Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին
ևս 8 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Էստոնիայի, Իրանի, Լեհաստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպաններին, Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակին, Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչներին:
Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նշված պետությունների, Սուրբ Աթոռի հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, կառավարման համակարգի բարելավմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ կարճ ժամանակահատվածում կառավարությունը լուրջ արդյունքների է հասել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարում, գործարար միջավայրի բարելավման ոլորտում և հավելել, որ բարեփոխումներ են իրականացվում Հարկային օրենսգրքում, որոնք կխթանեն նոր ներդրումային ծրագրերի իրականացումն ու կնպաստեն բիզնեսի հաջող ու արդյունավետ իրականացմանը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է դեսպանների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են մեր երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Հայաստան-Վրաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վերջինիս հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացմանն ու դրանով նախատեսված առաջնահերթություններին, տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը և այլ թեմաների: