Մամլո հաղորդագրություններ

«ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան

08.02.2019

ևս 2 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որն այսօր կներկայացվի Ազգային ժողով:

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականացվել են խմբագրական աշխատանքներ, առավելագույնս մշակվել են ստացված առաջարկները ծրագրի նախագծում ներառելու համար: «Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն Կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասել է փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի նախագիծի հրապարակումից հետո եղել են որոշակի արձագանքներ, որոնք կառավարությունում աշխատանքային կարգով քննարկվել են:

«Այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը հնարավորություններ ստեղծելն է և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, Հարկային օրենսգիրքը, որը շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում, ինչպես նաև Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:

← Վերադառնալ