Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

13.09.2018

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը և բարձր գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական համագործակցության մակարդակը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:

Կողմերն անդրադարձել են կատարել նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների:

 

← Վերադառնալ