Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը և միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են թվայնացման ոլորտում համագործակցության ուղղությունները

07.03.2019

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր: Վարչապետի խոսքով՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, և ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը:

Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսվել փորձով և ձեռքբերումներով: Անդրուս Անսիպը, մասնավորապես, ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել և բարձրացնել կառավարման արդյունավետությունը:

Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում ընթացիկ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման և առցանց գործող ծառայությունների շրջանակի ընդլայնման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գործակցության խթանման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները:

Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` մշտական կապի մեջ լինել ԵՄ գործընկերների հետ և համատեղ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում գործակցության ուղղությունների մշակման շուրջ:

← Վերադառնալ