Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

21.08.2018

ևս 19 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
«Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է ընտանիքում: Անկեղծ ասած, նախատեսում էի ավելի շուտ հանդիպել ձեզ, բայց ուզում էի նաև հանդիպումը հետաձգել, որպեսզի ինչ-որ սփոփող որոշում կայացված լիներ, որից հետո այս հանդիպումը տեղի ունենար: Այդ որոշումը կայացվեց երկու շաբաթ առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնմանը, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին: «Սա նշանակում է, որ ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքները, հաշմանդամություն ստացած անձինք նույնպես պետական շարունակական աջակցություն կստանան: Հույս ունենք, որ դա ինչ-որ չափով կթեթևացնի ձեր հոգսերը: Իհարկե, անսփոփելի է այն վիշտը, որ դուք հիմա կրում եք: Սա զուտ ֆինանսական խնդիր չէ, սա շատ կարևոր բարոյական խնդիր է, որպեսզի հանրությունը և պետությունը ցույց տան, որ կանգնած են հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքների, հարազատների կողքին»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունների բացահայտման մասին զոհված զինծառայողների ծնողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ են հարցնում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործություններ են տեղի ունեցել, դրանք չե՞ն բացահայտվելու: Արդեն ունենք այդպիսի բացահայտումներ, և բոլորին հայտնի դրվագը, որը ամենախոշոր և առաջին կոռուպցիոն բացահայտումներից է, հենց ուղիղ ապրիլյան պատերազմի մասին էր, թե ինչպես օգնությունը, այդ թվում՝ տեխնիկան, զինվորներին չի հասել: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ այդ գործերը քննելու ոչ մի խոչընդոտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, այդ քննությունները չպետք է որևէ կերպով ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, որովհետև բոլորս էլ գիտենք, և ակնհայտ է, որ բարեխիղճ, անձնազոհ սպաների և զինվորների թիվը մեծ է, և ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի և՛ բարձրաստիճան, և՛ միջին օղակի, և՛ ենթասպայական, և՛ շարքային կազմի շատ մեծ մասը սեփական ծառայության իմաստը, նպատակը և առաքելությունը գիտակցող մարդիկ են և շատ փոքր թվով մարդիկ են, ովքեր հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվում: Ընդհանրապես այդ հետաքննությունները, կարծում եմ, Հայաստանի պետականության հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունեն, և ոչ թե հակառակը: Իհարկե, նեգատիվ տեղեկատվությունը միշտ էլ որոշակի տհաճություն է պատճառում, բայց, կարծում եմ, մենք այդ ամենին պետք է նայենք, վերաբերվենք որպես առողջացման գործընթացի, ինչն անխուսափելիորեն պետք է իրականացնենք: Կրկին իմ խոնարհումը ձեզ, ձեր ընտանիքների, ձեր զավակների և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված բոլոր զինվորների, կամավորների, ազատամարտիկների և նրանց ընտանիքների առաջ: Հույս ունեմ, որ աջակցության հիմնադրամի հնարավորությունները շարունակաբար կմեծացնենք, և աջակցության գործընթացը գնալով ավելի ու ավելի վաղ թվականների դեպքերի վրա կտարածվի, որպեսզի կարողանանք ինչ-որ ձևով արձանագրել, որ մենք բարոյապես, նաև ֆինանսապես նեցուկ ենք լինում մեր զոհված, հաշմանդամություն ստացած զինվորներին և նրանց հարազատներին»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար պետք է բոլորը գնան բանակ, ծառայեն, բանակից չխուսափեն, իսկ ոմանք էլ կաշառք չվերցնեն և մարդկանց ապօրինի չազատեն բանակից: «Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Զոհված զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու և իրենց խնդիրները լսելու համար: Նրանք համոզմունք են հայտնել, որ իրականացված թավշյա հեղափոխութան և տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի լիարժեք բացահայտել մի շարք, այդ թվում՝ քառօրյա պատերազմի ընթացքում իրականացված հանցագործությունները:

 

 

← Վերադառնալ