Մամլո հաղորդագրություններ

«Առաջիկայում շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով». Նիկոլ Փաշինյան

30.08.2018

ևս 15 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Կառավարության, այսպես ասած, ադապտացիոն շրջանը համարում եմ ավարտված, և առաջիկայում մենք շատ լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք, իրենց հերթին, տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, նոր լիցք և ալիք կբերեն Հայաստան: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները:
Ընդհանրապես, ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս տրամաբանությունից հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, և հանրության շրջանում համաձայնության հաստատումն այս կամ այն բարեփոխման վերաբերյալ, այս կամ այն բարեփոխման ուղղությամբ, որովհետև կարծում եմ, որ եթե մենք որևէ բարեփոխում իրականացնելու համար ունենք բավարար փաստարկներ, որով համոզել ենք ինքներս մեզ, ուրեմն, այդ նույն փաստարկներով պետք է ներկայանանք նաև հանրությանը, ամենայն մանրամասնությամբ նրան ներկայացնենք մեր մոտիվացիաները, պատճառահետևանքային կապերը: Ես համոզված եմ, որ այս ճանապարհով մեր գործողությունները և բարեփոխումները կլինեն առավել արդյունավետ: Ի վերջո, չմոռանանք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք կառավարման բոլորովին նոր համակարգ, որը մենք պայմանականորեն կոչում ենք ուղիղ ժողովրդաիշխանություն, և դա այդպես կոչվում է պատմականորեն: Մենք պետք է կառավարման այս համակարգի տրամաբանությունից բխող գործողություններ անենք:
Կարծում եմ՝ մյուս շաբաթվանից արդեն կարող ենք սկսել հանրության հետ երկխոսությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Այդ երկխոսությունը կիրականացնենք տարբեր ծավալներով, տարբեր ֆորմատներով, և մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, հանրային ըմբռնում և հանրային ընկալում ձևավորելը: Խոսքը վերաբերում է ոչ միայն հարկային ոլորտի բարեփոխումներին: Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, այդ բարեփոխումները չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, չմտածված, թելադրված: Դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, մեր առաջադրած խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ բոլորս պետք է այս առումով ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը, և բոլորիս այս աշխատանքն իրականացնելիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն, և, իհարկե, հաջողություն»:


Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով «ԷԿՈՍ» ՓԲԸ-ի մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը: Ընկերությունը նախատեսում է այդ տարածքում մինչև 2043 թ. ներգրավել շուրջ 200 շահագործողի: Սկզբնական շրջանում նախատեսվում է ստեղծել 22 աշխատատեղ, իսկ ընդհանուր առմամբ ԱՏԳ շահագործման արդյունքում կանխատեսվում է 300 նոր աշխատատեղի ստեղծում: Կազմակերպիչը նախատեսում է կատարել մինչև 4 մլն դոլարի ներդրում: Հրազդանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կլինի 4-րդը Հայաստանում:
Վարչապետը հետաքրքրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանն ուղղված քայլերից, ինչին ի պատասխան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծն արդեն ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: «Մենք այնտեղ ունենք 2 տարածք, որոնք պետք է անպայման գերակա հանրային շահ ճանաչելու սկզբունքով տրամադրենք կազմակերպչին՝ որպես պետական սեփականություն: Արդյունքում կկարողանանք սահմանային գոտին ավելի հստակ գծել և շահագործողներին ավելի լավ տարածքներ առաջարկել»,-ասել է նախարարը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է իրականացնել սառնարանային պահեստների կառուցման ներդրումային ծրագիր՝ մասնավորապես, գյուղմթերքի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Ակնկալվում է 3 տարվա ընթացքում ստեղծել 100 նոր աշխատատեղ` 120 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
«ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ կողմից ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման և հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականով հարցը լրացուցիչ ուսումնասիրվել է: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Գործարանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ` 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Օրենսդրական փոփոխությունների արդյունքում էականորեն կբարձրանա ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքների, մասնավորապես՝ ընտրակաշառքի,  քրեականացումը և դրանց համար համարժեք պատժի նախատեսումը, ինչպես նաև մի շարք այլ արարքների համար պատիժների խստացումը թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունն արարքի հանրային վտանգավորությանը, այլև առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները: Բացի այդ, օրենսդրական առաջարկության ընդունմամբ ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները և կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից: Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանան ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար և այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով: Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը և արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձևավորումն էապես մոտեցնելով ժողովրդավարության չափանիշներին:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշել է. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությունն ստանանք գերազանց»:
Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը և (կամ) խորհրդանիշները կամ թեկնածուի անուն, ազգանունը և (կամ) պատկերը բովանդակող և որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները: Վերոնշյալի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշել է. «Ձեր ձևակերպման մեջ ասվում է, որ արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշը կամ թեկնածուի անուն-ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: Մեր «պատմական» փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավարար գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար, կամ պարկի մեջ 3000 դրամ դնելու և կուսակցության նշանով բաժանելու համար: Ձևակերպումը, համենայնդեպս, տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշվի այդ սահմանը: Եկեք չթերագնահատենք մեր ընտրակեղծարարների կրեատիվ միտքը, պարոն Զեյնալյան: Իմ կարծիքով՝ պետք է կոնկրետ նշվի՝ գրիչ, նախընտրական բուկլետ, գլխարկ, շապիկ և այլն, որովհետև այս ձևակերպումը ես մի քանի անգամ կարդացել եմ, և ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ այդ ապրանքները բաժանվեն»: Արծարծված խնդրի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին՝ ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել ներկայացված մտահոգությունները: «Նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության օրակարգից հանվել է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին», «Հիմնադրամների մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված քննարկումը՝ վարչապետը նշել է, որ այդ թեմայով կանցկացվի աշխատանքային քննարկում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:


Երևանի օրն այս տարի կնշվի հոկտեմբերի 20-21-ը

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ և հաշվի առնելով ս.թ. հոկտեմբերի 7-12-ը ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալը, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը և պահանջվող ժամանակը՝ որոշել Երևանի օրը նշել ոչ թե սեպտեմբերի 29-30-ը՝ գագաթնաժողովի կայանալուց առաջ, այլ դրանից հետո՝ հոկտեմբերի 20-21-ը.: Հիմնավորման համաձայն՝ Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակն այս տարի կնշվի մեծ շուքով, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից:


Շարունակվում է շտապ բժշկական օգնության ծառայության նյութատեխնիկական բազայի վերազինումը

Գործադիրն ընդունել է «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին» որոշում: Շտապ օգնության 10 ռեանիմոբիլ` օժանդակ սարքավորումներով հանդերձ, կամրացվի ՀՀ առողջապահության նախարարությանը` հետագայում ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով: ՀՀ մարզերում շտապօգնության ծառայության համաչափ զարգացման նպատակով հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությունը կապահովվի տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց տրանսպորտային միջոցներով:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ այսպիսի կարևոր և անհրաժեշտ աջակցության համար. «Կարծում եմ՝ այս օգնությունը, այսպիսի աջակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մակարդակը և նաև առևտրատնտեսական հարաբերություններըն առաջիկայում էականորեն կզարգանան»:

Ալբանիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունն ընդունել է «Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Արդյունքում՝ Ալբանիայի քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Ըստ հիմնավորման՝ որոշումը կնպաստի զբոսաշրջության խթանմանը, ժողովուրդների փոխճանաչմանը, երկկողմ գործակցության նոր ոլորտների ուրվագծմանը և զարգացմանը: Հիմնավորման համաձայն՝ Ալբանիայի Հանրապետության քաղաքացիները 2010թ. ի վեր ազատված են Շենգեն երկրների մուտքի արտոնագրի պահանջից, ինչը վկայում է, որ այդ երկրից անկանոն միգրացիայի կառավարման քաղաքականությունը համապատասխանում է ԵՄ չափանիշներին: Ալբանիան դեռևս 2013 թ.-ից ազատել է ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի պահանջից:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2014թ. հուլիսի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագրի նպատակն է՝ կողմերի միջև դյուրացնել փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը 2 պետությունների երիտասարդներին, ովքեր մտադիր են մուտք գործել և մնալ կողմերի պետությունների տարածքներում արձակուրդի կամ զբոսաշրջության նպատակով: Յուրաքանչյուր կողմ, իր ազգային օրենսդրության համաձայն, կտրամադրի մյուս կողմի քաղաքացիներին բազմակի մուտքի աշխատանքային արձակուրդային ժամանակավոր մուտքի արտոնագիր, որը վավեր է 3 ամսվա ժամանակահատվածում՝ սկսած տրման ամսաթվից և 12 ամսվա օրինական կեցության համար՝ մյուս կողմի տարածք առաջին անգամ մուտքի օրվանից: Արձակուրդի և աշխատանքի վավերական մուտքի արտոնագիր ունեցող անձինք իրավունք կունենան աշխատել իրենց այցելության 12 ամիսներից 6 ամսվա ընթացքում:
Հավանության է արժանացել նաև 2018թ. փետրվարի 16-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Նկատի ունենալով կենտրոնի հնագիտական ֆոնդում պեղումների արդյունքում կուտակված հսկայական քանակի պատմամշակութային արժեքների վերականգնման հրատապությունը և ճարտարապետական կոթողների լավագույն մեթոդներով վերականգնումն ապահովելու համար նյութաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը՝ նախարարությունն առաջարկել է ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված JICA դրամաշնորհի շրջանակում նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիան:

 

← Վերադառնալ