Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին
ևս 2 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Անգելիդիսի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Սավաս Անգելիդիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի շարունակական զարգացումը: Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են 2019 թվականի համագործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես, համատեղ ծրագրերում տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններին, կոնկրետ նախագծերի շուրջ քայլերի իրականացմանը, ռազմական կրթության ուղղությամբ տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում ցուցաբերած դիրքորոշումների համար: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և հավելել, որ դրանք կնպաստեն տարբեր ուղղություններով համագործակցության խթանմանը: Վարչապետ Փաշինյանը Սավաս Անգելիդիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: