Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը

16.07.2018

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի է ունեցել անթույլատրելի արարք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ, որովհետև մեր սկզբունքն է, որ օրինականությունը ՀՀ-ում պետք է լինի անառարկելի և այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցե կապված էր նաև ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպես շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս գործընթացների արդյունքում մենք կկարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ, ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձևերի, մակարդակի, իհարկե, հիմնադրամի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նշելով, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որպես հիմնադրամի ամենահուսալի ներկայացուցիչներից մեկը, հետաքրքրիր կլինի լսել Պետրոս Թերզյանի տեսակետը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար:
Իր հերթին, Պետրոս Թերզյանը նշել է. «Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետև հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայակական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծոււմ եմ՝ հաջողել ենք, մինչև այս դեպքի ի հայտ գալը»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևոր է ոչ միայն անցյալով, այլ նաև ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզյանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ