Մամլո հաղորդագրություններ
Հնարավորինս արագ պետք է մշակվեն գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատելու մեխանիզմներ. Նիկոլ Փաշինյան
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 581 Կբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 485 Կբ
- 1670x1113px - 489 Կբ
- 1670x1113px - 504 Կբ
- 1670x1113px - 545 Կբ
- 1670x1113px - 547 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 606 Կբ
- 1670x1113px - 551 Կբ
- 1670x1113px - 450 Կբ
- 1670x1113px - 428 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 503 Կբ
ևս 14 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի:
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել է վերջերս մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասի ծավալների մասին: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 8-ին, տուժել են Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզի համայնքները: Ըստ նախարարի՝ ընդհանուր վնասված տարածքը Արագածոտնի մարզում նախնական գնահատականներով կազմել է մոտ 350 հա: «Վնասի չափը, կախված համայնքից, 20-80 տոկոս է կազմել: Ամենաշատը տուժել է Արագածավանը՝ մինչև 80 տոկոս: Վնասված մշակաբույսը հիմնականում միրգ, պտուղ է: Արմավիրի մարզում վնասը ավելի քիչ է՝ 30 հա: Կարծում եմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք կորուստների դրամական կոնկրետ գնահատականը»,-ասել է Արթուր Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վնասների չափի վերաբերյալ հստակ տեղեկատվությունը քննարկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: «Փաստորեն մենք կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հակակարկտային արդյունավետ համակարգ չունենք: Սա լուրջ խնդիր է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք, դրանք տեղի չեն ունեցել: Այստեղ պետք է նաև հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Ենթադրում եմ՝ կարելի է կռահել, պատճառները ֆինանսական են, և մենք լրջագույն խնդիր ունենք»-նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղվարկերին, նշել է, որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ, տուգանքներով: «Երեկ մենք Կենտրոնական բանկի նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ այդ մեխանիզմները մշակենք, որպեսզի գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատենք: Նաև անհրաժեշտ է քննարկել վարկային պատմության հետ կապված համաներման հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան վարկեր ստանալ և իրենց այգիները, տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ակտիվ մասնակցել այդ քննարկումներին՝ խնդրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:
«Մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել». վարչապետը հանձնարարել է դադարեցնել հոծ գծերը շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան
Վարչապետն անդրադարձել է նաև երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը: «Հսկայական տույժ, տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով: Մենք պետք է մեխանիզմներ մտածենք այդ պարտքը ներելու մասին: Երկրորդ՝ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջան, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա՝ մտածել այդ մասին, դրանց գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու համար: Կամ առնվազն մենք պետք է այդ պրակտիկան շատ արագ, հենց այսօրվանից դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես նախկինում էլ ասել եմ՝ մարդկանց շատ տուգանելու մոլուցքը պետք է կասեցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ոստիկանության հետ համատեղ առաջարկություններ մշակել:
Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և առանց իրավական հետևանքի. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին:
«Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն», - ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են և պետք է հասկանալ, թե ինչպես ու ով է այդ պատասխանատվությունը կրելու: Բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասել է նա:
Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել ու արդյունքում կարճվել է: Կարծում եմ՝ մենք այս գործելակերպին ընդհանրապես պետք է վերջ տանք, երբ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն»:
Վարչապետն ընդգծել է, որ խոսքն օրինականության հաստատման մասին է և այդ առումով ակնկալում է շատ հստակ ուղերձներ: «Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման որոշման օրինականությունը, որովհետև եթե այդ մասին մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ կարճման որոշումն օրենքի հետ որևէ կապ չունի», - ասել է կառավարության ղեկավարը և հավելել. «Մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա: Սա որպես սկզբունք եկեք արձանագրենք: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքական որ թիմից է, որ ճամբարից է, որ կուսակցությունից է: Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և իրավական հետևանքի, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր խնդիր է»: Վարչապետը, դիմելով իրավապահ մարմիններին, նշել է, որ այդ հարցում ակնկալում է շատ կոնկրետ և արագ գործողություններ:
Նախատեսվում է կրճատել կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների թիվը
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին՝ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությանը տրամադրելու նպատակով: Համապատասխան տրանսպորտային միջոցները գործակալությանը հնարավորություն կտան տեղերում մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում մշտադիտարկում, դիտարկում, ուսումնասիրություններ, տեղերում փորձագիտություն իրականացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին և, դիմելով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, նշել է, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:
Արարատ Միրզոյանը նշել է, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը բյուջետային ծախսերի եղած միջոցների վատնում է: «Տեղեկության համար ուզում եմ ասել, որ առաջին փոխվարչապետի գրասենյակին հատկացված էր հինգ մեքենա, բնականաբար, մենք հրաժարվել ենք երեքից, երկուսի նպատակահարմարությունը դեռ կքննարկենք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է գրասենյակի համար նախատեսված չորս մեքենաներից երկուսից: Ես առաջարկում եմ մյուս նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած սպասարկող ծառայողական մեքենաների ամբողջ պարկը, մոտեցումները»,-ասել է առաջին փոխվարչապետը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ կառավարության անդամների ուշադրությունն է հրավիրել գործուղումների հարցի վրա: «Խնդրում եմ ուշադրություն դարձնել, թեկուզ նախարարությունների հետ աշխատել և ուսումնասիրել գործուղումների հարցը, որովհետև իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն դրանք վերածվում են տուրիստական շրջագայությունների»,-նշել է նախարարը:
Վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից. վարչապետ
Կառավարության որոշմամբ Վարդան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԿԱ առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, Դավիթ Անանյանը նշանակվել է ՊԵԿ-ի նախագահ։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դավիթ Անանյանի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին մաքսակետերում, հատկապես միջնորդ կազմակերպությունների կողմից իրականացվող ինքնիրավչության, գանձվող գումարների զանազան մեխանիզմների, ինչպես նաև փոքր բիզնեսի նկատմամբ վերջին օրերին իրականացվող գործողությունների վրա:
Գործադիրի որոշումներով Ֆիրդուս Զաքարյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Գագիկ Հայրապետյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ նշանակելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ստեփան Մնացականյանը նշանակվել է վիճակագրական կոմիտեի նախագահ, իսկ Գագիկ Անանյանը, Գագիկ Գևորգյանը, Նելլի Բաղդասարյանը, Վանուշ Դավթյանը և Լիլիթ Պետրոսյանը՝ վիճակագրության պետական խորհրդի անդամներ՝ վեց տարի ժամկետով: «Մենք պետք է լրջորեն աշխատենք՝ վիճակագրական կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետև սա չափազանց կարևոր հարց է: Եվ գործող օրենսդրությունը, և տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակում ստեղծված գույքը ՝ 7,993,324,084 դրամ արժողությամբ ոռոգման, ջրամատակարարման համակարգերը, կնվիրաբերվի ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքներին: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի միջև 2015 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված համապատասխան փոխառության համաձայնագրերի շրջանակներում: Արդյունքում կիրարկումը կապահովի վերոնշյալ մարզերում կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
Գործադիրի որոշմամբ գնումների հետ կապված բողոքներ քննող անձանց թիվը սահմանվել է երկու: ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է, որ ներկայումս գործող գնումների բողոքարկման խորհրդի փոխարեն գնումների հետ կապված բողոքները քննելու են գնումների հետ կապված բողոքներ քննող անձինք, որոնք ունեն նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ:
Հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը և փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ 2018 թ. պետբյուջեում: Ըստ հիմնավորման՝ ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել ՀՀ և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության կազմակերպություններին մաս կազմելու համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը, ղեկավարելու այդպիսի խնդիրների լուծմանն ուղղված գիտական միջազգային համագործակցություններ, ինտեգրվելու Եվրոպական հետազոտական և նորարական տարածք, ինչպես նաև այդ կազմակերպությունների համար հասանելի է դարձնում ժամանակակից գիտական ենթակառուցվածքները և կարող է դառնալ նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» որոշման մեջ: Ընկերությանը տրամադրվել էր ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Ներկայումս ծրագրի իրականացման համար լրացուցիչ ապրանքներ ներմուծելու անհրաժեշտություն է առաջացել։
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ ոստիկանության «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» և «04. ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն» ծրագրերում:
Նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝ կառավարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերը պետք է կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ հավաստիացնենք՝ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս դնելու հետ: Մենք որևէ կրակայրիչ գնելու պարտադրանք չենք դնում»,-աել է կառավարության ղեկավարը: