ԶԼՄ հավատարմագրում


ՈՐՈՇՈՒՄ

4 մարտի 2004 թվականի N 333-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված օրինակելի կարգը և հաշվի առնելով պետական կառավարման մարմնի գործունեության առանձնահատկությունները՝ 10-օրյա ժամկետում հաստատել պետական կառավարման մարմնում լրագրողների հավատարմագրման կարգը։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում սահմանել օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 4-ի N 333-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ՝ լրագրող)՝ պետական կառավարման մարմնում (այսուհետ` պետական մարմին) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի՝ պետական մարմնում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել պետական մարմնի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ։
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան։
Հավատարմագրված լրագրողի գործունեությունը պետական մարմնի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով՝ խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի
հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան։
3.Պետական մարմինը`
ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է պետական մարմնի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ՝ պետական մարմնի միջոցառումներ)։
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը։ Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում պետական մարմինը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար։
4. Հայաստանի Հանրապետության նախարարությունները ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում են համառոտ ամփոփագիր պետական մարմնի գործունեության արդյունքների մասին։ Դա կարող է իրականացվել ամփոփագիրը Հայաստանի Հանրապետության նախարարությունների էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով։
Հայաստանի Հանրապետության նախարարներն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իրենց գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես են գալիս մամուլի ասուլիսում՝ նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ։
5. Պետական մարմնում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է պետական մարմնի ղեկավարի նշանակած անձը (այսուհետ՝ պետական մարմնի պատասխանատու)։
6. Պետական մարմնի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում պետական մարմին՝ նշելով՝

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են)։
7. Պետական մարմինը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան։
Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ դիմումում մատնանշված տեղեկությունները։ Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ։
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով։
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։
10. Պետական մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին։
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու՝ սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը։
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է պետական մարմնի անցագրային կետ (կետեր)։
Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան՝ այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո։
13. Պետական մարմինը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե` ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով. բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

գ) նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը։
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով։
Պետական մարմնի պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին։
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը։
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը։
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի՝ պետական մարմնում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը։
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝ ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը. բ) նախապես տեղեկացված լինելու պետական մարմնի միջոցառումների
անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
գ) մասնակցելու պետական մարմնի միջոցառումներին.
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
ե) պետական մարմնում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։
16. Պետական մարմնի պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ պետական մարմնի ստորաբաժանումներ և հանդիպումներ պետական մարմնի պաշտոնատար անձանց հետ։
17. Պետական մարմնի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե պետական մարմնի պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը։
18. Պետական մարմնի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը պետական մարմին համաձայնեցվում է պետական մարմնի պատասխանատուի հետ։ Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը պետական մարմին է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց պետական մարմնի տարածք մուտքի անցագրի։
19. Պետական մարմնի պատասխանատուի՝ պետական մարմնի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար։
20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար, պետական մարմնի շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, պետական մարմինը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ՝ ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի։ Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է՝ առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներն առավել չափով բավարարող լրատվության միջոցները ներկայացնող լրագրողներին։