Մամլո հաղորդագրություններ
Յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է. վարչապետը ներկա է գտնվել Creative Armenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը
ևս 6 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, հիմնադրամի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը, Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, հասարակական, մշակութային գործիչներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ իրականում յուրաքանչյուր երևույթի կարևորագույն կողմը մշակութայինն է: «Քաղաքական այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, իրականում մշակութային մի մեծ հակամարտության հանգուցալուծում էին և ըստ էության քաղաքական ասպարեզում մրցակցության ելան բռնության մշակույթն՝ ընդդեմ սիրո մշակույթի: Սիրո մշակույթը հաղթեց: Սա շատ գլոբալ փոփոխություն է Հայաստանի կյանքում, որովհետև ցավոք, մինչև վերջերս սիրո մշակույթն ընդունված էր համարել թուլության մշակույթ, իսկ բռնության մշակույթը՝ ուժեղության մշակույթ: Մենք ապացուցեցինք հակառակը և սա ամենակարևոր փոփոխությունն է, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսօր էլ այդ փոփոխությունը շարունակվում է և հույս ունենք, որ այն դեռ երկար ու հետևողականորեն կարմատավորվի մեր քաղաքական ու հանրային կյանքում: Այս փոփոխությունները հնարավոր դարձան, երբ հնարավոր դարձավ երկու քաղաքացու հարաբերությունների փոփոխությունը՝ հակամարտության մշակույթը փոխարինվեց համագործակցության մշակույթով: Այս փոփոխությունները չափազանց կարևոր են և սրանք իսկապես արմատական նշանակություն ունեն: Սրանք ուղղակի իշխանական փոփոխություններ չեն, այլ մտքի փոփոխություններ են և դա էլ իր հետ բերելու է բազմաթիվ փոփոխությունների: Ես ուրախ եմ, որ այսօր ՀՀ-ում շատերը և բոլորը հասկանում են, որ սիրո մշակույթը բավարար չափով ուժեղ է՝ ինչպես հայրենիքի, այնպես էլ ժողովրդի, քաղաքացու և նրա իրավունքները պաշտպանելու համար և բռնության մշակույթն անշրջելիորեն պարտվել է: Վերադարձ բռնության մշակույթին այլևս չի լինելու: ՀՀ ժողովուրդն արդեն ազատագրվել է և սրանք ինստիտուցիոնալ ազատգրումներ են ու ամենակարևորն այն է, որ այս ազատագրումը պետք է վերածվի ու դառնա յուրաքանչյուրի անհատական, ստեղծագործական, մշակութային ազատություն: Սա էլ իր հերթին բերում է սեփական դերի վերագնահատման, թե ինչպիսին է իշխանության հարաբերությունը քաղաքացու նկատմամբ, ինչպիսին է քաղաքացու և իշխանության հարաբերությունը: Մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները պետք է իրենց հետ բերեն նորանոր արդյունքներ և ես համոզված եմ, որ այդ արդյունքները կան ու կլինեն: Վստահ եմ, որ ամեն օր ու ամեն շաբաթ կտեսնենք սիրո նորանոր հաղթանակներ Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Creative Armenia հիմնադրամի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել մշակութային զարթոնքին: