Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքներին
Ես ուզում էի ասել, որ Վիեննայի հանդիպումից հետո՝ Ադրբեջանի նախագահի հետ, ես արդեն հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել եմ, որ դրական եմ գնահատում հանդիպումը և նաև ասել եմ, որ շատ կարևոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք, երբ նախ, հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվողներ, և իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերն իրենց մեկնաբանություններում նախ հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձևով, այսպես ասած, վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն: Ընդհանրապես ես սա շատ կարևոր եմ համարում և նաև մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը, որովհետև, գիտեք, այսպիսի մի, շատ պարզ տեխնիկական և գործնական խնդիր կա: Պատկերացրեք՝ երկու երկրների ղեկավարներ, ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են և ասենք 2 ժամ, մեկ ժամ, կես ժամ, 3 ժամ, էական չէ ինչքան, խոսում, քննարկում են, և հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են և հակառակ են: Համաձայնեք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է, ինչպես Վիեննայում ասել եմ, լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակում մնալ: Ըստ էության՝ սա է պատճառը, որ նաև հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ՝ տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդհանուր առմամբ ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն, ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ: Եվ քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք, ըստ էության, դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, ես հարկ եմ համարում և կարևոր եմ համարում մի քանի պարզաբանումներ մտցնել՝ նաև մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել հրավիրելով այն փաստի վրա, որ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է, այսպես ասած, ինչ-որ ձևով մոռանանք հին և կրկնվող տեքստերը, որոնք արդեն ժամանակի հետ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը: Պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք նաև բանակցային գործընթացում, և սա այն է, ինչ Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջարկում է:
Երեք հիմնական հարցի եմ ուզում անդրադառնալ կամ, ավելի ճիշտ, մեկ հիմնական հարցի՝ վերահաստատել, որ մենք Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, այսինքն՝ այն օրակարգով, ինչ մենք նախանշել էինք մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ ես ասել էի նաև և հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման: Սա ընդամենը բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է: Տեսեք ի՞նչ է տեղի ունենում: Հիմա, օրինակ, երբ ադրբեջանական կողմն ասում է, որ կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, այսինքն՝ նրանք դրանով փորձում են ասել, որ այս բանակցություններում, այս քննարկումներից իրենք հաղթող ենք դուրս եկել: Սա, նախ, ասում եմ՝ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն՝ չփնտրել հաղթողներ և պարտվողներ, և երկրորդը, Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով և Ղարաբաղի մասնակցության հարց դնելով՝ մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատն ընդհանրապես կասկածի տակ չէ, որևէ կասկած չկա այդ ֆորմատի վերաբերյալ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցության հարցը, մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում: Այս առումով մենք, բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Հիմա՝ Վիեննայում արդյոք քննարկվե՞լ է Ղարաբաղի մասնակցության հարցը՝ իհարկե քննարկվել է, արդյոք մենք լրջորեն փաստարկե՞լ ենք այդ տեսակետը՝ իհարկե լրջորեն փաստարկել ենք, արդյոք այս հարցի վերաբերյալ կողմերը եկե՞լ են համաձայնության՝ իհարկե չեն եկել համաձայնության, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ՝ իհարկե ոչ: Սա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է ընդհանրապես բանակցություններն արդյունավետ դարձնելու համար:
Բացի նախկինում հնչած փաստարկներից, ես ուզում եմ ևս մեկ փաստարկ բերել: Տեսեք՝ 1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել նաև, որովհետև մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998 թվականից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998-2018 թվականներին Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության փուլում և ընդհանրապես կարող էին համարվել Ղարաբաղի, եղել են Ղարաբաղի լիդերներ և կարող էին նաև ինչ-որ առումով այդպես համարել: Համենայն դեպս, Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքն այդ բանակցային գործընթացում ներկայացված է: Հետևաբար, մեր փաստարկն ի՞նչ է: Մեր փաստարկն այն է, որ մինչև 1998 թվականը և 1998 թվականից հետո Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին, և հիմա՝ ձեզ հայտնի հանգամանքների բերումով, այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ և Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ստացվում է, որ ահա նոր՝ հիմա, Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Հիմա այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաև Վիեննայում, ավելին է ասվել, և մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա, և ընդամենը ես այսօր չեմ ուզում մանրամասները քննարկել: Ես ընդամենը ուզում եմ ասել, որ, իհարկե, օրակարգի այդ կետն արձանագրվել է և ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում:
Հաջորդ կետը՝ ես ասել էի, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանամ՝ որպես բանակցային գործընթացում նոր մարդ: Արդյոք այդ հարցը բարձրացվե՞լ է՝ իհարկե բարձրացվել է, Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, ինպես նաև համանախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ: Արդյոք այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացվա՞ծ են, և մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք: Ոչ, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են, և մի քննարկման ընթացքում, դժբախտաբար, հնարավոր չէր այդ հարցերի պատասխանները ստանալ: Հիմա ի՞նչ: Ի՞նչ է դա նշանակում: Դդա նշանակում է, որ հետագայում պետք է նաև քննարկվի, և մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ և ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաև մեր արտաքին գործերի նախարարներին և, իհարկե, համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները:
Երրորդ հարցը՝ հանրությունները խաղաղությանը նախապատրաստման առումով: Արդյոք այն հարցը և փաստարկների այն բազան, որի մասին ես խոսել եմ, բերվե՞լ է Վիեննայի քննարկումների ժամանակ՝ իհարկե բերվել է ամբողջ ծավալով: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում, փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով՝ խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարևոր էր, որ համատեղ հայտարարության տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ զինադադարի, հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Արդյոք նշանակո՞ւմ է, որ այս թեմայով մենք արդեն ամեն ինչ արե՞լ ենք: Ոչ, իհարկե, չի նշանակում, բայց նշանակում է, որ այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է, և մենք, ըստ անհրաժեշտության, պետք է առավել մանրամասն քննարկենք, թե էլ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք կամ ընթացիկ իրավիճակն ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին:
Ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ ես նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին իներցիոն տեքստեր, որոնք բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ մենք ունենք բանակցություններում: Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ ունենք բանակցություններում, նոր իրավիճակ ունենք բանակցություններում, նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ ունենք բանակցություններում և նոր ըմբռնումներ ունենք բանակցություններում, և անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Եվ ասում եմ՝ այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն: Երբ Ղարաբաղն ընդգրկվի բանակցային գործընթացում, արդյոք դա կլինի՞ ադրբեջանական կողմի պարտություն: Իհարկե ոչ, որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ և բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից: Եվ, էլի եմ ասում, այս խնդիրը մեզ համար ոչ նախապայման է, ոչ քմահաճույք է: Դա ընդհանրապես, ինչպես Ստեփանակերտում ասեցի, արտահայտում է մեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ, որովհետև մենք ուզում ենք, որ տեքստերը և մեր գործերը 100 տոկոսանոց համապատասխանեն իրար, և եթե մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, իսկ մենք ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, առաջին ամենակարևոր պայմաններից մեկը՝ անել դրա համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական քայլերը, և Ստեփանակերտի օրակարգը մեծ հաշվով հենց դրա մասին է:
Ես այս մեկնաբանություններն անելու անհրաժեշտությունը տեսա՝ Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանությունների ծանոթանալով, որոնք, էլի եմ ասում, ես չեմ ուզում որևէ գնահատական տալ այդ մեկնաբանություններին, պարզապես ուզում եմ, որ մենք բոլորս մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացում, և այդ շրջանակը, ըստ էության, արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մեր արտգործնախարարների համատեղ հայտարարություններում: