Մամլո հաղորդագրություններ
ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահի, Բելգիայի վարչապետի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
ևս 11 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Մոլդովայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ տեղի ունեցող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն կազմակերպության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, այդ թվում` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոլդովայի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է փոխշահավետ ծրագրերի մշակմամբ ու իրականացմամբ:
***
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետը կրկնակի արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում` հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար:
Իր հերթին, Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որգագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
Վարչապետը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին: