Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին
ևս 9 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անունից Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին՝ Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանին, Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տեր Պետրոս Վարդապետ Մանուէլեանին, Կաթողիկոսարանի կենտրոնական վարչության ատենապետներ Ստեփան Տեր Պետրոսեանին և Գրիգոր Մահսէրէճեանին:
Ողջունելով Արամ Ա Կաթողիկոսի անունից Երևան ժամանած պատվիրակության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել այս տարի Անթիլիաս կատարած իր այցը և Վեհափառի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են համահայկական օրակարգին և հայրենիքի զարգացմանը վերաբերող հարցեր:
Կաթողիկոսարանի տնօրեն, ժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է եկել՝ Արամ Ա Կաթողիկոսի անունից Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքի առիթով շնորհավորելու նպատակով: «Սփյուռքի հոգևոր կենտրոնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաև գրավոր պատգամ է հղել և շնորհավորանքներ փոխանցել Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով, որ առաջիկայում նույնպիսի հաջողությամբ կկազմակերպվեն բոլոր այն աշխատանքները, որոնք Ձեր գլխավորությամբ կկարողանան Հայաստանը տանել դեպի նոր բարձունքներ», - ասել է նա և Արամ Ա Կաթողիկոսի գրավոր պատգամը փոխանցել վարչապետի պաշտոնակատարին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ իր ջերմ ողջույնները փոխանցելով Արամ Ա Կաթողիկոսին և Լիբանանի մեր հայրենակիցներին:
Գերաշնորհ Տեր Շահէ Եպիսկոպոս Փանոսեանը նաև տեղեկացրել է, որ եկող տարվա հունվար ամսին նախատեսվում է Արամ Ա Կաթողիկոսի այցելությունը Հայաստան: Վարչապետի պաշտոնակատարն ուրախալի է համարել Վեհափառ Հայրապետի սպասվող այցը, որը լավ հնարավորություն է համահայկական օրակարգին, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերին, հայրենիքի հզորացման հարցերին անդրադարձ կատարելու համար: