Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը

11.07.2018

ևս 3 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի  Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Այստեղ նա հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 
Վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, գործադիրի մյուս առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում և պատասխանել ներկաների մի շարք հարցերի:  «Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝  կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: «Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայտվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: «Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված  մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում: Դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության և կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված խնդրի կարգավորման գործում միջազգային մանդատ ունեցող միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա: «Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 
 

← Վերադառնալ