Մամլո հաղորդագրություններ

«Մարիոթ Ինթերնեյշնլ»-ը, «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն նախատեսում են նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

23.01.2019

ևս 6 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ:

Ֆորումի երկրորդ օրը ՀՀ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Վարչապետը հավելել է նաև, որ  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը թավշյա հեղափոխության օրերին եղել է մամուլի ասուլիսների և տարբեր հանդիպումների կազմակերպման գլխավոր վայրը:  Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո ներդրումների համար ստեղծվել ու բացվել են լավ հնարավորություններ ու պայմաններ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ քննարկել նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:

Կիրիլ Դմիտրիևը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ իր գլխավորած հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նորանոր նախագծերի կյանքի կոչման քաղաքականությունը: Նա շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված նոր հնարավորությունները` պատրաստվում են քայլեր ձեռնարկել իրենց միջազգային գործընկերներին մեր երկիր ներգրավելու ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
 

← Վերադառնալ