեմատությամբ ավելացել են 100-300 տոկոսով, ինչի մանրամասները Կառավարության վերջին նիստում ներկայացրել եմ: Կամավոր ատեստավորման ծրագիր է մեկնարկել նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի դասախոս-վարպետների համար: Խոսքը քոլեջների մասին է:

Մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական մի շարք գերական ուղղություններով ուսանողների համար սահմանվել է 50 և 70 հազար դրամ ամսական կրթաթոշակ: Սա էլի, որպեսզի թյուրըմբռնում չլինի, որոշակի ուղղություններով առաջին կուրս ընդունված ուսանողների համար այս թոշակները, կրթաթոշակները գործում են: Արդեն երկրորդ տարվանից թոշակների համակարգը վերափոխվում է՝ կախված առաջադիմությունից: Գերազանցության պարագայում այս թոշակների վրա 10 տոկոս լրացուցիչ ավելանում է:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին զուգընթաց, ավելի քան 800 հազար վարձու և պայմանագրային աշխատող հանդիսացող քաղաքացիների համար մեկնարկում է համընդհանուր հայտարարագրումը, որը հայտարարագրվող քաղաքացիների եկամուտների ավելացման անուղղակի համակարգ են նաև: Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիներն իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչև 100 հազար դրամ կարող են ետ ստանալ առողջապահության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում և վճարովի դպրոցներում, մասնավոր դպրոցներում, ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական և արվեստի խմբակների և դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, ինչպես նաև վերապատրաստման որակավորման, վերաորակավորման, կրթական ծառայությունների, այսինքն՝ իրենց և իրենց երեխաների առողջապահության և կրթության համար կատարված վճարների դիմաց:

Սա համընդհանուր հայտարարագրման մասին է: Այստեղ էլ ես արձանագրում եմ, որ մենք որոշակի դժվարություններ ունենք այս ուղերձը հանրությանը հասկանալի բացատրելու հարցում, և հույս ունեմ այսօր մենք առիթը կօգտագործենք: Համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա տարեկան, ընդ որում՝ ես խոսում եմ 2024 և 2025 թվականների հայտարարագրերի մասին, նրանցից 2024 թվականը լրացվելու է 2025 թվականին, 2025-ինը՝ 2026 թվականին: Ահա, այդ հայտարարագրերի լրացման արդյունքում վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 միլիարդ դրամի ծախսեր կվերադարձվեն քաղաքացիներին կամ նաև զուգահեռ նշված ուղղություններ կուղղորդվի լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Այսինքն՝ այդ ոլորտների քաղաքացիներին վերադարձնում ենք, բայց դրա հարակից էֆեկտը կլինի նաև այն, որ իմ թվարկած այդ ոլորտները լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով:

2025 թվականի փետրվարի 1-ից մեկնարկում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվացման միջոցառումը: Ըստ այդմ՝ մինչև 1 միլիոն դրամ մայր գումարով առնվազն երեք տարվա անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին առաջարկվում է անցնել վարձու կամ պայմանագրային աշխատանքի: Ինչո՞ւ է առաջարկվում, որովհետև նման վիճակում գտնվող քաղաքացիները սովորաբար առնվազն թափանցիկ դաշտում չեն աշխատում այն մտավախությամբ, որ իրենց ստացած ամբողջ կամ իրենց համար անընդունելի չափով եկամուտները կբռնագանձվեն: Ահա, մենք այս մարդկանց առաջարկում ենք անցնել թափանցիկ դաշտում աշխատանքի, և այս պարագայում նրանց աշխատավարձի համար հաշվարկված եկամտային հարկն ամբողջությամբ կուղղվի անհուսալի վարկի մարմանը: Աշխատավարձից բռնագանձման ենթակա գումարի չափը նախկին 50 տոկոսից կնվազի 20 տոկոսի, իսկ բանկերը կներեն հաշվարկված տուգանքների 80 տոկոսը: Այսինքն՝ այդ ուշացած վարկերի համար հաշվարկված տուգանքների 80 տոկոսը բանկերը կներեն:

Այս հանգամանքն էլ պարզաբանվեց. եթե հետևել եք Կառավարության նիստին՝ ինչո՞ւ 80 տոկոսը, որովհետև տույժեր-տուգանքները ներելու դեպքում բանկերի համար առաջանում է 20 տոկոս հարկային պարտավորություն, և նրանք իրենց մասն ամբողջությամբ ներում են, բայց նաև 20 տոկոսը պահում են, որպեսզի իրենց հարկային պարտավորությունները՝ այս ներումից առաջացող հարկային պարտավորությունները, կատարեն:

Վերը նշված բարեփոխումները հնարավորություն կտան ոչ միայն երկարաժամկետում և միջնաժամկետում, այլև կարճաժամկետում աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի միջոցով քաղաքացիների բարեկեցության կառուցան ռազմավարության արդյունավետ իրագործման համար:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Այժմ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին, որոնք կարող են վերաբերել ինչպես այս բացման խոսքում հիշատակված, այնպես էլ ցանկացած այլ թեմայի:

Շնորհակալություն»:

← Վերադառնալ